«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2008-12-03 | #225, 2008-12-04 | #226, 2008-12-05


ՄՈՍԿՎԱՆ, ՓԱՐԻԶԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ»

Հելսինկիում կայացել է Նալբանդյան-Բաբաջան հերթական հանդիպումը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Արմենիան ռիփորթերի» մեկնաբան, «Ազգի» համար, Հելսինկի

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ավագ դիվանագետներ, արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները եւ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդը երեկ Ֆինլանդիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո տարածեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որում վերահաստատվում է, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Նրանք իրենց համատեղ հայտարարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին քաջալերեցին շարունակել նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպման դրական մթնոլորտը:

«Մենք կողմերին կոչ ենք անում առաջիկա ամիսներին աշխատել համանախագահների հետ` կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը ավարտին հասցնելու ուղղությամբ, ապա սկսել աշխատել համապարփակ խաղաղ պայմանագրի վրա, որը հիմնված կլինի այդ սկզբունքների վրա», ասվում է հայտարարությունում, որը ռուսերենով ընթերցեց Լավրովը: Երեք երկրների ավագ դիվանագետները հակամարտության կողմերին հորդորեցին «դիպուկահարներին հեռացնել շփման գծից»:

Լրագրողները տեղեկացվել էին, որ համատեղ հայտարարությունից հետո հարցեր ուղղելու հնարավորություն չի լինի: Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ավելի ուշ հայ եւ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասաց, որ կողմերի միջեւ շարունակվում են մնալ տարակարծություններ կարգավորման հիմնարար սկզբունքներում:

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի նախօրեին` դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումը սովորական հանդիպում էր. «Այն տեղի ունեցավ, որովհետեւ բոլորս այստեղ էինք: Մենք չէինք ակնկալում ճեղքում»:

Բրայզա. Համաձայնագիրը պետք է սկսվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից

Ամերիկացի դիվանագետը, անդրադառնալով տարածքային ամբողջականության սկզբունքին, ասաց, որ «Ադրբեջանը ունի իր տեսակետը, իսկ մենք ասում ենք, որ ղարաբաղյան խաղաղ համաձայնագիրը պետք է սկսվի տարածքային ամբողջականությունից, որովհետեւ այդ սկզբունքը գործում է ողջ աշխարհում: Սակայն համաձայնագիրը չի կարող լինել, եթե նրանում չլինեն կետեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որոշակի աստիճանի եւ կարգավորման գործընթացում ուժ չգործադրելու վերաբերյալ»:

Բրայզան հույս հայտնեց, որ ֆորմալ առումով Ղարաբաղը մի օր կմիանա բանակցություններին, «բայց հիմա էլ միացած են բանակցություններին, քանի որ մենք այցելում ենք Խանքենդի/Ստեփանակերտ, մենք լսում ենք խորհրդարանի անդամներին, տեղի քաղաքական գործիչներին»:

Ադրբեջանցի լրագրողի հարցին` «Ուրեմն դուք ճանաչո՞ւմ եք Ղարաբաղը, քանի որ ասում եքՙ այցելում եք Ղարաբաղ, հանդիպումներ ունենում խորհրդարանում», Բրայզան վրա բերեց. «Ոչ, ոչ, բայց Ղարաբաղում կա մի կառույց, որը կոչվում է խորհրդարան, այդ մարդկանց հետ մենք հանդիպում ենք, պետք է լսել նրանց կարծիքը: Ես չեմ ասում, թե պաշտոնապես ճանաչում ենք Ղարաբաղի խորհրդարանը»:

Էդվարդ Նալբանդյան. «Դա համանախագահի մակարդակի հայտարարություն չէ»

Երեկ երեկոյան Բրայզայի հայտարարությանը անդրադարձավ Հայաստանի արտգործնախարարը: Պարոն Նալբանդյանը պատասխանեց միայն մեկ հարցի եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Ես կցանկանայի հավատալ, որ Մեթյու Բրայզան այդպիսի հայտարարություն չի արել, որովհետեւ դա համանախագահի մակարդակի հայտարարություն չէ, այլ այնպիսի մի մարդու, որը չի ցանկանում, որ ճիշտ եւ նորմալ հունով ընթանան, շարունակվեն բանակցությունները: Հուսով եմ, որ նման հայտարարություն նա չի արել, բայց պետք է նորից նրան հարցնել, երեւի ուրիշ բան է ցանկացել ասել, այդպես է ստացվել: Կամ` կցանկանայի նորից հավատալ, որ ինքը նման հայտարարություն չի արել»:

Այս մինի-հարցազրույցից հետո հայ լրագրողներին կրկին հանդիպեց Մեթյու Բրայզան եւ ասաց, որ ինքը նման բան չի ասել, այսինքն` չի ասել, որ պետք է համաձայնագիրը սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, այլ կարեւորել է հելսինկյան երեք սկզբունքները, տվյալ դեպքում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ ուժի գործադրումից հրաժարումը: Ընդգծենք, որ երեկՙ օրվա ընթացքում Բրայզան հայ եւ ադրբեջանցի լրագրողների ներկայությամբ բառացիորեն ասել էր, որ համաձայնագիրը պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Եվ ընդհանրապես, վերջին ամիսներին նա բազմիցս է նման հայտարարություն արել:

Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների նոր հանդիպում

Երեկ Հելսինկիում կայացավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը: Հավելյալ մանրամասներ հայ-թուրքական բանակցություններից հնարավոր կլինի հաղորդել թերթի վաղվա համարում:

Նշենք, որ ԵԱՀԿ անդամ մի քանի երկրների արտգործնախարարներ իրենց ելույթներում անդրադառնում էին ինչպես ղարաբաղյան կարգավորման հեռանկարին, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: Այսպես, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ասաց, որ «այն քայլերը, որոնք որդեգրել են Թուրքիան եւ Հայաստանը միմյանց հանդեպ, արժանի են մեր աջակցությանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4