«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՆՐԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՏՐՎԱԿ Է ՀԱՐԿԱՎՈՐ»

Բանավիճում են հայ եւ թուրք վերլուծաբանները

Թուրքական հասարակության շուրջ 65 տոկոսը կողմ էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցին Հայաստան: Թուրքական մամուլը վերջին մի քանի ամիսներին ավելի շատ հայանպաստ հոդվածներ է տպագրել, քան նախորդ տասը տարիներին: Տվյալները ներկայացնում է «Եվրոպական կայունություն» հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ, թրքուհիՆիգյար Գյոքսելը: Հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող Նիգյար Գյոքսելը վստահ է, որ երկար սպասված երկխոսությունը երկու պետությունների միջեւ սկսված է: «Երկխոսությունը հարաբերությունների լավացման միակ ճանապարհն է: Թուրքիան այսօր փոփոխվող երկիր է եւ հասարակության մեծ մասը բարեփոխումներ է պահանջում», «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց նա:

ՔաղաքագետՌիչարդ Կիրակոսյանիհամար ակնհայտ է առաջընթացը երկու երկրների հարաբերությունների կայունացման ուղղությամբ: Էականը, սակայն, նրա համոզմամբ, շարունակության ապահովումն է: «Արտգործնախարարների հանդիպումից հետո ակնկալվում է ֆուտբոլային դիվանագիտության հերթական քայլը` նախագահների հանդիպումը Ստամբուլում: Սահմանների բացման հարցում ես բավականին լավատես եմ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան եւս նախաձեռնող է արտաքին հարաբերությունների բարելավման ուղղությամբ», ասաց քաղաքագետը: Ամերիկահայ քաղաքագետը սահմանների բացման հարցում սփյուռքի գործոնը խոչընդոտ չի համարում: Օլիգարխներն այս հարցում շատ ավելի մեծ խոչընդոտ են, վստահ է բանախոսը: «Սահմանների բացումը Հայաստանում տնտեսական նոր իրավիճակ կստեղծի, ինչը չի կարող նպաստավոր լինել մենաշնորհային դիրք ունեցող օլիգարխների համար: Մրցակցային նոր պայմաններին նրանք կարող են եւ չդիմանալ», ընդգծեց նա:

ՔաղաքագետԵրվանդ ԲոզոյանըՌիչարդ Կիրակոսյանի վերոնշյալ հիմնավորումը չի ընդունում: Նրա համոզմամբ, սահմանների բացման դեպքում որոշակի ժամանակի ընթացքում տնտեսվարողները կսովորեն գործել նոր պայմաններում: Նրան առավելապես այլ հարց է անհանգստացնում. «Արտերկրի մամուլում հաճախ է հնչում այն միտքը, որ սահմանների բացումը էական եւ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Սահմանների բացումը նույնքան կարեւոր է նաեւ Թուրքիայի համար: Սահմանների բացումը Թուրքիայի համար այսօր հստակ PR քայլ է դարձել: Սահմանների փակ լինելը մեծ վնաս է հասցնում Թուրքիայի ներկայիս իմիջին: Այդ երկիրը կարծես թե ցանկանում է բացել սահմանները, նրան միայն պատրվակ է հարկավոր», նշեց Երվանդ Բոզոյանը: Միաժամանակ Թուրքիան փորձում է առավելագույն օգուտները կորզել սահմանի բացմամբ` հասնելով որոշակի զիջումների Հայաստանի կողմից: Քաղաքագետը համոզված է` Հայաստանը զիջման որեւէ ընտրություն չունի: «Լեռնային Ղարաբաղի խնդրում զիջման չի կարող գնալ: Արցախն այսօր մեր անվտանգության միակ երաշխիքն է, սա բոլորն են քաջ գիտակցում: Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, ապա Թուրքիան առայժմ տարակուսում է, թե ի վերջո, ի՞նչ նպատակ ունի Հայաստանը ցեղասպանության ճանաչմամբ: Հայաստանում էլ դեռ հստակ չեն պատկերացնում ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնանպատակը: Այս հարցերը կարելի է լուծել միմիայն երկխոսության ճանապարհով», նշեց Երվանդ Բոզոյանը:

Նիգյար Գյոքսելը ներկա ժամանակահատվածում Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորությունն իրատեսական չի համարում: Հետաքրքրություն հասարակության մեջ հարցի նկատմամբ, այնուամենայնիվ, առկա է: Միաժամանակ իր հայ գործընկերներին նա վստահեցնում է, որ Թուրքիայի ձեռնարկած քայլերը հարաբերությունների բարելավման ուղղությամբ ամենեւին էլ PR ակցիա չեն: «Հարեւան երկրների հետ հարաբերությունների բարելավումը թուրքական արտաքին գերատեսչության օրակարգում է: Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում: Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ այսօր շատ ավելի սառն են, քան 5 տարի առաջ: Եթե այդ պետությունների առջեւ այլ կերպ ներկայանալու խնդիր դրված լիներ, ապա Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները կփորձեր բարելավել 5 տարի առաջ», նշեց Նիգյար Գյոքսելը:

Երվանդ Բոզոյանը, սակայն, վստահ է. «Թուրքիան այսօր ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն: 21-րդ դարում գերտերություններն ընկալվում են որպես կայուն եւ կանխատեսելի պետություն: Թուրքիայում բացակայում է միասնական քաղաքական դիրքորոշումը: Կան դրական փոփոխությունների ձգտող մի փոքր շերտ եւ ազգայնական տրամադրություններով մեծամասնություն: Այժմ գնդակը Թուրքիայի դարպասում է: Հայաստանը պատրաստ է հարաբերությունների բարելավմանը»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4