«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2008-11-27 | #221, 2008-11-28 | #222, 2008-11-29


ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆՆ ՈՒ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հունաստանում ընթացող ուսանողական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներն էլ հաջող հանդես եկան եւ մեդալներ նվաճեցին: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով դարձավ արծաթե մրցանակակիր: Պոկում վարժությունում նա միայն երրորդ մոտեցմամբ հաղթահարեց պատվիրած նախնական 95 կգ քաշը: Այդ ցուցանիշով նա պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ` միայն ավելի ծանր անձնական քաշի պատճառով արծաթը զիջելով չին մարզուհի Շա Յանգին: Հրում վարժությունում էլ Ավդալյանը միայն մեկ հաջող մոտեցում կատարեցՙ առաջին փորձից բարձրացնելով 120 կգ: Իսկ ահա 124 կգ բարձրացնելու նրա երկու փորձերն էլ անհաջող էին: Սակայն 120 կգ-ն էլ բավական էր հրում վարժությունում էլ բրոնզե պարգեւի արժանանալու համար:

Եթե Նազիկն ավելի վստահ ելույթ ունենար եւ չձախողեր մոտեցումներն, ապա կարող էր չեմպիոն դառնալ: Նա երկամարտում ընդամենը 3 կգ-ով զիջեց ոսկե մեդալը նվաճած չին մարզուհի Շա Յանգին:

Մինչեւ 75 կգ քաշային կարգում էլ երկամարտի 241 կգ (106+135) արդյունքով արծաթե մեդալի արժանացավ Եվրոպայի մեկ այլ չեմպիոնուհիՙ Հռիփսիմե Խուրշուդյանը: Պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 100 եւ 106 կգ, Խուրշուդյանը չկարողացավ հաղթահարել 111 կգ-անոց ծանրաձողը, այլապես ոսկե մեդալի կարժանանար: Այս վարժությունում 110 կգ-ով հաղթող ճանաչվեց չին մարզուհի Ջիան Վուն: Հրում վարժությունում եւս Հռիփսիմեն ձախողեց երրորդ մոտեցումը (141 կգ) ու կրկին զրկվեց ոսկե մեդալիցՙ բավարարվելով արծաթով: Ջիան Վուն հաղթող դարձավ 136 կգ-ով, ինչն էլ նրան հնարավորություն տվեց երկամարտի 246 կգ արդյունքով հռչակվել չեմպիոնուհի: Բրոնզե մեդալակիր դարձավ թայվանցի Ջուի Չունգըՙ 228 կգ (98+130):

Մինչեւ 94 կգ քաշային կարգում հանդես եկավ մեր աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդինՙ Նորայրը, որը ներկայացնում էր ԱՄՆ-ն: 21-ամյա ծանրորդը անհաջողության մատնվեց պոկում վարժությունումՙ չկարողանալով բարձրացնել պատվիրած նախնական 155 կգ ծանրությունը: 0 ստանալով, նա դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Հրում վարժությունում Վարդանյանը ցույց տվեց 192 կգ արդյունքՙ գրավելով 7-րդ տեղը: Եթե նրան հաջողվեր երրորդ մոտեցման ժամանակ բարձրացնել 201 կգ, ապա այդ վարժությունում կարժանանար արծաթե մեդալի: Իսկ չեմպիոն հռչակվեց կրկին չին ծանրորդըՙ Ժոնգ Հուանգըՙ 366 կգ (166+200):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4