Մայր աթոռ Սբ Էջմիածնում երեկ գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովՙ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությամբ, խորհրդի անդամներին Վեհափառը ներկայացրել է Հնդկաստան եւ հնդիկ Մալանկարա ուղղափառ եկեղեցի կատարած հովվապետական այցի մանրամասները, տեղեկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի եւ Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին:
Այնուհետեւ ժողովականներն անդրադարձել են Վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակին, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության ու հայկական գերեզմանների պղծման դեպքերին, որոնց վերաբերյալ տվյալներ է հաղորդել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ վրաց իշխանությունները եւ եկեղեցին անտեսում են Սբ Էջմիածնի դիմումները, հետեւապես Հայաստանյայց առաքելական եկեղեցին հարցը մշտապես հանձնելու է միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա բարդությունները կհարթվեն:
Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հետեւյալ կոչով. «Խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի ու հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները: Հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում եւ նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների եւ հայրենական իրենց սրբությունների»:
Ռ. Պ.