«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


ՍՏԵՂԾԵԼ ԼԻԱՐԺԵՔ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախում ընտրական կարգով ձեւավորվող տեղական ինքնակառավարման ինստիտուտը գործում է 1998 թվականից: Չնայած անցած տասնամյակում այդ ուղղությամբ արդեն որոշակի փորձ ձեռք է բերվել, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը դեռեւս ցանկալի մակարդակի վրա չէ:

Այս մասին արտահայտվել է ԼՂՀ նախագահԲակո Սահակյանըվերջերս ՏԻՄ ղեկավարների հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպման ժամանակ: Նա մասնավորապես ասել է. «Մեր պետության կառավարման համակարգում տեղական ինքնակառավարման մարմինները թույլ օղակներից են, ինչն արտահայտվում է հատկապես վարչական ոլորտում: Բավարար չափով չէ զարգացած կապը ինչպես տեղական, շրջանային եւ հանրապետական մարմինների, այնպես էլ շրջանային կառավարման օղակների միջեւ: Շատ դեպքերում համայնքների ղեկավարները նույնիսկ չեն տիրապետում իրենց ղեկավարած օղակներում տիրող իրավիճակին: Նրանցից ոմանք տեղեկատվություն չունեն անգամ իրենց գյուղերում արտադրվող ապրանքների ծավալների մասին: Զգալի տարբերություններ են լինում ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին նրանց ներկայացրած ցուցանիշների եւ իրական թվերի միջեւ: Հաճախ այդ անհամապատասխանությունը հասնում է մինչեւ 50 տոկոսի: Տեղերում թերանում են նույնիսկ պատշաճ ձեւով վարել տնային տնտեսությունների, բնակչության թվաքանակի եւ այլ կարեւոր ցուցանիշների հիմքը հանդիսացող համայնքի գրանցամատյանները: Այսպիսի վիճակ է նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ բնակչության թիվը չի անցնում մի քանի տասնյակից: Քչերն են գիտակցում, որ համայնքը` իր բոլոր բնութագրիչներով հանդերձ, այն սկզբնական օղակն է, որի վրա խարսխվում է մեր ամբողջ տնտեսությունը», ասել է հանրապետության նախագահը:

Բակո Սահակյանը նաեւ դժգոհություն է հայտնել, որ վարձակալման հիմունքներով հողօգտագործող համայնքի անդամների, ինչպես նաեւ այլ ֆիզիկական անձանց անշարժ գույքի նկատմամբ իրավունքները չեն գրանցվում անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում: Դա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման օրենսդրության պահանջների խախտում է, շեշտել է նա:

Նախագահը եւս մի բացասական երեւույթ է նշել: Ըստ նախագահի, ոչ հազվադեպ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ են ընտրվում այնպիսի անձինք, ովքեր ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ բարոյական տեսակետից չեն համապատասխանում իրենց զբաղեցրած դիրքին: Դրա անցանկալի հետեւանքն այն է, որ պառակտում է առաջացնում համայնքներում եւ ստեղծում անառողջ մթնոլորտ, վտանգում պետական ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի հաջող իրականացումը:

Կարեւորելով ստորին օղակների նախաձեռնության ցուցաբերումը, նախագահն անթույլատրելի է համարել պատասխանատվությունը այլ օղակների, հատկապես վերադասի վրա բարդելու գործելաոճը, որի կապակցությամբ նա նշել է, որ անհրաժեշտ է ավանդույթ դարձնել շրջանների եւ ՏԻՄ ներկայացուցիչների համաժողովների անցկացումը երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, որտեղ պետք է քննարկվեն կատարված աշխատանքների արդյունքները, ներկայացվեն տիրող իրավիճակը, առկա հիմնախնդիրները եւ հետագա անելիքները:

ԼՂՀ-ում համայնքների ավելի քան 95 տոկոսը գյուղական է: Հանրապետության համախառն ներքին արդյունքի զգալի մասը գոյանում է գյուղատնտեսությունից, եւ թեպետ 2008-ի ինն ամսվա արդյունքներով գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ապահովել է շուրջ 40 տոկոս աճ, այնուամենայնիվ նախագահն անբավարար է համարել գյուղատնտեսության ճյուղի կշիռը համախառն ներքին արդյունքում: «Մենք շարունակում ենք հանրապետություն ներկրել սպառվող գյուղմթերքների կեսից ավելին: Եվ դա այն դեպքում, երբ մեզ մոտ առկա են բոլոր հնարավորությունները` ապահովելու ոչ միայն ներքին շուկայի պահանջները, այլեւ դուրս գալու արտաքին շուկա էկոլոգիապես մաքուր եւ մրցունակ արտադրանքով: Այդ հիմնախնդրի լուծման համար պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել գյուղտեխնիկայի եւ կադրերի, ինչպես նաեւ ինտենսիվ կուլտուրաների արտադրության մասնագիտացման հարցերին, ինչը կնպաստի գյուղատնտեսական արտադրության ծավալների կտրուկ աճին: Այս աշխատանքների համակարգման եւ վերահսկման մեջ մեծ է գյուղատնտեսության նախարարության, շրջվարչակազմերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների դերը», ընդգծել է Բակո Սահակյանը: Նախագահն անդրադարձել է նաեւ գյուղական վայրերում ոռոգման, վերամշակող արդյունաբերության, առողջապահության, կրթության եւ մշակույթի բնագավառների զարգացման խնդիրներին: Դրանց շարքում Բակո Սահակյանը հատկանշել է գյուղերի տեղեկատվությամբ ապահովվածության խնդիրը: «ԼՂՀ տարածքում Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերն ամբողջությամբ հեռարձակվում են 118, իսկ մասնակիորեն` 36 գյուղական համայնքներում: 98 համայնքներում մարդիկ ընդհանրապես զրկված են մեր հեռուստածրագրերը դիտելու հնարավորությունից: Սա հանրապետության հիմնական խնդիրներից մեկն է», ասել է նա: Նախագահը հանձնարարել է կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մինչեւ 2009 թվականի վերջը հանրապետության ամբողջ տարածքում Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստաալիքների հեռարձակումն ապահովելու ուղղությամբ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4