Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում ընդգրկված էին լրացուցիչ մի շարք հարցեր, որոնք առաջարկվում էին քննարկել կառավարության նախաձեռնությամբ, պարտադիր եւ ըստ անհրաժեշտության: Դրանք մի շարք օրինագծեր են, որոնց պայմանականորեն պատգամավորներն անվանում էին հարկային փաթեթ, եւ որոնց ընդունվելու դեպքում, շատերի կարծիքով, հարկային բեռի ավելացում է լինելու մի շարք ոլորտներում:
Ի դեպ, մեկ օր առաջ ԲՀԿ նախագահԳագիկ Ծառուկյանըլրատվամիջոցներից մեկին ասել էր, թե այդ տեսքով եթե քննարկվեն, իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթին:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահՎարդան Այվազյանիցտեղեկացանք, որ այդ տեսքով փաթեթը հանձնաժողովում քննարկվել է դեռ անցած ուրբաթ, եւ կառավարության ներկայացուցիչներին առաջարկվել է մտահոգիչ խնդիրների վերաբերյալ փոփոխություններ կատարել, ընդ որում` անգամ հանձնաժողովի անդամները Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ շաբաթ օրն էլ են քննարկել մտահոգիչ դրույթները: Ըստ Վ. Այվազյանի` թեեւ խոսքն ընդհանուր առմամբ վարչարարական մեխանիզմներ կիրառելուն է վերաբերում, այսինքն` համակարգելուն, սակայն արդյունքում, օրինակ, հաստատագրված վճարների եւ արտոնավճարների մեջ բարձրացումներ կան, առաջարկվում է 10 հազար դրամ, այսպես կոչված, օդի հարկը մտցնել տոմսի արժեքի մեջ, որը հետագայում ավիաընկերությունները պետք է վճարեն: Ի դեպ, փաթեթից առանձնացվել են պետտուրքի եւ ավիացիայի օրինագծերը:
Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք խնդրին, ասենք միայն, որ այս ուրբաթ փաթեթը շահագրգիռ կողմերը կքննարկեն Ազգային ժողովում, հանձնաժողովի նախաձեռնած լսումներին, իսկ մինչ այդ համարվում է, որ փաթեթը վերադարձվել է կառավարությանը` ԱԺ առաջարկների հիման վրա վերանայումներ անելու:
Մ. Խ.