Հովհաննես Հարությունյանի մասին մամուլի հրապարակումներից մեկում այսպիսի մի խորագիր ուշադրությունս գրավեցՙ «Մեռածներին շատ բան են ներում, նույնիսկ նրանց ճշմարտախոսությունը», մահվանից մեկ ամիս առաջ ինքն էր ասել: «Չեխ» Հովիկը... կյանքի արվեստային զգացողությամբ: Ընկերներն ասում ենՙ բոհեմի սիրահար, մտավորական մարդՙ կյանքն իր ծանրությունից (կենցաղից) պոկող, հեգնական, թեք ժպիտով:
91-92 թվականներն էին: Անհասկանալի փոփոխություններից փլուզվող միջավայրում մարդիկ միմյանց սկսել էին դժվար հասկանալ: Հրատարակչությունների աշխատանքները կազմալուծված էին, մի քանի ամիս խմբագրությունը բաժնի վարիչ չուներ: Մի առավոտ ներս մտավ համակրելի, միջին տարիքի, մտավորական կեցվածքով մի մարդ: «Չեխ» Հովիկն էրՙ այդպես էին իրեն կնքել գրական շրջանակներում: Մի քանի ամիս աշխատեց (բաժնի վարիչություն-այդպիսի բան չկար առաջվա մեր ընկալմամբ), գալիս-գնում էր: Ինքը շատ տարբեր էր հրատարակչական այդ խծբծված միջավայրից, իր ներսում ուրիշ մշակույթ, ուրիշ մտածողություն էր կրում: Բարեկիրթ էր, մեղմ, տպավորվել է որպես նյութեղենությունից հեռու, ավելի բարձր, լուսավոր միջավայրի հոգի, բնավ չպարտադրող ու չպարտադրվող, ազատ, ներքին թեթեւություն կրող էություն:
Մահացածների տարիքը չի ավելանում, քառասունյոթը չէր լրացել, երբ կյանքին հրաժեշտ տվեց: Հիմա 60 տարեկան է մերՙ երկրային հաշվումներով: Այստեղ թվերը մատնում են իրենց. ինչ-որ բան ճիշտ չեն «հաշվարկում»: Իմ առջեւ իր մահից հետո գրված մի քանի հոդվածներ են, իր լուսանկարները, որ դուստրըՙ Մարիամն է ուղարկելՙ համակրելի ժպիտ, խոսուն հայացք, ներքին թեթեւություն:
Գրողների միությունում ընկերներիՙ Հրաչյա Թամրազյանի, Վան Արյանի, Մեսրոպ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հրաչյա Սարուխանի, Ռուբեն Հախվերդյանի, Հովհաննես Գրիգորյանի, Ալեքսանդր Բոժկոյի, Արեւշատ Ավագյանի, Արթուր Անդրանիկյանի, Վանուշ Շերմազանյանի շնորհիվ իրեն բնորոշ մթնոլորտ էր ստեղծվել, հիշել էին ծննդյան օրը, վերապրել կորստի ցավը: Հավուր պատշաճի խոսքեր չեն հնչել, եղել են նրանք, որոնց համար թանկ են անցյալի հիշողությունը, ու այդ հիշողությունը վերածել են օրվա իրականությանՙ զգացնել տալով իրենց ընկերոջ ներկայությունը: Գրչակից կամ բոհեմի իր ընկերները Չեխ Հովիկին ընդունելի, մտերիմ կերպար են տվելՙ որպես կյանքը գրականության մեջ ապրող եւ գրականությունըՙ կյանքի, որոնող, պրպտող, անհանգիստ մարդու: Ինքը թարգմանիչ էր, թարգմանիչներն առհասարակ կապավորի դեր ունեն տարբեր մշակույթների միջեւ: Հովհաննես Հարությունյանը հայ եւ չեխ ժողովուրդների մշակութային կապավորի դերն էր ստանձնել: Կրթությամբ բանասեր էր, Երեւանի պետհամալսարանի շրջանավարտ: Չեխերեն սովորել էր համալսարանական տարիներին, այն ընտրելով որպես սլավոնական երկրորդ լեզուՙ 1968-ի Պրահայում տեղի ունեցածի տպավորությամբ: Հետագայում ուսումը շարունակել էր Կիեւի եւ Պրահայի համալսարաններում: Չեխական գրականությունը հայերեն թարգմանելը, հայկական միջավայրին ծանոթանալը դարձնելով կյանքի գործ, արել է դա նվիրումով ու սիրով: Առաջին անգամ բնագրից հայերեն է թարգմանել չեխ եւ սլովակ շատ գրողներիՙ Յարոսլավ Հաշեկ, Իրժի Շոտոլա, Յոզեֆ Մինարեկ, Միրոսլավ Ֆլորիան, Միլան Գունդելա, մտավորական բազմաթիվ կապեր, հարաբերություններ է ստեղծել Չեխիայում, տպագրել հոդվածներՙ մեր արվեստագետներին ներկայացնող, թողարկել ձայներիզներ: Այդ երկրում նա, ինչպես ասում են, տանու մարդ էր, հարազատ, այնտեղ նրան սիրում ու գնահատում էին, այնպես ինչպես Լյուդմիլա Մոտալովայինՙ Հայաստանում:
1983-ին Հովհաննես Հարությունյանն արժանանում է Չեխիայի մշակույթի նախարարության Հաշեկի անվան մրցանակին: Իր հուշերում բանաստեղծ, լրագրող Պետր Կովարժիկը Հովհաննես Հարությունյանին ներկայացնում է որպես մի մարդու, որ իր շուրջը կարողանում էր հավաքել տարբեր ազգերի մարդկանց. «Հովիկի շնորհիվ մենք ծանոթացանք տարբեր բոհեմիստների հետՙ Իտալիայից, Ֆրանսիայից, այլ երկրներից: Հաճախ էր լինում Չեխիայում, իսկ 1983 թվականին մասնակցեց ու փայլուն ելույթ ունեցավ Հաշեկի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում», գրում է նա Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրում:
«80-ականներին որոշ ուշադրություն կար Մեղրու շրջանի նկատմամբ, պատմում է արձակագիր Մեսրոպ Հարությունյանը, դրա դրսեւորումներից մեկը գրողների միության Մեղրու բաժանմունքի ստեղծումն էր: Պատասխանատու քարտուղար նշանակվեց Հովհաննես Հարությունյանը: Ընտանիքով տեղափոխվեց Մեղրի, աշխատեց 3-4 տարի: Իր շուրջը հավաքեց Մեղրու ստեղծագործողներին, քննարկումներ էինք անում, գրական էջեր տպագրում: Այդ տարիներին սկսեց Մեշա Սելիմովիչի «Դերվիշը եւ մահը» վեպի թարգմանությունը: Առհասարակ սլավոնական լեզուները (գիտեր նաեւ ուկրաիներեն, խորվաթերեն) նրան հեշտ էին տրվում: Վեպիՙ «Թարգմանչի կողմից» վերջաբանում գրում է, թե վեպը մի մարդու մասին է, որը «ոչ զգայուն հերոս է, ոչ էլ հարյուր տոկոսանոց զոհ, ոչ կատարելապես բարի է, ոչ էլ միանշանակորեն չար, այլ պարզապես մարդ է», այս տողերը, կարծես իր մասին լինեն. շատ բնութագրական են: Ինքը իրադարձություններին համընթաց գնացող մարդ էր, կարող էր ոգեւորվել, հետո միանգամից դեպրեսիայի մեջ ընկնել: Որեւէ շրջապատում հայտնվելիսՙ դառնում էր կենտրոն, իր շուրջն էր հավաքում մյուսներին, շատ հեշտ էր բարեկամություն ստեղծում, մտերմանում:
30-ականներին ռուսերենից թարգմանված Հաշեկի «Քաջարի զինվորի արկածները» երազում էր նորից թարգմանել, ասում էրՙ Հաշեկը գրել է Պրահայի խոսակցական լեզվով, ես պիտի երեւանյան ժարգոնով թարգմանեմ. չհասցրեց:
Լյուդմիլա Մոտալովայի մասին մի հաղորդում էր պատրաստել. ներկայացրել էր նրան այնպես, ինչպես Պրահայում իրեն տեսել, ինչպես ճանաչում էր: Հետո բողոքի, հայհոյախառն կեղծ հայրենասիրական զանգեր էր ստացել, թե ինչու է մեր ազգի բարեկամին այդպես ներկայացրել: Իրեն ամենից բնորոշը չթաքցնելը, կեղծ, սարքովի բաներ չասելն էր, բացահայտել երեւույթի, անձի էությունը, իրականՙ ինչպես կա»:
«Դերվիշն ու մահը» վեպը խորագրային եւ իմաստային առումով իր համար ճակատագրական էր: «Մարդըՙ անգունազարդ, հիմքից ցնցված եւ հետագայում մահվան դատապարտվող, բայց միաժամանակ խռովարար ու որոնող մարդը, որը զրկված է իրավունքից ու ելքից, կարող է մահվան ու կյանքի անիմաստության գաղափարի միջով ջանք թափել առավելագույնս կայանալու եւ իր վերջը մարդկայնորեն ապրելու համար, եթե չի հանձնվում նախօրոք, եւ եթե ապարդյուն պայքարում փորձում է հնարավորին չափ երկար պահել սեփական խղճի առավելությունը», սա մի հատված է վեպից:
Կյանքի անհաստատուն ճանապարհին մարդու համար ամենաբարդն ու որոշիչը սեփական դիմագիծը պահպանելն է, իրական, ոչ թվացյալ սեփական աչքերին... Դա հենց այդ «սեփական խղճի առավելությունը պահպանելն է, դիմադրելը, որ հոգեւոր մակարդակում լինել-չլինելու կարեւորություն ու նշանակություն ունի: Այդպես գրում են Հովհաննես Հարությունյանի մասին, մարդ, որ «չէր հանձնվում ու չհանձնվեց», «փորձում էր երկար պահել սեփական խղճի առավելությունը մեր այսօրվա կյանքի մանր ու ճղճիմ կրքերի, անիմաստ վեճերի, «հանուն գաղափարի» ընկերներին դավաճանողների բարոյականության, հոգեւոր անկման նկատմամբ» («Հայաստանի Հանրապետություն», 27 հունիս, 1995):
Այդպես է: Մարդկային կրքերի ու թուլությունների հորձանուտ հեղեղատում լուսակիր ուժերի կարիքն առավել սուր է զգացվում. նրանք էլ գնալով քչանում են, իսկ հեռանալուց հետո դատարկությունն անլցնելի մի տարածություն, անդունդ է բացում շարունակվող օրերի ու հիշողության միջեւ:
«Հովիկը պայծառ, լիարյուն կերպար էր ոչ միայն մեր գրական կյանքում, այլեւ մայրաքաղաքում: Այն եզակիներից էր, որ ձուլվում են քաղաքի կենսագրությանը, եւ որոնց հեռանալուց հետո աղքատանում է քաղաքն ինքը, ու թվում էՙ դատարկվում են նրա երկար ու ձիգ մայթերն ու փողոցները: Ճակատագրի խաչուղիները կուլ են գնում անհայտությանը եւ բոլորին չգոյության սարսուռն է պատում:
Մեծ, շատ մեծ են անցած տարիների մեր կորուստները, ես նրանցով աշխարհ կկառուցեի, որտեղ կցանկանայի ապրել, քանի որ հարազատ մարդկանցից շատերն այնտեղ են, նրանց շնորհիվ մի պահ ճառագում է մտապատկերում ապակե քաղաքի հայտնութենական պատկերը, որ ցոլարձակում է մաքուր հոգիներում, եւ ուր բյուրեղանում են մեր բաղձանքները»: (Հրաչյա Թամրազյան, «Գրական թերթ», 14 նոյեմբեր, 2008):
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Հովհաննես Հարությունյան
Գործՙ Ռուդոլֆ Խաչատրյանի (1978)