Երկու թեմա` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից
Արցախի հարցում կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա ներկայացմանը արտերկրում եւ Հայաստանում, ինչպես նաեւ ադրբեջանահայության պրոբլեմի ձեւակերպման եւ մատուցման հայեցակարգ ունի՞: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանում «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանի հարցի առիթը միջազգային ատյաններում հայտնված հայկական ծագմամբ, բայց ոչ հայանպաստ փաստաթղթերն են: Պատգամավորը երկու օրինակ բերեց: Փախստականների մի խումբ վերջերս իր բողոքն է հայտնել այնպիսի բանաձեւերի շուրջը, որոնք գնացել են ՀՀ-ի կողմից եւ ներկայացվել ՄԱԿ-ին եւ այլ կազմակերպությունների` այսպիսի ձեւակերպումներով. «Հայեր` փախստականներ Ադրբեջանից, որոնք 1988-92 թվականներին (այստեղից Լ. Ալավերդյանը մեջբերեց ռուսերեն) «իմիգրիռովալի իզ Ազրբայջանա», այսինքն` այնտեղից նրանք ոչ թե բռնի դուրս են հանվել, ցեղասպանական ակտերի հետեւանքով, այլ ուղղակի` «իմիգրիռովալի» (գաղթեցին): Երկրորդ` գրված է «Հանուն Ղարաբաղի պատերազմի ընթացքում, որը տեւում էր 10 տարի, 400 հազ. էթնիկ հայեր, որոնք հատել են սահմանը» եւ նման բանաձեւեր»:
ՎարչապետՏիգրան Սարգսյանըհամաձայնեց Լ. Ալավերդյանի հետ, որ այստեղ ունենք խնդիրներ, շատ մեկնաբանումներ քննություն չեն բռնում, եւ անհրաժեշտություն կա հստակեցնելու մեր արտաքին քաղաքականությունը, տեղեկացրեց, որ համապատասխան հանձնարարական տրված է արտգործնախարարին. «Հաջորդ շաբաթ մենք նաեւ ձեզ կներկայացնենք մի փաստաթուղթ, որտեղ համապարփակ ներկայացված կլինեն այն հիմնական թեզերը, որոնցով մենք պետք է ղեկավարվենք` արձագանքելով այն բոլոր հիմնախնդիրներին, որոնք առնչվում են ղարաբաղյան հարցի կարգավորմանը»:
Արձագանքելով` Լ. Ալավերդյանը ԼՂՀ սահմանադրությանը հակասող քաղաքականության տարրեր տեսավ Հայաստանում. մի շարք ԶԼՄ-ներ` հեռուստատեսությունն ու նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տարիներ շարունակ տպագրում եւ ցուցադրում են եղանակի տեսությունը` աշխարհում գոյություն չունեցող քարտեզի վրա, որտեղ ԼՂՀ-ն նկարված է որպես ԼՂԻՄ:
Երկու օր առաջ Բաքվում ավարտվել է Եվրոխորհրդի իրականացրած «Միջմշակութային երկխոսություն» միջոցառումը, որին Հայաստանը չէր մասնակցում. «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր`Վարդան ԽաչատրյանըՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մրցակցային վիճակի բախտորոշ այս փուլում դա մտահոգիչ համարեց, մանավանդ որ ներկայացուցչական այդ միջոցառումն օգտագործվել է ընդդեմ Հայաստանի, անգամ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն իր ելույթում ընդունել է, որ տեղի է ունեցել մշակութային հուշարձանների ոչնչացում` «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում»: Ալիեւ կրտսերը նույնպես իր բացման խոսքում բազմիցս փաստել է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, բացի այդ ոչ մի ադրբեջանական մշակութային հուշարձան չի պահպանվել Հայաստանի օկուպացրած տարածքներում: Այս մոտեցումը պայմանավորված է եղել մեծ մասամբ նրանով, որ Հայաստանը մասնակցություն չի ունեցել, համոզված էր պատգամավորը` հարցնելով. «Որքանո՞վ է այս մոտեցումը համադրելի մեր` նախաձեռնողական անվանվող արտաքին քաղաքականության հետ»:
Մշակույթի նախարարՀասմիկ Պողոսյաննասաց, թե սպասել են հրավերին, բայց հրավերը գալուց հետո հանգամանքները փոխվել են. Եվրոխորհուրդ ուղղված հրավերը ոչ պատշաճ արտահայտություններ է պարունակել, որը հայկական կողմի համար ընդունելի չի եղել, ապա եւ սկսել է շրջանառվել փաստաթուղթ, որի մեջ եղած տերմինաբանությունը եւս նոր եւ անհայտ է եղել Հայաստանի համար եւ ոչ մի ձեւաչափում այս փաստաթուղթը հայկական կողմից մշակված չի եղել. «... ի սկզբանե ոչ ասել ենք մեր մասնակցության մասին, ոչ էլ բացառել ենք մեր մասնակցությունը, այդ իմաստով հայկական կողմը որեւէ պարտավորություն չի ունեցել մասնակցելու այդ ֆորմատի հանդիպմանը»:
Այս պատասխանին արձագանքելով` Վ. Խաչատրյանը նկատեց, թե խնդիրը չմասնակցելու մոտիվները չեն, մենք պայքարի մեջ ենք հնարավոր բոլոր ճակատներում եւ մեր սպասարկած գիծն այստեղ փաստորեն մեր մշակութային արժեքների գենոցիդի խնդիրն է, այնտեղ կարելի էր ուղղակի հակադարձել, ինչպես նաեւ բարձրացնել այն բոլոր խնդիրները, որոնք իրականում գոյություն ունեն. «Արդյոք դուք չե՞ք համարում, որ կատարված աշխատանքը թե՛ Եվրոխորհրդում, թե՛ Մոսկվայում, որը հայ ժողովրդի, նրա մշակութային գործունեության առումով շատ դրական արդյունքներ ունի, այս դեպքում, փաստորեն, հակադարձվել է, եւ մենք հայտնվել ենք ընդհանուր քննադատության ներքո, որը շտկել որեւէ կերպ չեմ պատկերացնում»: Նախարարը պատասխանեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում, եւ չպետք է սպասել, որ այնտեղ կարող էին այլ տիպի դրսեւորումներ լինել, բայց դրա փոխարեն մատնանշեց, թե բոլոր միջազգային ձեւաչափերում հայկական կողմը ունենում է քննարկումներ եւ հանդիպումներ` փոխադարձ հարաբերությունն այդ երկրի մշակույթի նախարարության հետ այնպիսին է, որ նմանատիպ դրույթները, եթե ներառված են լինում փաստաթղթերում, մինչեւ քննարկման փուլն անցնելը հանվում են. «Համենայն դեպս` մեր ներկայությամբ այդպիսի արտահայտություններ չեն եղել», այս մի տողով ամեն ինչ ասաց նախարարը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ