Մեր շախմատիստների հիրավի պանծալի օլիմպիական հաղթանակի ֆոնի վրա Հայաստանում կրկին աշխուժացան Գարիկ Կասպարովին հայացնելու էժանագին, տխմարագույն փորձերը, իբր նա ժամանակին «պաշտոնապես»ՙ անձնագրային վարկածով իրեն հայ է ճանաչել: Առիթ եղել է գրելու այդ մոլորության մասին, սակայն այս կամ այն անձին, առանց նույնիսկ նրա կարծիքը հարցնելու, հայ դարձնելու անիմաստ ջանքերը Հայաստանում շարունակվում են:
Սիրելի հայեր, երբեք չհավատաք, թե որեւէ չափով հրեայի արյուն ունեցող անձը, հատկապես հանրահայտ, կարող է իրեն այլազգի համարել: Հրապարակայնորենՙ հնարավոր է. Վասիլի Ակսյոնովը եւ Գրիգորի Բակլանովը, որ հրեաներ են, իրենց «ռուս» գրող են համարում: Սա այլ հարց է: Բայց հայամոլ կասպարովասերներին կրկին խորհուրդ կտայի բացել Մոսկվայում լույս տեսած «Աշխարհի 100 նշանավոր հրեաները» գիրքը, որտեղ Քրիստոսի կողքին կտեսնեք նաեւ Գարիկ Կասպարովի, ներողությունՙ Հարրի Վայնշտեյնի անունը: Ճիշտ է, պարզաբանում է տրված, որ նա վերցրել է մոր ազգանունը (դե, ջահել է եղել, առաջնորդվել է «ինչ-ինչ» նկատառումներով): Հանրահայտ է, որ հրեաներն իրենց ազգությունը ճանաչում են մոր կողմով (նա միայն հաստատ գիտե, որ ժառանգն իրենն է, թե ով է «կատարող» հայրը, նշանակություն չունի): Բայց այստեղ խոսքը վերաբերում է աշխարհահռչակ շախմատիստի, ինչպե՜ս կարող է նա հրեա չլինել, եթե նույնիսկ մայրը հայ է:
Իսկ հիմա ձեր ուշադրությունն ենք հրավիրում լրացուցիչ մի այլ պարագայի վրա: Թողնելով շախմատային ասպարեզը, որտեղ նրա ավանդը, իրոք, շատ մեծ է, Վայնշտեյնը դարձել է հրեաներով շրջապատված քաղաքական խրտվիլակ, որը, իբրեւ բոցավառ դեմոկրատ, քաջարի փողոցարշավային պայքար է մղում ռուս կայսերապետականության վերածնման առաջամարտիկիՙ Վլադիմիր Պուտինի դեմ: Թերեւս «ռուս դեմոկրատներից ոչ մեկը արեւմտյան մամուլում այնքան չի փնովում վերջինիս, ընդսմին, բավականին գռեհիկ ոճով, որքան Վայնշտեյնը: Իսկ դա չի կարող դուր գալ ռուս նացիոնալիստներին: Եվ ի՞նչը պիտի հիշատակեն նրանք առաջին հերթին այդ առնչությամբ, իհարկեՙ նորաթուխ արկածախնդիր ռուսատյաց քաղաքագետի «ջհուդահայկական» խառնարյունը: Պե՞տք է սա մեզ: Համոզված եմ, որ ոչ:
Ժամանակին մի առանձին եռանդով Հայաստանում «հայացրին» նաեւ Միխեիլ Սաակաշվիլուն, նույնիսկ նրա ազգանունը դարձնելով մեր ազգային ականջի համար շատ ավելի հարազատ ու համահունչՙ Սահակաշվիլի: Իսկ այդ անձը տանուլ տվեց Վրաստանի տարածքի մեկ երրորդը: Եվ, ի վերջո, ի՜նչ պիտի ասեն ուշքի եկող վրացիները: Անպայման կասեն, որ հայ էր, դրա համար էլ ծախեց Վրաստանը:
Բովանդակ հայ ժողովրդին կոչ եմ անուն հրաժարվել արհեստական հայացման «տոտալ» քաղաքականությունից: Թե չէ մի տարօրինակ օր կարող է հայտնի դառնալ, որ հայ է նաեւ... Բարաք Օբաման...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա