«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2008-12-02 | #224, 2008-12-03 | #225, 2008-12-04


ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը Հայաստանում են: Երեկ նրանք հանդես են եկել Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, փայլուն ջութակահար Զարեհ Սահակյանցի 75-ամյակին նվիրված համերգով: Նույն սրահում դեկտեմբերի 6-ին «Մոսկվայի վիրտուոզների» համերգը նվիրված կլինի Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին. կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Գյումրիում «Մոսկվայի վիրտուոզները» համերգով հանդես կգան դեկտեմբերի 4-ին:

«Արմենտել» ընկերությունը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» նվագախմբի հայաստանյան համերգաշարի գլխավոր հովանավորներն են:

«Մենք հպարտանում ենք, որ մեր աջակցության շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է նորից վայելել այդքան սիրված «Մոսկվայի վիրտուոզների» արվեստը: Գյումրիի համերգի կազմակերպմանն օժանդակելը տուրք է աղետի զոհերի հիշատակին, միաժամանակ, մեր երախտագիտության արտահայտումը Վլադիմիր Սպիվակովին` 1988 թվականի երկրաշարժից տուժածներին ուղղված նրա բազմամյա բարեգործական գործունեության համար», ասել է «Արմենտելի» գլխավոր տնօրենՆեյչո Վելիչկովը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն, տնօրենության ղեկավարՎալերի Օվսյաննիկովնէլ վստահեցրել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» բազմիցս աջակցել է Հայաստանում ռուսաստանյան մշակույթի գործիչների համերգներին: Սակայն այս դեպքը հատուկ է: Վլադիմիր Սպիվակովն առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց Հայաստանին, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով հսկայական կորուստներ էր կրել: Այսօր` 20 տարի անց, այդ մեծ երաժիշտը եւ մարդը կրկին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին, եւ մենք հիացած նրա տաղանդով, նրան մեր մեծագույն երախտագիտությունն ենք հայտնում անշահախնդիր օգնության եւ մեծահոգության համար»:

Վլադիմիր Սպիվակովի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգները կազմակերպել են Հայաստանի մշակույթի նախարարությունն ու Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4