Օրերս Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում եւ ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում «Անտեսված զանգված մըՙ իսլամացած հայերը» թեմայով դասախոսություններով հանդես եկավԵրվանդ Պարետ ՄանոքըՓարիզից: Նա տարիներ շարունակ զբաղվում է հայ եւ թուրք ժողովուրդների փոխառնչությունների (դրական թե ժխտական) ուսումնասիրությամբ: Ճանաչողական բնույթի այս դասախոսությունների նպատակն է առավել բարձրացնել իրազեկությունը հանգամանքների բերումով մահմեդականացած հայորդիների խմբերի նկատմամբ: Մանոքն իր դասախոսություններում ներկայացրեց մարդու տարբեր ինքնություններ ունենալու երեւույթը, կրոն-ազգ հարաբերությունը, մեկնաբանեց հայ, ծագումով հայ, կրոնափոխ, դավանափոխ, կրոնադարձ եզրերը, անդրադարձավ նաեւ իսլամացած ուրիշ ժողովուրդներին, թուրքացած մահմեդականներին, իսլամացած կամ գաղտնի հայերի թվին, առերես իսլամացածների հոգեբանական վիճակին, ինչպես նաեւ հակիրճ նշեց ժամանակի ընթացքում թուրքացած, քրդացած, արաբացած եւ պարսկացած հայերի պարագան (վարդոցիներ, համշենցիներ, տերսիմցի ալեւիներ, հայ թաթեր, այրումներ եւ այլն):
Մանոքի ուշադրության կենտրոնում են նաեւ Թուրքիայի քաղաքական կազմակերպություններում եղած իսլամացած հայերը, վերջին տարիներին նկատվող հայկական ինքնությանը եւ քրիստոնեությանը վերադարձողները, հայկական ծագում ունեցող ճանաչված թուրքիացիները: Նրա եզրակացությամբՙ հայ ժողովուրդը պետք է իսլամացած հայերին ընդունի որպես իր մեկ մասը, եւ գտնում է, որ նրանք կարող են միանգամայն դրական դեր խաղալ հատկապես հայ-թուրքական երկխոսության մեջ:
Առաջին անգամ Հայաստան այցելող Երվանդ Պարետ Մանոքը (ծնված 1958-ին, Ստամբուլում) ծննդավայրի եւ Վենետիկի Մխիթարյան վարժարանները հաճախելուց հետո ավարտել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանըՙ «արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների դոկտորի» տիտղոսով: Ներկայումս բնակվում է Փարիզում, զբաղվում ուսուցչությամբ եւ թարգմանությամբ: 22 տարի շարունակ նա արեւմտահայերենի խոսելավարժություն է դասավանդում Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի կազմակերպած հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացների ժամանակ:
Ա. Բ.