Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, ինչպես եւ երկու տարի առաջ Թուրինում, գերազանց հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը մասնակիցների մեջ ցույց տվեց բացարձակ լավագույն արդյունքը: 11 հանդիպումներում Գաբրիելը վաստակեց 9 միավոր, իսկ նրա վարկանիշն օլիմպիադայում ամենաբարձրն էր (2869): Գաբրիելն իր վճռորոշ խոսքն ասաց հատկապես Ռուսաստանի եւ Հոլանդիայի հավաքականների հետ մրցավեճում: Հենց նրա տոնած հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականին հաջողվեց շահել այդ մրցախաղերը: Գաբրիելի ցուցանիշը լավագույնն է բնականաբար 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ, որի համար նա արժանացավ ոսկե մեդալի: Գաբրիելը 11 պարտիաներում անպարտելի մնացՙ տոնելով 7 հաղթանակ, 4-ն ավարտելով ոչ-ոքի:
Իր բարձր վարպետությունը դրսեւորեց նաեւ Վլադիմիր Հակոբյանըՙ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր: Հակոբյանը եւս անպարտելի մնացՙ տոնելով 5 հաղթանակ, 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Տիգրան Պետրոսյանն էլ 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (5 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 1 պարտություն): Որոշ չափով համեստ էր Լեւոն Արոնյանի արդյունքըՙ 10 հնարավորից 5,5 միավոր: Բայց պետք է հաշվի առնել, որ Լեւոնը խաղում էր էլիտար գրոսմայստերների դեմ, որոնց մեծամասնության գործակիցը 2700-ից բարձր էր: Արոնյանը տոնեց 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտվեց: Նշենք, որ Արոնյանի մրցակիցներ Վասիլի Իվանչուկը, Թեյմուր Ռաջաբովը, Վլադիմիր Կրամնիկը, Էթիեն Բաքրոն, Բորիս Գելֆանդը եւ Յու Վանգն օլիմպիադայի ընթացքում 2700-ից բարձր անհատական վարկանիշ ունեին: Արտաշես Մինասյանը մասնակցեց միայն մեկ մրցախաղի եւ հաղթանակ տոնեց:
Դրեզդենում վստահ խաղացին նաեւ մեր շախմատիստուհիները: Այստեղ էլ թիմի առաջատարը Լիլիթ Մկրտչյանն էր, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նա տոնեց 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն: Երկրորդ ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանըՙ 6,5 միավոր 10 հնարավորից (6 հաղթանակ, մեկ ոչ-ոքի, 3 պարտություն): Նելլի Աղինյանն ու Էլինա Դանիելյանը վաստակեցին 5,5-ական միավոր: Ընդ որում, Նելլին անցկացրել էր 9 խաղ, Էլինանՙ 10: 4 պարտիա անցկացրեց Սիրանուշ Անդրեասյանը, որը վաստակեց 2,5 միավորՙ չկրելով ոչ մի պարտություն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ