«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

ԼՂՀ Ազգային Ժողովն իր հերթական լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց Արցախի պետական խորհրդանիշներիՙ զինանշանի, դրոշի եւ օրհներգի մասին օրենքները: Դրանց ընդունումը հատկանշական է նրանով, որ պետական խորհրդանիշներն այսուհետեւ օրենքի տեսքով են գոյություն ունենալու: Մինչ այդ, դրանք իրավական ուժով գոյություն ունեին 1992-93 թթ. ԼՂՀ Գերագույն խորհրդի ընդունած համապատասխան որոշումներով: Բացի կիրարկելի ձեւերից, տրվել են նաեւ դրոշի ու զինանշանի տեքստային բացատրությունները, այսինքն` թե դրանց վրա առկա յուրաքանչյուր տարր ինչ ստույգ իմաստ ունի:

Առաջին ընթերցումից հետո անցած ժամանակահատվածում, աշխատանքային քննարկումների արդյունքում, խորհրդարանականները վերջնատեսք են տվել դրանց: Մասնավորապես, զինանշանի հեղինակ Լավրենտի Ղալայանի հետ հստակեցվել են զինանշանի բնութագրական նրբերանգները` նկատի առնելով, որ այն սովորաբար օգտագործվում է թե՛ գունավոր եւ թե՛ սեւ-սպիտակ տարբերակներով, վերացվել են անկարեւոր տարրերը:

Նիստում բուռն քննարկումների առիթ է դարձել ԼՂՀ պետական դրոշի հեղինակի ով լինելու հետ կապված հարցը: Եթե օրհներգի եւ զինանշանի հեղինակները հայտնի են եւ շեշտվում են նրանց անունները, ապա ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել, թե իրականում ով է հեղինակել Արցախի պետական դրոշը: Պատգամավորների մի մասը գտնում է, որ եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի վաղամեռիկ նախագահ Արթուր Մկրտչյանի նախագծով, մյուսները պնդում են, թե դրոշի հեղինակը եղել է արտասահմանցի մի հայ նկարիչ:

Առաջարկ եղավ խորհրդակցել նախկին ԳԽ նախագահության անդամների հետ, ճշտել համընդունելի տեսակետը եւ կազմել արձանագրություն, որն էլ կդառնա ԼՂՀ պետական դրոշի հեղինակազորության փաստաթուղթը: Պետական խորհրդանիշների օրենքը չի պարտադրում հեղինակի անվան նշումը, դա ավելի շատ պատմական փաստի վկայագրման նշանակություն ունի: Հուսանք, որ վերջնական ճշտումը կլինի ոչ հեռու ապագայում, իսկ ահա պետական խորհրդանիշների ճիշտ օգտագործումն արդեն բոլորի պարտքն է: Այսուհետեւ անհրաժեշտություն է լինելու խստագույնս պահպանել օրենքով նախատեսված պահանջները, մասնավորապես կապված այն բանի հետ, թե ովքեր իրավունք ունեն դրանք օգտագործելու, ի՞նչ հանգամանքներում, ե՞րբ եւ այլն: Այս հատկանշումը պատահական չէ. լինում են դեպքեր, երբ, ասենք, պետական դրոշի կամ զինանշանի օգտագործումը ոչ մի կապ չի ունենում տվյալ կառույցի կազմակերպած միջոցառման նշանակության հետ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4