ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հայկազեան հայագիտական հանդէսը» լույս է տեսնում 1970 թվականից, Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի կողմիցՙ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հովանավորությամբ: Հանդեսը հրապարակում է գիտական չափանիշներով հայագիտությանը եւ առհասարակ հայկականության ամենատարբեր ասպարեզներին վերաբերող հնագիտական-պատմագիտական, բանասիրական-ազգագրական, լեզվագիտական, փիլիսոփայական, մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական-ընկերային բնույթի հոդվածներ: Հանդեսի էջերում տեղ են գտնում նաեւ հուշագրություններ, վիճակագրական, մատենագրական ցանկեր, տեղեկություններ: Լույս տեսնող հոդվածները հիմնականում հայերեն, անգլերեն, նաեւ ֆրանսերեն, արաբերեն լեզուներով են:
Մեր ձեռքին է «Հայկազեան հայագիտական հանդէսի» 2008-ի 549 էջանոց ծավալուն համարը (հատոր ԻԸ): Համառոտ խմբագրականն անդրադառնում է ժամանակակից հասարակական փոփոխությունների ուղղակի ազդեցություններին լեզվական իրողությունների վրա. լեզուն իբրեւ կենդանի, զգայուն օրգանիզմ անմիջական կրողն է դառնում արտաքին երեւույթների: Արձանագրելով, որ պետականությամբ պաշտպանված հայերենի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, հեռու է սփյուռքահայության համար օրինակելի լինելուց, հանդեսը գրում է. «Հայաստանի մէջ օտարաբանութիւնը իբրեւ բնական երեւոյթ ընկալող մշակոյթ մը գոյացած ըլլալով, վերջին տասնամեակներուն, հոն չորդեգրուեցաւ համապարփակ հայացման հետեւողական եւ միատարր քաղաքականութիւն մը, հակառակ արձանագրուած ազգային զարթօնքին»:
Արեւմտահայերենին նախանձախնդիր սփյուռքի մտավորականությանՙ լեզվի պաշտպանությանն ուղղված շարժումը ժամանակին իր դերը կատարեց: Այսօր գրական եւ հատկապես խոսակցական արեւմտահայերենի նահանջի շրջանում հանդեսի խմբագրակազմը եւ հայագիտական ամբիոնը (պատասխանատու խմբագիր Հայր Անդրանիկ ծ. վրդ. Կռանյան) ներկայանում է սփյուռքի հեղինակավոր մտավորականներից կազմված համահայկական Կենտրոնի ստեղծման նախաձեռնությամբ, որի համացանցային կայքէջը քերականական, տառադարձային, բառարանային, բառակապակցական բաժիններով յուրատեսակ լեզվական ամրոցի դեր կկատարի սփյուռքահայ հատվածների համար:
2008-ի «Հայկազեան» տարեգիրքը բովանդակում է հայ եւ օտար հեղինակների բազմաբնույթ հոդված-ուսումնասիրություններ, գրախոսականներ, քննարկումների հրապարակումներՙ հայերենով եւ անգլերենով: Ներկայացնենք մեր կողմից ուշագրավ նկատված մի քանիը:
Բանասեր-գրականագետ Հենրիկ Բախչինյանի «Հայ օրհներգութեան սկզբնաւորումը» հոդվածը ուսումնասիրություն է հայ ոսկեդարի գրականության մեջ բանաստեղծական արվեստի սկզբնավորման մասին, այն հանդես է եկել որպես եկեղեցական պաշտոնական օրհներգություն, նախապես կոչվել է «կցուրդ», ապա շարական: Հեղինակն անդրադարձել է 4-րդ դարում եկեղեցական ծիսակարգերի ժամանակ աղոթքներ, օրհներգեր, քարոզներ, ավետարանական տեքստեր բովանդակող Պատարագամատույցին, աստվածաշնչյան սաղմոսներին: Բախչինյանը ներկայացնում է կցուրդների (հոգեւոր երգերի) սաղմնավորման եւ զարգացման ուղին, անդրադառնում հայ օրհներգության ժանրային առանձնահատկություններին, տարատեսակներին, մասնավորապես շարականներին` կարեւորելով դրանց ազդեցությունը հայ երաժշտա-բանաստեղծական արվեստի հետագա ձեւավորմնան եւ զարգացման վրա:
«Հայերն Օսմանեան բանակում (ԺԴ դարից մինչեւ 1918)» Անահիտ Աստոյանի հրապարակումը Օսմանյան կայսրության ուժային կառույցներում հայերի ունեցած դերի մասին է: Ներկայացնելով օսմանյան բանակի կազմավորման նախնական ընթացքը, երբ ռազմագերիներից էին հավաքագրվում զորագնդերը, հեղինակը գրում է, որ դրանք նվաճված քրիստոնյա բնակիչներ էին, որոնց հինգից մեկը պարտադիր պիտի հանձնվեր օսմանյան բանակին: Այդ ենիչերիական զորագնդերում հայերի մի քանի սերունդ շարունակել են ծառայել, շատերը ռազմական բարձր դիրքեր են գրավել (ծովակալ Խալիլ փաշա, Սյուլեյման փաշա Էրմենի): Առանձին խորագրերով անդրադարձ է արված հայ վարձկաններին, բանակին սպասարկող հայ արհեստավորներին, զինվորական բժիշկներին, հայերի նյութական աջակցությանը:
Արծվի Բախչինյանի հրապարակումը հանգամանալի ներկայացնում է հայ-հարավսլական առնչություններըՙ միջնադարից սկսած: Դրանց ակունքները գալիս են դեռեւս 10-րդ դարից, որի մասին վկայում են հայերեն վիմագիր արձանագրությունները, ավելի ուշ այս երկրի տարածքում հայտնված հայկական վանքերն ու եկեղեցիները: Հոդվածագիրը ներկայացնում է այդ առնչությունների ուշագրավ դրվագների մանրամասներ, վկայաբերում ժամանակի տարեգրությունը, մամուլի հրապարակումները, մատենագիրներին, ճանապարհորդներին: Անդրադարձ է արված նշանավոր հարավսլավահայերինՙ մեզ անծանոթ անունների հրապարակումով: Առանձնակի ուշադրություն է դարձվել մշակութային, գրական, երաժշտական, թատերական կապերին, հիշատակվել դեռեւս 1911-ից սերբ գրականության նմուշների, սերբական դյուցազնավեպից հատվածներիՙ Հովհ. Թումանյանի հայերեն թարգմանությունը:
Նազենիկ Սարգսյանը «Սրբուհի Լիսիցեանի կեանքն ու ստեղծագործութիւնը» (1910-20-ականներ) հոդվածում ներկայացնում է տաղանդաշատ հայուհու գործունեության տարբեր շրջաններըՙ մոսկովյան ուսումնառության, ապա եւ Թիֆլիսում ռիթմոպլաստիկ պարի դպրոցի սկզբնավորման տարիները, սաներիՙ ռուսական բեմերում ունեցած հաջողությունները, կազմակերպչական եւ ստեղծագործական ունակությունները, «Հին աստվածներ» դրամայի հենքով օպերային բեմագրի ստեղծման մեջ Լիսիցյանի մասնակցությունը, պարարվեստի գեղագիտական նրա կոնցեպցիան, հայացքները:
Արգենտինայում հայկական կրթական օջախների մասին է Վարդան Մատթեւոսյանի հոդվածը: Ամերիկյան հայկական սփյուռքի կրթարանների ընդհանուր ֆոնին նա հանգամանալից ցույց է տալիս արգենտինահայ դպրոցի սկզբնավորման եւ զարգացման ուղին, անդրադառնում հիմնականում Բուենոս Այրեսում եւ Կորդոբայում կենտրոնացած հայկական վարժարաններին, ուսուցման մեթոդներին, աշակերտության թվաքանակին:
Տարեգրքի առավել ուշագրավ հրապարակումներից մեկը Սիրանուշ Գալստյանի «Փաստի որոշակիութիւնը եւ փոխաբերականութիւնը» (Հայկական որոշ ֆիլմերի օրինակով) հրապարակումն է: Հոդվածը քննում է վավերագրական կինոյի մոտեցման 2 սկզբունքներըՙ փաստի կարեւորությունը գեղարվեստական մտածողության նկատմամբ, փաստի պատճենում եւ երկրորդ, երբ հեղինակային միջամտությունը գերակայում է իրական դիպվածը, փաստը: Վավերագրական կինոյի հաջողությունը անգլիացի վավերագրող-ռեժիսոր Ջոն Գրիրսոնի բնորոշմամբ «Իրականության ստեղծագործական մշակումն» է: Հեղինակը վավերագրական կինոյի լեզուն բացահայտում է մի քանի ֆիլմերի օրինակով (Արա Վահունիՙ «Էլեգիա», Հարություն Խաչատրյանՙ «Պոետի վերադարձը», Ռուբեն Գեւորգյանցՙ «Բարի հետք»): Հոդվածագիրը քննում է նաեւ վավերագրական եւ խաղարկային ֆիլմերի «փոխհարաբերություններում (Ֆրունզե Դովլաթյան «Բարեւ, ես եմ», Հենրիկ Մալյան «Մենք ենք, մեր սարերը», Հարություն Խաչատրյան «Վերադարձ ավետյաց երկիր», Վիգեն Չալդրանյան «Տեր ողորմյա», Սերգեյ Իսրայելյան «Պատանդները») փաստի գեղագիտական լուծումները: Փաստի եւ առասպելի, իրականության եւ միֆի, ոգեղենի եւ նյութականի հակադրամիասնությունները դիտարկվում են Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի կինոմտածողության մեջ, նրանց գեղագիտության տիրույթներում:
Տարեգիրքը բովանդակում է արժեքավոր այլ հրապարակումներ եւս, ինչպես Նարինե Պետրոսյանի «Հայի եւ Հայաստանի պատմափիլիսոփայական ընկալումը Կոստան Զարեանի օրագրերում», Վարդի Քեշիշյանի «Պանդխտութեան երգ-երգոցՙ «Կռունկ»-ի անտիպ մեկ օրինակը», Վահրամ Շեմմասյանի «Հայկական Մուսա լեռը 1920-30 ականներուն իբրեւ ամառանոցՙ Ալեքսանտրէթի Սանճաքին», նաեւ անգլերենով մի շարք հրապարակումներՙ Վիկտորիա Ռոու, Մաթիաս Պիորնլունտ, Նադյա Ռայթ եւ ուրիշներ: