Ֆրանսիայում անցկացված ըմբշամարտի Անրի Դելյանի հուշամրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականից միայն մեկը` 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը դարձավ մրցանակակիր: Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում Միհրանը նվաճեց բրոնզե մեդալ: Իսկ չեմպիոնի տիտղոսին արժանացավ ՌԴ հավաքականում հանդես եկած Սեյրան Սիմոնյանը: Նա եզրափակիչում հաղթել էր ղազախստանցի Դայխան Բայախմեեւին:
Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը` 55 միավոր: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է (52 միավոր): Լավագույն եռյակը եզրափակեցին ռուսները (46 միավոր):
Ի դեպ, Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը հրավիրվել է մասնակցելու 2009-ի փետրվարի 20-21-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Մեր ըմբիշների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Կուբայի, Ղազախստանի, Հունգարիայի եւ Ադրբեջանի մարզիկները: Հայաստանի հավաքականն առաջին անգամ է իրավունք ստանում հանդես գալու աշխարհի գավաթի խաղարկությունում: Այդ իրավունքը մեր հավաքականը նվաճել է այս տարի ունեցած հաջող մրցելույթների շնորհիվ: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները Պեկինի օլիմպիադայում 2 բրոնզե մեդալ նվաճեցին (Ռոման Ամոյան, Յուրի Պատրիկեեւ), իսկ Եվրոպայի առաջնությունում արժանացան մեկական ոսկե եւ արծաթե մեդալների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ