«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2008-11-27 | #221, 2008-11-28 | #222, 2008-11-29


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀՀ-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ

Գլխավոր դատախազը կոչ է անում մանր ձկներով բռնել մեծերին

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում դատարանները դատապարտել են 23 քրեական գործով 28 անձի, ապա հաշվետու տարվա միայն 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 57 քրեական գործ 75 անձի վերաբերյալ, որոնցից 57-ը եղել են պաշտոնատար:

Ցուցանիշը 9 ամսվա կտրվածքով առավել բարձր է, օրինակ, Լոռու մարզում` նախապատրաստվել է 26 նյութ, որից հարուցվել է նույնքան քրեական գործ, Արմավիրի մարզում 33 նախապատրաստված նյութերից հարուցվել է 17 քրեական գործ, Շիրակում 19 նյութից հարուցվել է 10 քրեական գործ, Կոտայքում 12 նյութից` 12 քրեական գործ, պայքարի ակտիվացման միտումը նկատելի է նաեւ Արարատի, Արագածոտնի մարզերում եւ այլն:

Երեկ ՀՀ դատախազությունում «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով խորհրդակցություն էր:

Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մասնակիցներից ցանկացավ լսել ոչ թե գովասանք, այլ արված, իսկ ավելի շատ` չարված աշխատանքների հաշվետվություն:

Գլխավոր դատախազությունը մինչ այժմ չունի տվյալներ, թե հանրապետության մի քանի մարզերում ու մայրաքաղաքի մի քանի համայնքներում, ինչպես են պայքարում կոռուպցիայի դեմ: Լոռու մարզը երեւույթի բացահայտման գործում առաջատարն է հանրապետությունում, մինչ այժմ նման 32 դեպք է բացահայտվել, 12 քրեական գործ էլ հարուցվել է Արմավիրում: Սյունիքում այս տարվա ընթացքում բացահայտվել է ընդամենը երկու, Վայոց ձորում էլ` չորս դեպք, նույն պատկերն է նաեւ մայրաքաղաքի մի շարք համայնքներում:

Հանրապետության գլխավոր դատախազի կարծիքով` պայքարի բացահայտումն առավել արդյունավետ է այն վայրերում, որտեղ քննադատության են ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցները: Վերը նշված մարզերի համապատասխան ստորաբաժանումների աշխատանքներից հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դժգոհ է:

Ինչո՞ւ պայքարը չի տալիս համապատասխան արդյունք: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կարծիքովՙ օրենքն այնքան «ծակուծուկ» ունի, որ սուբյեկտիվ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում:

Այն, որ օրենսդրական դաշտում թերությունները շատ են, տեղյակ է նաեւ արդարադատության նախարարԳեւորգ Դանիելյանը: Նրա կարծիքով, արդյունավետ աշխատելու համար պետք է դատախազությանը ստուգումներ անցկացնելու լայն հնարավորություններ տրվեն:

Հրապարակայնության մատչելիության ապահովումը եւս կարեւոր է Գեւորգ Դանիելյանի համար:

«Հայաստանի զարգացման ներկա փուլում կոռուպցիայի գերիշխող տեսակների գնահատականները վկայում են, որ Հայաստանը բարենպաստ դիրքերում է գտնվում ԱՊՀ երկրների շարքում, փոխարենը զիջում է Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան երկրների կոռուպցիայի ընդհանուր մակարդակի համապատասխան ցուցանիշերին», սա հանրապետության նախագահի օգնական, հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահԳեւորգ Կոստանդյանիկարծիքն է:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետԳագիկ Համբարձումյանըփաստեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում անելիքները շատ են:

Համապատասխան մարմինները հավաստիացնում են` իրենք ամեն ինչ անում են կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար: Մինչդեռ «պայքարի արդյունավետություն» ասվածը դեռեւս հեռու է արդյունավետ լինելուց:

Օրինակ, խորհրդակցությանը ներկա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազԳ. ԽաչիկյանիցԱղվան Հովսեփյանը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ ոչ մի կոռուպցիոն բնույթի հանցագործություն չի հայտնաբերվել համայնքում: Դատախազ Խաչիկյանի խոսքերով, իրոք, 2008-ի առաջին կիսամյակում Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն համայնքների դատախազությունում կոռուպցիոն բնույթի ոչ մի հանցագործություն չի արձանագրվել: Միայն 6 նյութ է նախապատրաստվել տարածքի մարմիններում, որոնցից երեքով հարուցվել է քրեական գործ. երկուսը` հատուկ քննչական ծառայությունում, մեկն էլ` դատախազությունում:

«Ընդունում եմ, որ այդ ցուցանիշները նույնպես չեն արտահայտում տարածքում եղած իրական վիճակը», ասում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազն ու հավելում, որ ստուգող, վերստուգող մարմինները կենտրոնացված են: Կենտրոնացված են նաեւ այն մարմինները, որոնք օպերատիվ փնտրողական գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեն:

«Մենք դեռեւս չենք կարողացել մշակել այնպիսի հստակ մեխանիզմներ, որտեղ արտահայտված կլինեն, թե կոնկրետ գերատեսչական կառույցներից ի՞նչ է պահանջվում անել, ո՞ր բնագավառներում եւ ի՞նչ լծակների օգտագործմամբ», նկատում է Գ. Խաչիկյանը: Դատախազ Խաչիկյանի կարծիքով, մարզերը եւ Երեւան քաղաքի համայնքները իրար հետ պետք է խիստ վերապահումով համեմատել: Վերջինս նշում է, թե Երեւանի համայնքներում կոռուպցիոն ռիսկեր ունեցող մարմինները քիչ են եւ համեմատելի չեն մարզերի հետ:

«Մեր մարզերը տասնյակ, հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմիններ են սպասարկում: Խոսքը վերաբերում է գյուղապետարաններին, մյուս կառույցներին, որտեղ հիմնականում կոռուպցիոն հանցագործությունները բացահայտվել են: Եթե գյուղական համայնքն ունի գույքը տնօրինելու լիազորություն, ապա թաղապետարանները նման լիազորություններ չունեն: Որոշակի կոռուպցիոն ռիսկերի պակաս կա», այսպես փորձեց եզրափակել իր պատասխանը Խաչիկյանը: Աղվան Հովսեփյանը չհամաձայնեց վերջինիս արտահայտած մտքերին. «Ուզում ես ասել` պետական պաշտոնյաների թիվը պակաս է, դրա համար էլ քիչ մարդ կա բռնելու: Այլ ձեւով ասած` ձկների քանակը քիչ է, որ այսօր պատրաստվում ենք բռնել: Ինչպե՞ս հասկանանք, որ Սյունիքի մարզում ընդամենը 2 կոռուպցիոն երեւույթ է բացահայտվել, իսկ մյուս մարզերում ավելի շատ: Ինչպե՞ս հասկանանք, որ Ձեզ մոտ ընդհանրապես գործ չկա, Շենգավիթում, որը մեկ համայնք է, 1 գործ է, Ավան, Նոր Նորքում մեկ գործ է. իրենց ջրերում ավելի քիչ ձուկ են բռնում, իսկ ձեզ մոտ ձկներ չկան»:

«Հաջորդ անգամ կուզեի, որ մեզ ներկայացնեիք կոնկրետ թվեր, կոնկրետ աշխատանքով, ոչ թե առաջարկություններով. ի՞նչ եք արել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում», ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` երկրի գլխավոր դատախազը ներկաներին եւս մեկ անգամ հիշեցնում է, որ էական նշանակություն ունի կոռուպցիոն բնույթի հաղորդումների, դիմումների ժամկետների քննարկումը:

«Մենք իրավապահ համակարգի աշխատակիցներ ենք. մեզանից ժողովուրդն ակնկալիքներ ունի, մենք ապրում ենք պատմական ժամանակահատվածում. սերունդները ձեզանից ակնկալիքներ ունեն. ձեզ է վիճակվել պատմականորեն իրականացնելու այդ դերը: Պետք է նկատել, որ կոռուպցիոն դրսեւորման մեծ մասը տեղի է ունենում հենց Երեւան քաղաքում: Երեւան քաղաքում են տեղակայված ողջ իշխանական կառույցները, սկսած դատախազությունից», նշեց գլխավոր դատախազը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4