Սոցիոլոգները պարզել են հասարակության նախընտրած քաղաքական գործիչներին
Հայաստանյան քաղաքական գործիչներից ո՞ւմ եք ճանաչում: Հարցախույզ անցկացնողներն ակնկալում էին լսել մտքին եկած առաջին պատասխանը: Հանրահայտ քաղաքական գործիչների եռյակը 58 տոկոս արդյունքով գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը, նրան հաջորդում է Արթուր Բաղդասարյանը` 43 տոկոս, իսկ եռյակը եզրափակում է Լեւոն Տեր-Պետրոսյանը` 34 տոկոս:
Հանրային հեռուստաընկերության պատվերով Gallup կազմակերպության արեւելաեվրոպական մասնաճյուղն իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն: Ուսումնասիրության նպատակն էր բարձրացնել Հանրային հեռուստաընկերության լսարանի հետ հաղորդակցման արդյունավետությունը եւ կառուցել ճիշտ կոմունիկացիոն ռազմավարություն: «Նման հետազոտություն առաջին անգամ է իրականացվում տեղական պատվիրատուի նախաձեռնությամբ: Սոցիոլոգիական հարցման ընթացքում կատարվել է քաղաքական գործիչների ընտրազանգվածների համընդհանուր ուսումնասիրություն», հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենԱրմեն Արզումանյանը:
Gallup կազմակերպության արեւելաեվրոպական մասնաճյուղի ներկայացուցիչՌասա Ալիշաուսկիեննշեց, որ ժամանակակից աշխարհում անհնար է որոշումներ ընդունել առանց հասարակության վերաբերմունքը ճշտելու: «Հայաստանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացրած սոցիոլոգիական հետազոտության ընթացքում հարցման ենք ենթարկել 18 տարեկանից բարձր 2000 քաղաքացու», ասաց Ռասա Ալիշաուսկիեն:
Հետազոտողների վստահեցմամբ, հայաստանյան հասարակությունն այսօր բավականին քաղաքականացված է, սակայն նույն քաղաքական գործիչների հետ հնարավոր շփումներ ունեցողների թիվն անհամեմատ փոքր է: Երբ 2000 քաղաքացիներին հետազոտողները հայտնել են քաղաքական գործիչների անունները եւ խնդրել նշել, թե նրանցից ում են ճանաչում, առաջին հորիզոնականը կիսել են Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը 98.5 տոկոսով, այնուհետեւ Արթուր Բաղդասարյանն էր` 98,4 տոկոս: «Ի՞նչ կուսակցություններ գիտեք» հարցին ի պատասխան մարդիկ առաջին հերթին նշել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այնուհետեւ «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանը: «Կուսակցություններին մարդիկ ծանոթ էին առաջին հերթին նրանց լիդերների միջոցով: Երբ տվյալ կուսակցությունից հեռանում է նրա լիդերը, ապա կուսակցությունը կորցնում է իր ընտրազանգվածը: Մարդիկ հետեւում են ոչ թե այդ քաղաքական ուժին, այլ առաջնորդներին: Հայաստանում մարդիկ դժվարությամբ էին նշում, թե կուսակցություններից որոնք են աջակողմյան, ձախակողմյան կամ էլ կենտրոնամետ: Բայց պատճառը ոչ այնքան մարդկանց անտեղյակությունն է, որքան այն, որ կուսակցություններն իրենք չեն հստակեցրել, թե ինչպիսի ուժ են ներկայացնում: Լիդերներին նրանք հիմնականում ճանաչում էին, թեպետ փոքր տոկոսայնությամբ դեպքեր են եղել, երբ նշել են, թե Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստանից» է, իսկ Գագիկ Ծառուկյանը` Հանրապետականից», նշեց Ռասա Ալիշաուսկիեն:
Ու՞մ ձայն կտայիք, եթե հաջորդ կիրակի տեղի ունենային նախագահական ընտրությունները: Հարցվողների 37 տոկոսը նշել է Սերժ Սարգսյանին, 6,5-ըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ 9 տոկոսըՙ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ո՞վ կհաղթեր այդ ընտրություններում: 60 տոկոսը համոզված էր, որ Սերժ Սարգսյանը, իսկ 7-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հավանական ընտրությունների դեպքում 2000 ընտրողներից 71 տոկոսը կմասնակցեր ընտրություններին, 29` ոչ: Գնահատեք քաղաքական գործիչներին 10 բալանոց համակարգով: Սերժ Սարգսյանը ստացել է 6.5 միավոր, Րաֆֆի Հովհաննիսյանը` 5,5, Տիգրան Սարգսյանը` 5,4: Լեւոն Տեր-Պետրոսյանը 6-րդն է` 3,5 միավորով: Նույն համակարգով քաղաքացիները գնահատել են նաեւ կուսակցություններին: Լավագույն եռյակում Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ժառանգությունն» են:
Անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները չեն ասոցացվում հանրապետությունում առկա խնդիրների հետ: Կուսակցությունները պատկերի ձախ հատվածում են, խնդիրներն` աջ: «Զարգացած երկրներում պատկերը ճիշտ հակառակն է: Խնդիրներն ու կուսակցությունները միահյուսված են ներկայանում, քանի որ քաղաքական այդ ուժերն են հասարակության մարտահրավերները լուծողը: Մինչդեռ Հայաստանում այն պատկերն է ստացվում, թե կուսակցությունները զբաղված են ոչ թե պետության խնդիրները լուծելով, այլՙ միմյանց միջեւ ծագող հարցերը», նշեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության եւ մարկետինգի ինստիտուտի տնօրենԳոչա Սկիտիշվիլին:
Սոցիոլոգիական հարցման ընթացքում մասնագետները փորձել են պարզել նաեւ հասարակության վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ: Հարցվողների 47 տոկոսը կարծում է, որ Հայաստանը զգույշ պետք է լինի Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցելիս: 50 տոկոսը գտնում է, որ Թուրքիան Հայաստանի համար կարող է լինել տնտեսական գործընկեր, իսկ քաղաքական դաշնակից լինելուն հավատում է միայն 33 տոկոսը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ