«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2008-11-27 | #221, 2008-11-28 | #222, 2008-11-29


ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՔԻՆԴԵՐՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պայմաններում, երբ հայրենի եւ արտասահմանյան գրականությունն ու մամուլը լի են աշխարհաքաղաքականության մասին հոդվածներով եւ գրքերով, արժե առավել խորությամբ ուսումնասիրել այս տեսությունըՙ հասկանալու համար նրա ոչ միայն տեսական եւ պատմական արմատները, այլեւ այն ազդեցությունը, որն ունեցել է եւ ունի ներկայումս ընթացող քաղաքական զարգացումների վրա աշխարհում եւ մեր տարածաշրջանում մասնավորապես: Եվ այսպես, թերեւս առաջին հարցը` ի՞նչ է աշխարհաքաղաքականությունը: Դասական իմաստով, դա քաղաքական վերլուծության մեթոդոլոգիա է, որը բավականին տարածված էր անցյալ դարի առաջին կեսին Եվրոպայում եւ շեշտում էր աշխարհագրական դիրքի կարեւորությունն ու առանցքային նշանակությունը պետությունների զարգացման եւ միջազգային հարաբերությունների կարգավորման գործում:

Այս տեսության հիմնադիր հայրերից է համարվում Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Հալֆորդ Ջոն Մաքինդերը, որը 1904-ին հրատարակեց իր հայտնի «Պատմության աշխարհագրական առանցքը» գիրքը, որտեղ առաջ քաշեց աշխարհագրական դիրքի կարեւորությունն ու ազդեցությունը այդ տարածքները բնակեցնող ազգերի զարգացման պատմական ընթացքի վրա եւ այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն տարածելու կարեւորությունը: Ըստ Մաքինդերի, ծովային (Մեծ Բրիտանիա) եւ ցամաքային (Ռուսաստան) կայսրությունների պայքարում առավելությունը ստանում են ցամաքային տերություններն այն պատճառով, որ վերահսկելով հսկայական տարածքներ Եվրոպայում եւ հատկապես Ասիայում, հնարավորություն են ստանում իրար հետ կապելու այս տարածքները երկաթուղու միջոցով, այսպիսով լուրջ մրցակցության մեջ մտնելով արեւմուտքը արեւելքի հետ կապող ծովային ուղիների նկատմամբ, որոնք, ինչպես հայտնի է, վերահսկում էր Բրիտանական կայսրությունը: Նկատենք, որ մինչ այդ աշխարհագրության եւ դրա կապը պատմական զարգացումների հետ տեսության կողմնակիցները կարծում էին, որ այս պայքարում առավելությունը ծովային կայսրություններինն է: Սակայն Մաքինդերը կարծում էր, որ ծովային հայտնագործությունների ավարտից հետո (վերջինս այն անվանում էր «կոլումբոսյան դարաշրջանի ավարտ» կամ «հետկոլումբոսյան ժամանակաշրջան», երբ աշխարհի քարտեզը պարզ է եւ հայտնաբերելու համար նոր մայրցամաքներ այլեւս չկան) սկսվում է ծովային կայսրությունների ավարտը: Ըստ Մաքինդերի, աշխարհի ներկա քարտեզը հուշում է, որ երկրագնդի կենտրոնը Եվրասիա մայրցամաքն է, եւ հենց այս առանցքի շուրջն էլ հետագայում կծավալվի ողջ պայքարը տերությունների միջեւ:

1919-ին, Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, Մաքինդերը առաջ է քաշում կարծիք, որ պայքարը Եվրասիա կենտրոնում վերահսկողություն սահմանելու համար կծավալվի Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ: Ինչեւէ, Մաքինդերի այս աշխատության հրատարակությունը շատերը համարում են աշխարհաքաղաքականություն տեսության տարածման սկիզբը, թեեւ ինքը` Հալֆորդ Ջոն Մաքինդերն այդ տերմինը չէր օգտագործում: Հետագայում հայտնվեցին նրա տեսության հարյուրավոր հետեւորդներ, որոնց համար մաքինդերյան բացահայտումները դրեցին նոր տեսության` աշխարհաքաղաքականության զարգացման եւ տարածման սկիզբը:

Աշխարհաքաղաքականություն (geopolitics) տերմինը շրջանառության մեջ առաջին անգամ մտավ 1916-ին, այս բառեզրի ստեղծողը համարվում է շվեդ հայտնի քաղաքագետ Ռուդոլֆ Չելենը, որն այդ տարի հրատարակեց իր «Պետությունը որպես մարմին» գիրքը: Հետագայում այս տերմինը սկսեց ակտիվորեն օգտագործել մաքինդերյան տեսության ակտիվ կողմնակից, գերմանացի հայտնի գիտնական Կարլ Հաշոֆերը: Վերջինս 1922-ին Մյունխենում հիմնեց «Աշխարհաքաղաքականություն» կոչվող հայտնի ինստիտուտը, որը զբաղվում էր այս տեսության ուսումնասիրմամբ: Նա, ինչպես եւ Մաքինդերը, ընդունում էր Եվրասիա մայրցամաքի կարեւորությունը համաշխարհային տիրապետության հաստատման գործում եւ գտնում էր, որ նա, ով կիշխի այդ մայրցամաքում, կտիրապետի ողջ աշխարհում: 1919-ին Մաքինդերը հրատարակում է իր երկրորդ աշխատանքը աշխարհաքաղաքականության մասին` «Ժողովրդավարական իդեալները եւ իրականությունը» գրքում վերջնական ձեւակերպում է ստանում նրա հայտնի «Սիրտ հողի (Heartland)» տեսությունը:

Who rules East Europe commands the Heartland;

Who rules the heartland commands the World Island;

Who rules the World Island commands the World (Mackinder, 1919).

Համաձայն այս տեսության, «նա ով վերահսկում է Արեւելյան Եվրոպան, նա էլ վերահսկում է Սիրտ հողը, նա, ով վերահսկում է Սիրտ հողը, նա էլ վերահսկում է համաշխարհային կղզին` Եվրասիա մայրցամաքը, իսկ նա, ով վերահսկում է համաշխարհային կղզին, նա էլ ղեկավարում է աշխարհը»: Այսինքն` ասելով Սիրտ հող, Մաքինդերը նկատի ուներ ժամանակակից Արեւելյան Եվրոպան եւ Ռուսաստանի եվրոպական մասը: Ըստ նրա, Սիրտ հողի շուրջը տեղադրված է ներքին գիծը, որի մեջ մտնում են Եվրոպան, Արաբական թերակղզին եւ Հնդկաչինը: Իսկ սրա շուրջըՙ «ծայրամասային շրջանը», Ամերիկան, Աֆրիկան եւ Օկինավան: Մաքինդերը ԱՄՆ-ը նույնպես համարում էր ծայրամաս, որը էական դեր չի խաղում համաշխարհային մրցապայքարում: Ավելի ուշ Հալֆորդ Ջոն Մաքինդերը վերանայում է իր տեսակետը, եւ 1943-ին լույս է տեսնում աշխարհաքաղաքականության մասին նրա վերջին աշխատանքը` «Երկրագունդը եւ խաղաղությունը»: Այստեղ նա արդեն էականորեն փոխում է իր տեսակետը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ կարծիք է հայտնում, որ հետագա պայքարը կընթանա ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Նա վերանայում է իր տեսության որոշ դրույթներ եւ քաղաքական նոր առանցք է առաջ քաշում` հանձին ԱՄՆ-ի, կարծիք հայտնելով, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հենց այս երկիրն է դառնալու համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատարներից մեկը: Նա նաեւ կարծիք է հայտնում երկբեւեռ աշխարհաքաղաքական համակարգի ձեւավորման հնարավորության եւ քաղաքական նոր դաշինքների ստեղծման մասին: Հալֆորդ Ջոն Մաքինդերին շատերը համարում են նաեւ Ատլանտիզմի տեսության հիմնադիրներից մեկը:

Եղել են ժամանակներ, երբ մաքինդերյան տեսությունը մոռացության է մատնվել, սակայն եղել են նաեւ դրա հետեւորդները եւ այդ տեսության զարգացման կողմնակիցները: Շատերը նույնիսկ կարծում են, որ Ադոլֆ Հիտլերի որոշումըՙ շարժվել դեպի Արեւելյան Եվրոպա եւ ներխուժել ԽՍՀՄ, նույնպես կապված էր այս տեսության եւ նրա հիմնական կողմնակիցներից մեկի` Հաշոֆերի աշխատանքների հետ, որը, ինչպես եւ Մաքինդերը, կարծում էր, թե նա, ով վերահսկում է Արեւելյան Եվրոպան` Սիրտ հողը, վերահսկում է ողջ աշխարհը:

Մաքինդերյան հայտնի տեսության երկրորդ ծնունդը կապված է ԽՍՀՄ-ի քայքայման հետ, երբ պայքարը Կենտրոնական Եվրասիայի համար նոր թափ ստացավ եւ Արեւմուտքի ուշադրությունը սեւեռվեց ոչ միայն Արեւելյան Եվրոպայի, այլեւ նավթով ու գազով հարուստ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ավազանի եւ այդ տարածաշրջանների դարպասը համարվող Հարավային Կովկասի նկատմամբ: Այս տարածաշրջանները դարձան ռուս- ամերիկյան մրցակցության նոր թատերաբեմ, որոնց պայքարում դանդաղ համառությամբ իր ներկայությունն է նախանշում նաեւ Չինաստանը:

Արեւմուտքում եւ հատկապես ԱՄՆ-ում աճել է քաղաքագետների, տեսաբանների եւ վերլուծաբանների մի ամբողջ սերունդ, որոնց համար բրիտանացի հայտնի տեսաբան, աշխարհագրագետ եւ պատմաբան Հալֆորդ Ջոն Մաքինդերի Heartland-ի տեսությունը դարձել է սեղանի դասագիրք: Դեպի այս տարածաշրջան շարժվելու եւ վերահսկելու գաղափարը մշակում էին Սպիտակ տան արտաքին քաղաքականության վրա հզոր ազդեցություն ունեցող քաղաքագետներ եւ վերլուծաբաններ, ինչպես Զբիգնեւ Բժեզինսկին իր հայտնի «Շախմատային մեծ խաղադաշտ» գրքով, Լյուիս Լիբին` ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը, Պոլ Վուլֆովիցը` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի նախկին տեղակալը եւ այլք: Այսինքն` դեպի այս տարածաշրջան շարժվելու համար կար տեսական հիմք, որն «ապացուցում եւ արդարացնում» էր այդ քայլի անհրաժեշտությունը ԱՄՆ-ի` որպես թիվ 1 գերտերության պահպանման եւ հզորացման, ինչպես նաեւ նոր գերտերությունների հայտնվելուն խոչընդոտելու համար:

Ինչեւէ, մաքինդերյան աշխարհաքաղաքականությունն ընդամենը տեսական այն հիմքերից մեկն է, որն ազդել է Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի քաղաքական մտքի ձեւավորման վրա եւ ստեղծել տեսաբանների մի ամբողջ սերունդ, որոնց գործունեությունն էլ հանգեցրել է ԱՄՆ-ի ներկա արտաքին քաղաքականության ձեւավորմանը: Նկատեմ, որ այս տեսության ազդեցությունը ուժեղ է նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի քաղաքական ու փորձագիտական դպրոցների վրա, հետեւաբար «Սիրտ հող-Heartland»-ի ազդեցությունը դեռ շարունակում է ուժեղ մնալ քաղաքական վերլուծական նոր դպրոցների վրա:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4