«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2008-11-28 | #222, 2008-11-29 | #223, 2008-12-02


ԿՈՇԻ ԳԱՂՈՒԹՈՒՄ ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Նոյեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ հիմնարկի բնակելի գոտում դատապարտյալների ջանքերով կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու օծման արարողությունըՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, բարձրաստիճան այլ այրերի, մտավորականների մասնակցությամբ:

Բարերար Կառլեն Կարապետյանի հովանավորությամբ ու բացառապես դատապարտյալների ջանքերով 4 տարում կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին: Եկեղեցին նախագծել է Անահիտ Թարխանյանը: Այն կառուցվել է հաստատությունում նախկինում գործող սենյակային մատուռ-աղոթատեղի տարածքում:

Եկեղեցու շինարարական աշխատանքները կատարվել են առանց հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների, ինչի պատճառով էլ եկեղեցու գմբեթը հավաքվել է մետաղյա թիթեղներից:

Գարեգին Բ-ն իր խոսքում հույս հայտնեց, որ եկեղեցու շինարարությունը կտանի դատապարտյալներին զղջումի եւ ապաշխարանքի ճանապարհով. «Այսօր տոն է. ուրախություն ամենքիս համար, մասնավորապես քրեակատարողական հիմնարկում գտնվող հայորդիների համար: Երկար տարիներ սպասում էինք այս նախաձեռնության իրագործմանը: Այսօր այն իրականություն դարձավ: Տեր Կարապետը դժվարին պահին եղավ նրանց կողքին, հույս ներշնչեց, մխիթարեց, օգտակար եղավ իր բարի խորհուրդներով, իր օրհնությամբ, աղոթքներով»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4