Իտալական լրատվամիջոցները երեկ հայտնել են, որ «Հայկական hոլոքոսթ» գրքի հեղինակ, իտալացի գրող եւ լրագրող Ալբերտո Ռոսելիին մահվան սպառնալիքներ են ուղարկվել: Այդպես նաեւ Բելգիայում թուրքական դեսպանատունը եւ ուլտրաազգայնական թուրքական մամուլը սպառնացել են լինչի դատաստանի ենթարկել թուրք լրագրող, «Ինֆո-թուրք» գործակալության հիմնադիր Դողան Օզդուջենին, Փարիզից գրում է մեզ անկախ լրագրող Ժան Էսքիյանը:
Ալբերտո Ռոսելիին սպառնալիքներ են ուղղվել ամիսներ առաջ, նշյալ գրքի լույսընծայումից հետո: Թուրք ազգայնականները նրան հանգիստ չեն տվել նաեւ հետագա ամիսներինՙ մինչեւ այս տարվա հոկտեմբերի 26-ը, երբ ոստիկանությունը հայտնաբերել է, որ հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակները արտասահմանից են: Սպառնացողները փայլուն տեղեկություններ են ունեցել նրանց կենցաղի մասին, մինչեւ իսկ իմացել են նրանց շան անունը:
Դողան Օզդուջենին դատաստանի ենթարկելու սպառնալիքի մասին իմացվել է նոյեմբերի 11-ին, Բրյուսելի թուրքական դեսպանատանըՙ Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի արարողության ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի արած սկանդալային հայտարարությունից հետո, որի մասին «Ազգ»-ը գրել է արդեն: «Անցած դարասկզբին հայերի եւ հույների բռնագաղթը հնարավոր դարձրեց թուրք ժողովրդի միավորումը», ասել էր Գյոնուլը, պնդելով նաեւ, որ թուրք ազգը ստեղծվեց շնորհիվ Աթաթուրքի վարած քաղաքականության: Հայկական հարցի պաշտպան Դողանը Թուրքիայից փախել է 1971 թվականի հեղափոխությունից հետո: Նա ներկայացրել է պաշտոնական բողոք իր դեմ ուղղված սպառնալիքների համար:
Ռ. Պ.