Պատգամավորները հանրաքվեի օրենքի փոփոխությունները ԼՂՀ հարցի հետ էին կապում
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես եւ սպասվում էր, «Հանրաքվեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները երեկ կրքեր բորբոքեցին այն աստիճան, որ մի պահ պետական կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակության կարծիքը բացահայտելու նպատակով կառավարության առաջարկած հանրաքվեի օրինագիծը վերածվեց «Դուք եք տալիս Ղարաբաղը, չէ, դուք եք տալիս Ղարաբաղը» լեզվակռվի: «Ժառանգության» պատգամավորները, հասկանալի է, միշտ եւ բոլոր դեպքերի համար ընդդիմախոս են, այս դեպքում` առավել եւս: Սակայն նաեւՏիգրան Թորոսյաննէր նախագծի ընդդիմախոսը,Վիկտոր Դալլաքյաննէական առաջարկներ արեց, այդպես էլ խմբակցության տեսակետ չհայտնած ՀՅԴ-իցԱրծվիկ Մինասյանըխնդիրներ էր տեսնում: Մինչ այդԱրմեն Մարտիրոսյանը, խմբակցության տեսակետը ներկայացնելիս, այս փոփոխությունների ընդունումը փորձաքար համարեց ԱԺ-ի համար. ըստ նրա` պետք չէ կառավարությանը քավության նոխազ դարձնել այս օրինագիծն ընդունելով, եթե կառավարությունն է հարցը դնում հանրաքվեի, քաղաքական պատասխանատվության հարց է ծագում, չընդունվելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա: Բացի այդ` սահմանադրության հետ հակասություն ունի նախագիծը: Քաղաքական պատասխանատվությունից չպետք է խուսափեն երկրի նախագահն ու Ազգային ժողովը` ընտրովի մարմինները պետք է հանրաքվե անցկացնեն, ոչ թե նշանակովի կառավարությունը, մի խոսքով` «Ժառանգությունը» դեմ է այս նախագծին:Զարուհի Փոստանջյաննառավել կտրական էր` նախորդ հանրաքվեները կեղծվել են եւ նորն էլ կեղծելը իշխանությունների համար հեշտ կլինի, այդպիսով Ղարաբաղի հետ կապված բեռը ժողովրդի ուսերին բարդելով: Նա բաց տեքստով ձեւակերպեց, թե ինչո՞ւ է բերվել օրենքը. միամիտ չկա` ԼՂՀ հիմնախնդիրն է թաքնված օրենքի ներքո եւ ամեն ինչ թելադրվում է Հայաստանի նախագահի կողմից:
Վարդան Խաչատրյանըէական առաջարկ արեց` եթե անցնելու է այս նախագիծը, գոնե լրացվի, որ հանրաքվեով անցած հարցը պետք է հաստատվի ԱԺ-ում:Արծվիկ Մինասյանըմի շարք խնդիրների հետ նաեւ այն խնդիրը տեսավ, որ եթե մենք կարծիք ենք ուզում ձեւավորել հանրաքվեով` առանց իրավական հետեւանքի, ապա Սահմանադրական դատարանում այդ հանրաքվեի սահմանադրականությունը վիճարկելը եւս ավելորդ է դառնում, եւ առաջարկեց հանրաքվեի ինստիտուտը չարժեզրկելու համար կարեւոր հարցերը (ասենք` ԼՂՀ-ի հետ կապված) առանձին օրենքով քննարկել:
ԲՀԿ-իցՆաիրա Զոհրաբյանընկատեց, որ մի նախագիծ քննարկելով` սահուն կերպով անցում կատարվեց այլ դաշտ, որը ենթադրում է մի սուվերեն պետության կողմից այլ սուվերեն պետության գործերին միջամտություն` ԱԺ դահլիճում որոշեցին, որ նախաձեռնությունը բացառապես վերաբերում է ԼՂ-ին` կատարյալ աբսուրդ: Ըստ նրա` կառավարության նախաձեռնությունը վերաբերում է այն բանին, որ հանրային հնչեղություն ունեցող հարցերը պետք է իրավունք ունենան դրվելու հանրաքվեի, որը ժողովրդավարության գործիքներից մեկն է. իսկ որ տեսականորեն հնարավոր է նաեւ ԼՂ-ին վերաբերող ինչ-որ դետալ դրվի հանրաքվեի` իմանալու նաեւ ՀՀ քաղաքացիների կարծիքը, ապա դա պատգամավորը համարեց միանգամայն նորմալ, անթույլատրելի համարելով, սակայն, քննարկումները տեղափոխել այլ դաշտ:
Վիկտոր Դալլաքյաննառաջարկեց նախագահի համաձայնությամբ հանրաքվեի դնելու դրույթը հանել, քանի որ երկրի նախագահն այդպիսի լիազորություն չունի: Նրա հռետորական հարցադրումը, թե արդյոք ՀՀ-ն կարո՞ղ է ուրիշ սուվերեն պետության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, «այո» պատասխանի դեպքում պետք է այնպիսի ձեւակերպում ունենա հանրաքվեի դրվող հարցը, որ հայ ժողովրդի միասնության մասին վկայի: Տիգրան Թորոսյանը նկատեց, թե նման ձեւով խնդիր լուծել եւ հետո կիրառել ԼՂ հարցի հետ կապված` նշանակում է խարան դնել խնդրին, նա առաջարկեց կառավարությանը` հետ վերցնել նախագիծը:
Թեեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարԳալուստ Սահակյանըչէր պատրաստվում ելույթ ունենալ, բայց իր խոսքով` երբ տեսավ «համը հանելու պես մի բան», մոտեցավ ամբիոնին «ԼՂ հարցը չպետք է նսեմացնել, կուրծք ծեծել, թե դա ԼՂ ժողովրդի իրավունքն է, ո՞վ ասաց իրավունքը չէ: Այն ժամանակ, որ արյուն էր հեղվում եւ մեծ ռոմանտիկա ուներ ժողովուրդը, ոչ ոք չէր հարցնում` աշխարհի ո՞ր ծայրից ես գալիս Ղարաբաղի համար արյուն հեղելու... Հլա մի հարց տամ` հանկարծ ու էս ժողովուրդը, որ ասեր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, մենք էլ էստեղ լուռ պիտի նստեի՞նք, կամ` հանրաքվեի որ դրվեր, ժողովուրդը «այո» կամ «ոչ» ասեր, դրանով ավարտվե՞ց ամեն ինչ, վերջացա՞վ...Այս խրթին, ընդամենը «լուֆթ» պարունակող օրենսդրությունն էդքա՞ն հեշտացրել է Ղարաբաղի մասին խոսելը...Ղարաբաղը ոչ մեկին չի տրված իր համար քաղաքական պատվար դարձնելու...Չի կարելի անընդհատ սեթեւեթել, հակասահմանադրական բառը չի կարելի օգտագործել, կարելի է կարծիք ունենալ, որ սահմանադրությանը հակասում է... Հետո էստեղից որ էսպես գոռ հայտարարություններ են արվում, որ երկրի նախագահն ինչ ասում է` էն է արվում. երկրի նախագահն ինչ ասի, էն էլ պիտի արվի, երկրի նախագահը մեծ քաղաքական կուսակցության ղեկավար է, կոալիցիոն ուժերի համախմբողը եւ իր մեծ երաշխավորված կատարումը պիտի ունենա», ասաց:
Թե ինչ տեսք կունենա հարցի քվեարկության պատկերը այսքան խոսելուց հետո, հենց այսօր պարզ կլինի: