Երկրաշարժի հիշողության հոգեբանական ազդեցությունը
Այս տարի Հռոմի Սինեմա Դելլա Ռեալտա հայտնի կինոփառատոնում Կուլտ մրցանակին արժանանալուց եւ մի շարք միջազգային կինոփառատոներին մասնակցելուց հետո, դեկտեմբերի 3-ին Պրահայի Օկո կինոթատրոնում կազմակերպված շնորհանդեսով չեխ կինոբեմադրիչ Յանա Շեւչիկովայի «Գյումրի» ֆիլմը կսկսեն ցուցադրել չեխական կինոթատրոններում: Սա Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված հոգեբանական մի հրաշալի կինոպոեմ է, որն օտարի աչքերով մեզ համար բացահայտում է երկրաշարժի գոտում ապրող մարդկանց հոգեբանությունը, կյանքի ու մահվան փիլիսոփայությունը, կարոտի ու սիրո, հնի ու նորի պայքարը: Սկսյալ 2003 թվականից, 8 անգամ Գյումրի այցելած կինոբեմադրիչի համար Հայաստանը դարձել էր ուխտավայր: 40-ից ավելի գյումրեցիների հետ զրույցները, հանդիպումները տվել են իրենց արդյունքը: Նրանում ոչ միայն 20 տարվա չսպիացող վերքն է, այլեւ ապագայի նկատմամբ հավատը, երիտասարդ սերնդի կրթվածությունն ու ծնողների նկատմամբ չմարող հարգանքի վկայությունը:
Մեզ հետ զրույցում բեմադրիչը չի թաքցնում, որ ֆիլմի նկարահանումներից հետո էլ, դեռ երկար ժամանակ մնացել է հայաստանյան հանդիպումների ազդեցության տակ: Չեխ ընկերները նույնիսկ հորդորել են հոգեբույժների օգնությանը դիմել, սակայն նա չի ցանկացել իր մեջ որեւէ փոփոխություն մտցնել մինչեւ մոնտաժի ավարտը, որպեսզի իր եւ ստեղծվող ֆիլմի միջեւ կապը չկտրվի: Եվ ինչպես Յանա Շեւչիկովան է ասում, այս ֆիլմի կայացման համար նախեւառաջ շնորհակալ է գյումրեցի Աստղիկ Էդիգարյանին, ով 3 տարիների ընթացքում օգնել է իրեն ոչ միայն հարցազրույցներ կազմակերպելիս, այլեւ տեղում հայերենից ռուսերեն թարգմանելիս: Ֆիլմի թարգմանական աշխատանքներում օգնել են նաեւ պրահաբնակ հայերը: Ֆիլմը ցուցադրվում է հայերեն լեզվովՙ չեխերեն մակագրերով: Յանա Շեւչիկովան ֆիլմի մոնտաժման ժամանակ չի ընդգրկել լացի կամ արցունքախառն խոսքի որեւէ տեսարան: Եվ, ըստ էության, հենց դա է ֆիլմի հզորությունը: Երբեմն հերոսները արտահայտվում են նաեւ ռուսերեն:
8 վավերագրական ֆիլմերի հեղինակ Յանա Շեւչիկովայի նոր ֆիլմն արդեն իսկ ստացել է եվրոպական մամուլի դրական գնահատականները: Ինչպես 1992 եւ 2001 թվականներին նկարահանած «Յակուբ» եւ «Ստարովերցի» ֆիլմերն արժանացան մի քանի միջազգային մրցանակների, այնպես էլ 2008-ին ավարտած «Գյումրին» ամենայն հավանականությամբ կարժանանա նույն ճակատագրին: Իտալական առաջին մրցանակը դրա վկայությունն է:
Իսկ թե ի՞նչ փուլերով է անցել ֆիլմի ծնունդը եւ ի՞նչ է իր հետ Պրահա բերել չեխ կինոբեմադրիչը Հայաստանից, կարող եք տեղեկանալ մեր հարցազրույցից, որը լույս կտեսնի «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրում: Մինչ այդ պետք է հուսանք, որ «Գյումրի» ֆիլմը կցուցադրվի նաեւ հայկական հեռուստատեսությամբ կամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում: Մոտ ապագայում ֆիլմը կդիտեն նաեւ Տորոնտոյի եւ Վարշավայի կինոփառատոներում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Նկար 1. Յանա Շեւչիկովա
Նկար 2. Կադր ֆիլմից