«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2008-12-03 | #225, 2008-12-04 | #226, 2008-12-05


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԽՈՍՆԵՐԸ ՓՈՔՐԻՇԱՏԵ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

«Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում» թեմայով կլոր սեղանի շուրջ նախորդ օրը բոլորած տարբեր երկրների ավելի քան 50 մասնագետները եւս մեկ օր մեկմեկու կփոխանցեն իրենց երկրներում պահպանվող տարբեր ազգերի պատմության մասին վկայախոսող հուշարձանների վերաբերյալ տվյալները, իրենց զրույցը կշարունակեն Օշականում, այդ ճանապարհին կուսումնասիրեն նաեւ մեր հուշարձանների պահպանության վիճակը:

Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի հրավերով հյուրերի թվում են նաեւ Աղթամարի Սբ. Խաչի եկեղեցու վերականգնման աշխատանքներին մասնակցած ճարտարապետները, որոնցից Զաքարիա Միլտանօղլու հետ զրուցեցինք քննարկման ավարտին: Հաճելի էր բացահայտելը, որ նա հայկական ծագում ունի եւ խոսում է հայերեն: «Շատ գոհ ենք մասնակցության համար, կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունները պիտի ավելի խորացնենք եւ ավելի շատ թուրք մասնագետներ այցելեն Հայաստան: Իմ փափագն է, որ կարճ ժամանակ անց սահմանի փակ դռները բացվեն: Վերջին 2-3 տարիներին Թուրքիայում նկատելի փոփոխություններ են կատարվում, Հայաստանի արտգործնախարարի վերջին այցը Թուրքիա չափազանց կարեւոր էր: Անշուշտ, խնդիրները շատ են, բայց դրանք մեկ գիշերվա մեջ չեն ծագել, որ նույն ժամանակում էլ լուծվեն: Թուրքիայի կառավարության աջակցությամբ, ինչպես գիտեք, նորոգվել են Սբ. Խաչ եկեղեցին եւ նրա կողքի երկու մատուռները: Հայկական մյուս եկեղեցիները վերանորոգելու ծրագիրը շարունակելու համար նյութական դժվարություններ կան, հիմա վերանորոգվում է Կարսի Սբ. Առաքելոցը», ասաց Միլտանօղլին: Երբ նրան տեղեկացրի, որ անցած տարի եղել եմ Կարսում ու տեսել Առաքելոցի ներսում կատարվող ձեւափոխությունները, ասաց, որ ինքը դեռ չի դիտել կատարված աշխատանքն ու չի կարող խոսել լավ ու վատ կողմերի մասին: Իր համար գոհացուցիչ է, որ վերջերս վերանորոգվել է Վանի փոքրիկ եկեղեցիներից մեկը, որի անունը հայտնի չէ իրենց, բլրի վրա է գտնվում, կիսով չափ քանդված է եղել, բայց հաջողվել է տեսքի բերել: «Քանի որ եկեղեցին փոքր էր, ծախսերն էլ նույնչափ եղան: Սա էլ հայկական մյուս եկեղեցիների պես վերանորոգվելուց հետո թանգարան պիտի դառնա: Հարկավ, թուրքական կառավարությունը մտադիր չէ վերանորոգել հայկական բոլոր եկեղեցիները, պարզապես Աղթամարի Սբ. Խաչն ու Կարսի Առաքելոցը խորհրդանշական իմաստ ունեին», ասաց նա: Պատմական հուշարձանների վերանորոգումը խրախուսելի, բայց նվազ սփոփիչ երեւույթ է Թուրքիայի հայության համար, որովհետեւ, ինչպես Միլտանօղլին է ասում, մի կողմից կառավարությունը վերանորոգում է հուշարձանները, մյուս կողմից խլում է հայերին պատկանող շենքերը, ծաղրի է ենթարկում Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունըՙ սքողելով իրական հանցագործների անունները:

Այս հանդիպում-քննարկումը պատմական հուշարձանների ճարտարապետ Դան Կիսիլյովիչի համար հրաշալի առիթ է հայաստանցիներին պատմելու Ռումինիայում պահպանվող հայկական հուշարձանների մասին: Պետական ցուցակում կան ավելի քան 29 հազար հուշարձաններ ու հնավայրեր, որոնցից հնագույնները կառուցել են Ռումինիայում վաղնջական ժամանակներից բնակություն հաստատած ժողովուրդները, այդ թվումՙ հայերը: «Դրանք մեր ազգային ժառանգությունն են, մեզ մոտ գոյություն չունի ազգային խտրականություն եւ բոլոր հուշարձանները պահպանվում են պետության կողմից: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Ռումինիայում ամենից դժվարը պահպանության հետ կապված ֆինանսական հարցերն են: Ռումինիայում քաղաքական վիճակը պարտադրում է կանաչ լույս գցել որոնելու ֆինանսավորման այլ աղբյուրներ: Իհարկե, կառավարության առջեւ բոլորն են զանգ հնչեցնում այս կամ այն հուշարձանը վերանորոգելու համար, պահանջներն ավելին են հնարավորություններից, եւ պետք է միջոցներ փնտրել դրանք իրականացնելու: Հայկական հուշարձանների վերաբերյալ կարելի է ասել, որ վերջին տարիներին բավականին առաջընթաց կա շնորհիվ հայկական համայնքի աջակցության: Ռումինահայերը նույնիսկ փոխզիջումների գնով որոնում ու գտնում են հայկական եկեղեցիները պահպանելու միջոցները», ասաց նա:

Իսկ թե ինչպես են մեր երկրում պահպանվում հայկական հուշարձանները, մասնակիցները կհամոզվեն ու գուցե կարծիք կհայտնեն քննարկման ավարտին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4