Շարունակվում են փրկարար ծառայության կազմակերպած միջոցառումները
Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 1-2-ը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցավ «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» թեմայով միջազգային ներկայացուցչական ուսումնավարժություն, որին«Ազգը»նույնպես անդրադարձել է:
Իսկ երեկ Երեւանի «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժի դասերը» խորագրով միջազգային ներկայացուցչական գիտաժողով:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ավերվեց հանրապետության տարածքի 40 տոկոսը` 21 քաղաք, 342 գյուղ, 514.000 մարդ անօթեւան է մնացել, 10.000-ը տարբեր վնասվածքներ են ստացել, զոհվել է 25.000 մարդ: Հանրապետության համար այդ ծանր օրերին օգնության ձեռք մեկնեց միջազգային հանրությունը, աղետյալ Հայաստանին օգնեցին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններ, աշխարհի 113 երկրներ, մի շարք միջազգային կազմակերպություններ, ՄԱԿ-ը, Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպություններ եւ այլն: Համատեղ ջանքերով փլատակներից փրկվեցին 39795 մարդ: Միայն Գյումրիում, Սպիտակում եւ Վանաձորում հրդեհների օջախների թիվը հասել է 173-ի: Մինչեւ դեկտեմբերի 16-ը հրշեջները փրկել են 371 մարդու, հայ հրշեջների հետ աշխատել են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի հրշեջները: Միայն առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար մասնակցել են 471 արտասահմանցի բժիշկներ 32 երկրներից: Գիտաժողովի ժամանակ այսպիսի տվյալներ ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտԷդիկ Բարսեղյանը:
«Երկրաշարժից անցել է 20 տարի, ու մենք այժմ պետք է ներկայացնենք, թե այդ ընթացքում ի՞նչ ենք արել ու նման աղետների ժամանակ ինչպե՞ս կարող ենք ճիշտ աշխատել ու որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել: Այն ժամանակ մենք պատրաստ չէինք դիմակայելու, չկային արտակարգ իրավիճակների նախարարություն, չկար փրկարար ծառայություն, համապատասխան ծրագրեր նման աղետներին ճիշտ արձագանքելու համար», ասում է փրկարար ծառայության տնօրենը:
Իսկ այսօր, նրա խոսքով, ոչ միայն փրկարար ծառայությունում, այլեւՙ տեղական ու տարածքային ինքնակառավարման մարմիններում գործողությունների մշակված ծրագիր կա:
Այժմ բոլոր փրկարարները մեկամսյա ուսուցում են անցնում, համապատասխան դասընթացներին առավելագույնս տիրապետելու համար:
Գեներալ-լեյտենանտը ուշադրություն է հրավիրում մի կարեւոր փաստի վրա եւս: Վերջինս նկատում է, որ եթե խորհրդային տարիների շենքերն ու շինությունները կառուցվեին նախագծահաշվարկային փաստաթղթերին համապատասխան, ապա ոչ թե 25000 զոհ կունենայինք, այլ 1000-ից ոչ ավելի:
«Ցավոք, խորհրդային ժամանակներում ոչ մի հսկողություն չի իրականացվել այդ շենքերի, շինությունների սեյսմակայունության համար: Երբ 8 բալանոց երկրաշարժ եղավ Կոբեյում, 3000-ից մեկն էր մահացել, մեզ մոտ երեքից մեկն է մահացել: Իսկ այսօր պետությունը չի կառուցում. պետության կառուցածն էլ խիստ հսկողության տակ է. կառուցում են մասնավոր բիզնեսմենները, որոնք պետք է կառուցեն նախագծահաշվարկային ինստիտուտների տված եզրակացության հիման վրա», ընդգծեց փրկարար ծառայության տնօրենը:
«Հարկավոր է կրթական միջոցառումներ կազմակերպել, պետք է ներգրավել այս միջոցառումների մեջ տեղական բնակչությանը, ՀՀ իշխանություններին: Պետք է զարգացնել բնակչության զգոնությունը, իրազեկությունը, որն անհրաժեշտ է թե՛ նման աղետներից առաջ եւ թե՛ դրանից հետո», ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աղետների ռիսկի նվազեցման գծով խորհրդատուՆինո Անտաձեն:
Անտաձեն հավաստիացնում է, որ աղետների կանխարգելումը պետության առաջնահերթ խնդիրներից է եւ պետական մարմինների հետաքրքրությունն այս հարցում կարեւոր է:
Ուսումնավարժությունների վերաբերյալ իր գոհունակությունը հայտնեց նաեւ Ռուսաստանի ԱԻ նախարարության փրկարար ծառայության կրիտիկական դրությունների կառավարման բաժնի պետի տեղակալԱնդրեյ Լիգոշինը: «Այն, ինչ մենք տեսանք դեկտեմբերի մեկին ու երկուսին, շատ ուրախալի էր, քանի որ ուսումնավարժություններն ապացուցեցին, որ Հայաստանում գործում է միջազգային մակարդակի փրկարարական ծառայություն եւ կան տղամարդիկ, ովքեր պատրաստված են ու կարող են աղետներին ճիշտ դիմակայություն ցուցաբերել», եզրափակեց Ա. Լիգոշինը:
Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեց Սպիտակի երկրաշարժի մասին պատմող կարճ տեսաֆիլմ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ