«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2008-11-29 | #223, 2008-12-02 | #224, 2008-12-03


ԷԼԻԲԵԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԷՍԹԵՏԻԿԱՆ

Ցուցահանդես Մոնրեալում

Էլիբեկյան ընտանիքի գեղանկարչական ժառանգականության էսթետիկայի ընդհանուր մթնոլորտը անհատական ընդգծվածությամբ է բնորոշվում: Վաղարշակ Էլիբեկյանը թատրոնի մարդ էր, ուշ տարիքում հայացքը գույնին ու վրձնին ուղղեց ու ստեղծեց իր Թիֆլիսը: Գեղանկարչական վերհուշի նրա Թիֆլիսը անկրկնելի հմայք ու նկարագիր է վեր հանում: Այնտեղ նկարիչը որոնում է իր մանկության, պատանեկության թողած հետքերը: «Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան է, Վան Գոգի արեւը, Այվազովսկու ծովը...», գրել է Աղասի Այվազյանը:

Վաղարշակ Էլիբեկյանը կտավները գործածել է իբրեւ բեմադրավայր, թիֆլիսյան կյանքը ասես բեմականացված է, հին քաղաքի մթնոլորտը արտահայտված է շարժուձեւերի, կեցվածքի, դիմախաղի մեջ: Այս բազմասյուժե ներկայացման գունայնության միջավայրում կենսախինդ առօրյան է պատկերված քաղաքի մարդկանց` կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ: Էլիբեկյանը մնայուն է պահում նաեւ հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրըՙ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձեւ քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով:

Նկարչական այդ ավանդույթների շարունակողը` կրտսեր Էլիբեկյանն է` Արեգը, թերեւս կյանքի գեղագիտության թեմատիկ արտահայտությունների առումով: Առիթ ունեցել եմ լինելու հայր ու որդի Ռոբերտ եւ Արեգ Էլիբեկյանների արվեստանոցում եւ զրուցել Արեգի հետ: Իր նախասիրությունները նույնպես քաղաքային կյանքի նկարեն արտահայտություններն են` քաղաքային ֆոլկլոր, մարդկային ֆիգուրներ, շարժում: Արեգի նկարչական աշխարհագրությունը, սակայն, այլ տարածքում է կայացել: 1990-ականներից նկարիչը բնակության է տեղափոխվել Կանադա, ապրում է Մոնրեալում, եւ իր մտածողությունն ու ստեղծագործությունը ազգային ակունքների հարազատությամբ, միաժամանակ կրում են եվրոպական նկարչության ավանդույթների, ժամանակակից արեւմտյան աշխարհի արվեստում կատարվող փոփոխությունների արձագանքները: Նկարչի հայացքն աշխարհի հորիզոնականներին է, նախեւառաջ առարկայական երեւույթների տեսողական ազդեցությամբ, որոնք փոփոխության են ենթարկվում ներքին մշակմամբ` դառնալով սեփական իրականություն:

Այդպես է նա վերստեղծում փարիզյան սրճարանային միջավայրը, փողոցային կյանքի անցուդարձը, շատ զգայուն է նկարիչը բնության տրամադրությունների արտահայտություններում: Իր նատյուրմորտները մեռած բնություն լինելուց շատ հեռու են, իրերի ներհուն լռությանը կենսական թրթիռ է հաղորդում` գույնի ու լույսի, ստվերի նուրբ խաղերի միջոցով: Նկարչական առումով Արեգն իր քաղաքը համարում է Փարիզը ու նրա վրձնած ամեն փողոց, շենք, եկեղեցի, կամուրջ, Սենը, Մոնմարտրը կրում են հնուց ի վեր ճակատագրորեն արվեստի ոգեկիր այս քաղաքի ներքին մեղմությունն ու շքեղ արտաքինի անմատչելիությունը:

Ընտանիքի ավագ եւ կրտսեր սերնդի կամրջողը Ռոբերտ Էլիբեկյանը խաղացկուն գույների, կանացի ֆիգուրների, շարժուն պատկերների նկարիչ է, որ հանդեսային շքեղ տոնայնություններ է բերել հայ կերպարվեստ: Գեղանկարչական գունամտածողության դրսեւորումները նա գտել է կանացի կերպարներում, կնոջ արտաքինի եւ առեղծվածային համարվող էության մեջ` բանաստեղծների ու նկարիչների պատկերացումներում հատկապես: Կանացի առեղծվածը թերեւս բնության օրինաչափությունների` շարունակականությունը պահպանողի նրան տրված շնորհն է, որ կնոջ էությանը բազմածալ խորհուրդ է հաղորդում: Ռոբերտ Էլիբեկյանը ասես անվերջ գնում է այդ խորհրդի հետեւից, ինքը կյանքի մեջ ստեղծում է առեղծվածի իր իրականությունը, իր գունային խաղը: Կանացի նրա պատկերաշարից երազային-քնքշություն ու անորոշ թախիծ է հոսում: Ռոբերտ Էլիբեկյանը կանացի մարմնի ռիթմիկայի, երաժշտականության լավագույն արտահայտողներից է: Մարմնի նյութեղեն, հողեղեն շինվածքը նա եթերային նրբագեղությամբ է օժտում, բանաստեղծականություն հաղորդում դիմարտահայտությանը, շարժուձեւին, դիրքին: Կրքի արտահայտության մերկությունն անգամ Էլիբեկյանի մոտ հասցված է ներշնչանքի, գեղեցիկ էքստազի մակարդակի: Կյանքը երեւակայական շղարշով վարագուրելով` թատերայնացված իրավիճակներում, ապակու, հայելու անդրադարձումներում պատկերները նաեւ ձեւափոխվում են: Էլիբեկյանի գույնը հաղորդական է, պատկերի լույսը թափանցիկ, շողշողուն է: Դրանից է, որ միտքդ կտրվում է իրականությունից ու խորհրդավոր պարունակների, առասպելների, պատրանքների ծովը նետվում: Ռոբերտ Էլիբեկյանի նկարչությունը բանաստեղծական ու երաժշտական ներդաշնակության համաձուլվածքի մերձեցումն է գույնի աշխարհին:

Հայր ու որդի Ռոբերտ եւ Արեգ Էլիբեկյանները արտերկրում ցուցահանդեսների մեծ փորձ ունեն. հաճախ, հատկապես Մոնրեալի նշանավոր պատկերասրահներում ներկայացվում են նրանց աշխատանքները: Մոնրեալի Սեն Լորան հայաշատ շրջանի Քվեբեքի վարպետների եւ ձեռարվեստի թանգարանում հոկտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը շարունակվելու է ցուցադրվել «Էլիբեկյան. մեկ անուն, երեք սերունդ» ցուցահանդեսը, որի բացմանը, թանգարանի մամլո տեղեկությամբ, 160 մասնակից է եղել, իսկ հաջորդ օրերին հարյուրավոր այցելուներ են ներկա գտնվել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Վաղարշակ Էլիբեկյան. «Գ. Սունդուկյանի ամառանոցը Կրծանիսում», 1980

Նկար 2. Արեգ Էլիբեկյան. «Տեսարան Սբ. Ժբրվե եկեղեցուց», 1999

Նկար 3. Ռոբերտ Էլիբեկյան. «Մերկ կինը», 1997


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4