Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստան են այցելել 402 հազար զբոսաշրջիկ, ինչը 10,1 տոկոսով ավելի է 2007-ի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվից: Այս տվյալները երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետՄեխակ Ապրեսյանը: Նա նաեւ նշեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 600 հազար մարդու:
Հայաստանում նախընտրում են հանգստանալ Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Եվրոմիության անդամ երկրների քաղաքացիները: Սակայն դրանց 62 տոկոսը հայեր են:
Մեխակ Ապրեսյանի կարծիքով, չնայած մարտի 1-ի իրադարձությունների եւ ռուս-վրացական հակամարտության բացասական ազդեցությանը, Հայաստանում զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ: Ըստ զբոսաշրջության վարչության պետի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ճգնաժամ չկա, թեեւ միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը արդեն զգացվում է:
Ա. Մ.