«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2008-11-27 | #221, 2008-11-28 | #222, 2008-11-29


ՀՖՖ-«ԱՐԱՐԱՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՐՎԵԼ ԵՆ

Ֆուտբոլասերներն, անշուշտ, տեղյակ են չեմպիոնության կոչման համար «Արարատի» եւ «Փյունիկի» միջեւ կայացած երկու հանդիպումների շուրջը բորբոքված կրքերի մասին: Սակայն պարզվում է, որ տեղի է ունեցել նաեւ տհաճ միջադեպ, որի մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Արարատ» ակումբի գլխավոր մենեջերՎարուժան Սիմոնովը: Ըստ նրա, առաջնության վերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումից հետո, երբ ինքը խաղադաշտում թիմի հաղթանակից ոգեւորված դիմելով հանդիսականներին, բացականչել է, որ «Արարատը» չեմպիոն է դառնալու, տրիբունայի օթյակում տեղ զբաղեցրած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծել է, թե իրեն հայհոյում է եւ համապատասխան միջոցների է դիմել: Նախագահի թիկնապահները Սիմոնովին նստեցրել են մեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ, որտեղ Ռուբեն Հայրապետյանը հայհոյել ու մի քանի անգամ հարվածել է «Արարատի» մենեջերին, թեեւ վերջինս պարզաբանել է, որ նախագահի հասցեին ոչ մի հայհոյանք չի հնչել: Դեպքին ականատես է եղել «Արարատ» ակումբի մի աշխատակից իր 7-ամյա դստեր հետ, որոնց Սիմոնովի հետ տարել են մեքենայով:

Ասուլիսին ներկա «Արարատ» ակումբի նախագահ Հրաչ Գաբրիելյանը Ռուբեն Հայրապետյանի արարքը որակեց հանցանք, որի համար վերջինս պետք է օրենքով պատասխան տա: Ըստ Գաբրիելյանի, այդ գործի առնչությամբ նյութերը շուտով կներկայացվեն դատախազությանը: «Արարատը» Սիմոնովին ֆեդերացիայի կողմից 10 խաղով որակազրկումն անհիմն է համարում եւ այդ վճիռը բողոքարկվել է, սակայն մերժում է ստացել: Ակումբի ղեկավարությունը անօրինական է համարում «Փյունիկի» ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանի ու Արթուր Եդիգարյանի, ինչպես նաեւ արարատցի Հրայր Մկոյանի որակազրկումը չեղյալ համարելու ֆեդերացիայի որոշումը, որի առնչությամբ «Արարատ» ակումբը պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ:

Ասուլիսին ներկա «Արարատի» ֆուտբոլիստԱրտակ Գրիգորյանը, որին 11 մ հարվածի իրացումից հետո մրցավար Ճաղարյանը հեռացրել էր խաղադաշտից, պարզաբանեց, որ ինքը բնավ էլ չի հայհոյել մրցավարին, այլ պարզապես ձեռքերը վեր է պարզել, ասելով, թե վերեւոմ Աստված կա ու ամեն ինչ տեսնում է:

«Արարատի» ղեկավարները հաստատեցին, որ թիմը մասնակցելու է «Համագործակցության գավաթի» մրցաշարին, որում հանդես կգան նաեւ բրազիլացի ֆուտբոլիստները: Ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզչի աշխատանքից, որի պայմանագիրը լրանում է տարեվերջին: Սակայն հստակ պատասխան չտրվեց, թե արդյոք Վարուժան Սուքիասյանը շարունակելո՞ւ է աշխատանքը «Արարատում»: Խոստացվեց այդ մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել մոտ ժամանակներս կազմակերպվելիք ասուլիսում: Այնպիսի տպավորություն է, որ կարծես կամ Վարուժան Սուքիասյանն ինքն է հրաժարվում շարունակել մարզել թիմը, կամ էլ ակումբի ղեկավարությունը հերթական անգամ որոշել է գլխավոր մարզչի անհիմն փոփոխություն կատարել:

Անհասկանալի էր նաեւ «Արցախի» նկատմամբ ակումբի հովանավորների դիրքորոշումը: Ըստ Հրաչ Գաբրիելյանի, իրենք շարունակում են ֆինանսապես աջակցել «Արցախին», վերակառուցել են Ստեփանակերտի մարզադաշտը: Սակայն փաստն այն է, որ «Արցախը» վերջին տարիներին անգործության է մատնված եւ չի մասնակցում ՀՀ առաջնությանը: Գաբրիելյանի կարծիքով թիմը պետք է խաղա Ստեփանակերտում, իր սեփական երկրպագուների առջեւ: Սակայն բոլորն էլ հասկանում են այդ հարցում առկա դժվարությունները կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում կազմավորել են «Իսի-Արարատ» ֆուտբոլային թիմը: Իսկ Ձորաղբյուրի մարզաբազան, ըստ ակումբի նախագահի, պատրաստ կլինի հաջորդ տարվա այս ժամանակաշրջանում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4