«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2008-11-26 | #220, 2008-11-27 | #221, 2008-11-28


ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ ԱՄՆ-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց հավաքականների բրոնզե մրցանակակիր դառնալուն նպաստեցին նաեւ հայ շախմատիստները: Տղամարդկանց հավաքականում 4-րդ խաղատախտակի վրա հայտավորված էր Վարուժան Հակոբյանը: Նա ծնվել է Երեւանում, ժամանակին հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականում Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի հետ: Հայ գրոսմայստերն օլիմպիադայում անցկացրեց 6 պարտիաՙ թիմին պարգեւելով 4 միավոր (4 հաղթանակ, 2 պարտություն):

ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը գլխավորում էր Գատա Կամսկին: Թիմի կազմում էին նաեւ ճապոնացի Հիկարու Նակամուրան եւ նախկին ռուսաստանցի Ալեքսանդր Օնիշչուկը, որոնք 10 հնարավորից 6,5-ական միավոր վաստակեցին: Յուրի Շուլմանն էլ Գատա Կամսկու պես ժամանակին մեկնել է ԱՄՆ:

ԱՄՆ-ի կանանց հավաքականի կազմում բրոնզե պարգեւների արժանացան Տաթեւ Աբրահամյանն ու Կատերինա Ռոհոնյանը: Տաթեւը եւս ծնվել է Երեւանում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ: Նա մասնակցեց ընդամենը 3 մրցախաղիՙ վաստակելով 1 միավոր (2 ոչ-ոքի, մեկ պարտություն): Կատերինա Ռոհոնյանը թիմի հիմնական խաղացողներից էր եւ հանդես եկավ 4-րդ խաղատախտակի վրա: Նա 10 հնարավորից վաստակեց 6 միավոր (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն): Ընդհանրապես, ԱՄՆ-ի հավաքականն ինտերնացիոնալ թիմ էր, որտեղ հիմնականում հանդես եկան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շախմատիստները: Թիմում լավագույն արդյունքը ցույց տվեց վրաց շախմատիստուհի Ռուսուդան Գոլեթիանին (9 միավորՙ 11 հնարավորից): Թիմի առաջատարն Իրինա Կրաշն էր, որը 10 հնարավորից 6,5 միավոր պարգեւեց ամերիկուհիներին:

Բացի նշված հայ շախմատիստներից, եւս երեքը հանդես եկան տարբեր թիմերում: Սլովակիայի հավաքականը գլխավորում էր Սերգեյ Մովսիսյանը, որը բավական լավ հանդես եկավՙ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Ընդ որում, նա անպարտելի մնաց: Վրաստանի հավաքականում էլ 4-րդ խաղատախտակի վրա խաղաց Դավիթ Հարությունյանը: Նա 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Լիբանանի կանանց հավաքականում էր Սյուզան Մուրադյանը, որը խաղում էր 3-րդ խաղատախտակի վրա: Նա թույլ հանդես եկավՙ 11 հնարավորից վաստակելով 3,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4