«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2008-11-27 | #221, 2008-11-28 | #222, 2008-11-29


ՎՃՌՈՐՈՇԸ ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻՆ ԵՎ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի փայլուն հաղթանակը մեծ ոգեւորություն է առաջացրել Հայաստանում եւ բնական է այն ուշադրությունը, որն այս օրերին ցուցաբերվում է մեր շախմատիստների նկատմամբ: Երեկ նրանք հյուրընկալվել էին մամուլի «Տեսակետ» ակումբում, որտեղ հավաքված լրագրողները մեկ անգամ եւս ծափերով դիմավորեցին օլիմպիադայի հերոսներին:

Խոսելով օլիմպիադայում հայ շախմատիստների ելույթների մասին, հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը կարեւորեց թիմի միասնականությունը, թիմային ոգին եւ իհարկե շախմատիստների բարձր վարպետությունը: Միասնականության մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ շախմատիստներից ցանկացածն ավարտելով իր պարտիան, երբեք դահլիճից չէր հեռանում, ինչպես դա տեղի էր ունենում շատ թիմերում, այլ մինչեւ վերջ մնում էր խաղընկերների կողքին ու փորձում աջակցել նրանց: Հաջողությանը նպաստեց նաեւ մեր թիմի փորձառու լինելը, քանի որ մեծամասնությունը խաղացել էր նաեւ նախորդ օլիմպիադայում: Արշակ Պետրոսյանը նաեւ կարեւորեց թիմի նկատմամբ շախմատի ֆեդերացիայի, նրա նախագահ Սերժ Սարգսյանի հոգատար վերաբերմունքը, ինչը հնարավորություն էր ստեղծել պատշաճ մակարդակով նախապատրաստվելու օլիմպիադային:

Արշակ Պետրոսյանն իր գոհունակությունը հայտնեց նաեւ մեր կանանց հավաքականի ելույթից, որը նախորդ օլիմպիադայի համեմատ երկու հորիզոնական բարձրացավՙ գրավելով 6-րդ տեղը: Դա վկայում է, որ կանանց շախմատում էլ վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում: Տարիներ առաջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը դրա վառ վկայությունն է:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում աշխարհի ապագա չեմպիոն, Արշակ Պետրոսյանը նշեց, որ հավաքականի բոլոր տղաներն էլ տաղանդավոր են եւ կարող են նման նվաճման հասնել, թեեւ դա շատ դժվար է: Իհարկե, ամենամեծ հնարավորությունն ունի Լեւոն Արոնյանը, որն, ըստ Պետրոսյանի, եթե ավելի շատ ժամանակ տրամադրի շախմատին կարող է նվաճել շախմատային թագը: Այս առնչությամբՎլադիմիր Հակոբյանընշեց, որ ինքը չի մտածում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճման մասին, իսկ բացի Լեւոնից, կարող է նվաճման հասնել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որն օլիմպիադայում ֆանտաստիկ խաղ ցուցադրեց:

Մեր թիմի անդամները միակարծիք էին, որ այս անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճելն ավելի դժվար էր, քանի որ բոլոր թիմերն էլ կրկնակի եռանդով էին խաղում իրենց դեմ: Լեւոն Արոնյանը հաջողությունում կարեւորեց Արշակ Պետրոսյանի դերը, որի վերադարձը հավաքական դրական ազդեցություն ունեցավ: Նա նշեց, որ Գելֆանդից կրած պարտության պատճառը շատ ոգեւորվելն էր, քանի որ ընդհանուր հաղթանակը մոտ էր եւ Իսրայելին հաղթելու դեպքում կարող էին չեմպիոնի հարցը լուծված համարել: Այդ պարտիայում Լեւոնը սխալ թույլ տվեց ու պարտվեց:

 Տիգրան Պետրոսյանիհամար Դրեզդենի օլիմպիադան առաջինն էր: Նա փոխարնել էր կյանքից անժամանակ հեռացած Կարեն Ասրյանին: Տիգրանի խոսքով, դա կրկնակի պատասխանատվություն էր դրել իր վրա եւ շնորհիվ մարզչի խորհուրդների եւ խաղընկերների աջակցության, հաջողվեց հաջող հանդես գալ:

 Գաբրիել Սարգսյաննիր բարձր արդյունքը պայմանավորեց կրկնակի պատասխանատվությամբ, որ ընկնում է յուրաքանչյուրի վրա թիմային մրցումներում: Անհատական մրցաշարերում եթե սխալի համար շախմատիստն է պատժվում, ապա օլիմպիադայում այն կարող է ճակատագրական լինել թիմի համար: Գաբրիելը նաեւ նշեց այն դրական տեղաշարժերը, որ վերջին տարիներին նկատվում են մեր շախմատում, շախմատիստների նկատմամբ պետության վերաբերմունքի փոփոխության մասինՙ ընդգծելով, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի ստանձնելուց հետո օտար երկրներում գտնվող հայ լավագույն շախմատիստներին հայրենիք վերադարձնելու աշխատանքներ են տարվում: Դրա վառ օրինակը Լեւոն Արոնյանն է:

 Արտաշես Մինասյաննէլ նշեց, որ թեեւ իրեն վիճակված էր ընդամենը մեկ պարտիա անցկացնել, սակայն ինքը հոգով ու սրտով տղաների հետ էր, մշտապես դահլիճում էր, նրանց հետ գալիս ու նրանց հետ էլ հյուրանոց էր վերադառնում:

Ասուլիսի վերջում «Բարի Սամարացի» ընկերության կողմից օլիմպիադայի մեր հերոսներին, նրանց մարզիչ Արշակ Պետրոսյանին ոսկե խաչով շղթաներ հանձնվեցին: Շնորհակալություն հայտնելով նման վերաբերմունքի համար, տղաները հավաստեցին, որ կձգտեն 3-րդ անգամ եւս նվաճել օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4