Հայաստանի ընդդիմադիր թերթերից մեկը մի անգամ գրել էր, թե հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդը համատեղ բիզնես ունի... Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Մոսկվայի հայերս մտահոգվեցինքՙ գուցե Ռուսաստանի միակ միլիարդատեր կինը անտե՞ր է թողել իր նշանավոր ամուսնուն, եւ վերջինս դիմել է նման հուսահատ քայլիՙ ակնկալելով հայ եկեղեցու նյութական աջակցությունը: Կամՙ գուցե հայոց ընդդիմությունն էր փորձել շանտաժի միջոցով «թեմական» օգնություն ստանալ նախընտրական պայքարում: Վարկածներ կային...
Սակայն եթե իշխանության համար մղվող եզակի անողոք պայքարում թույլատրելի է ամեն ինչ, քանզի քաղաքագետներին ի վերուստ անտի միշտ էլ պատվո պատվանդանին են կանգնեցրել մարդկության հնագույն արհեստի ներկայացուցիչների հետՙ վերջիններիս հարիր բոլոր «յուրահատկություններով», ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ նույն անձի դեմ նույնքան տխմար գործողություն է ձեռնարկել հայոց գրող մտավորականության խոսափողըՙ «Գրական թերթը»: Համենայն դեպս մոսկվացի հայերը տարակուսանքի մեջ են:
Մի կողմ թողնենք թերթում հրապարակվածՙ Ռուզան Ասատրյանի «Հավատք եւ հավաքականություն» կրոնա-փիլիսոփայական «տրակտատի» էկզոտիկ ինքնարտահայտումները. դա նրա անձնական իրավունքն էՙ մարդու իրավունքը: Ապշեցնում են նրա լերկ դատողությունները մոսկովյան թեմի առաջնորդի գործողության, վերջինիս ու նրա նախորդի միջեւ բռնկած հակամարտության շուրջ: Ասատրյանը փնովում է մի մարդու, որի անունն էլ չգիտե. Էզրաս չէ Սրբազանի անունը, օրիորդ թե տիկին, այլ Եզրաս: Սաՙ ի դեպ:
Եզրաս սրբազանի նախորդի վերաբերյալ արված հոգեպարար զեղումներին հակադրենք սոսկ մի փաստ: Իր առաջնորդության երեք տասնամյակների ընթացքում Տիրան Կյուրեղյանը չբարեհաճեց գոնե վերանորոգել հիշատակված Սուրբ Հարություն եկեղեցին, որն այսօր էլ հավատացյալներին է ներկայանում իր անշուք տեսքով: Այդ «գողտրիկ, անձեռնմխելի փոքրիկ հողակտորը» վերածված էր բազարի, որտեղ, փառք Աստծո, «առեւտուր անողների» մեջ բացակայում էին միայն հատկապես այն տարիներին Մոսկվայի կոլորիտը կազմող... ադրբեջանցիները: Գիտե՞ Ասատրյանը, որ Եզրաս սրբազանին սպառնացողների մեջ որակ էին կազմում ամեն տեսակ քրեական հեղինակությունները:
Սակայն խաչ քաշենք անցյալի վրա եւ Ասատրյանին ներկայացնենք ներկա իրողությունները, որոնց այնքան անհաս է «լրագրողը»: Եթե դու, Ասատրյան, երբեւէ եղած լինեիր Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական հոյակերտ համալիրի շինարարությունում, ապա, հայավարի ասած, ներող եղիր, գետինը կմտնեիր այդ թեմայով արված ճամարտակություններիդ համար: Դու գրում ես, որ այն կառուցվում է... Արբատում: Ո՞ր անգետն է քեզ ասել, որ Ռուսաստանի մայրաքաղաքի հնամյա, գերհագեցած ու գերխճողված թաղամասում կարելի էր գտնել 250000 քմ ազատ տարածք ու այն սիրահոժար տրամադրել հայերին: Թեեւ, անկեղծ ասած, Օլիմպիյսկի պողոտան եւս պակաս հարգաշատ վայր չէ:
Ճիշտ է, համալիրի հիմնադրման օրվանից անցել է 10 տարի, բայց Եզրաս սրբազանը այն սկսել է կառուցել սոսկ երկու տարի առաջ: Եվ եթե, կրկնում ենք, Ասատրյանը տեսներ տակավին երեսպատվող տաճարը, արդեն ավարտին մոտեցող մատուռը եւ ձեւավորվող հսկա վարչական մասնաշենքը, ապա սրբապիղծ կլիներ, եթե չխոնարհվեր այդ մասշտաբային հոյակերտության առջեւ: Իմացիր, այդ համալիրը խոշորագույնն է սփյուռքում եւ զիջում է միայն Սբ. Էջմիածնին: Գիտե՞ս, հոյակերտ այդ տաճարն արդեն ստվեր է գցում դիմացի 16-հարկանի շենքի վրա...
Ասատրյան, եթե դու տարրական բարեխղճություն ունենայիր, ապա գոնե կխոսեիր, կզրուցեիր եկեղեցու բարերարների, մեկենասների հետ, եւ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ կանեիր: Եզրաս սրբազանի անձի ու գործունեության մասին հարցնեիք, ասենք, մեծ ինտելեկտուալՙ «Տրոյկա Դիալոգ» ֆիրմայի տնօրեն Ռուբեն Վարդանյանին, Ռուսաստանի խոշորագույն շինկազմակերպություններից մեկիՙ «Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանին: Եթե շարունակենք այս ցուցակը, ապա դրա մեջ կընդգրկվի Մոսկվայի եւ Ռուսաստանի հայության ողջ ընտրանին: Ի վերջո, Ասատրյան, ի՜նչ գիտես դու հանկարծամահ եղած գերազնիվ մարդուՙ համալիրը կառուցող Մերուժան Լալայանի մասին: Քեզ հայտնի՞ է, որ նա իր մահկանացուն կնքեց հենց եկեղեցու հրապարակումՙ բառացիորեն Եզրաս սրբազանի ձեռքերի վրա: Ի՞նչ ես կարծում, եթե նա տեղյակ լիներ սրբազանի «մեքենայություններին», ապա գիշեր-ցերեկ կանցկացնե՞ր Օլիմպիյսկի պողոտայի մրջնանոցում, ի դեպ, ներդնելով նաեւ իր անձնական ոչ քիչ միջոցները: Կառույցը հիրավի միլիոններ է պահանջում, եւ բոլոր ազնիվ հայորդիքՙ մեծահարուստներից մինչեւ թոշակառուն, ի սրտե օգնության ձեռք են մեկնում մեր եկեղեցուն, անձամբ սրբազանին: Մեկըՙ ֆինանսներով, մյուսըՙ շինտեխնիկա տրամադրելով, երրորդըՙ շինանյութեր մատակարարելով եւ այլն: Իսկ տարբեր մակարդակի հայազգի ազդեցիկ անձինք լուծում են ամենաբազմազան վարչական հարցերը: Հավատացեք, եթե այդ բոլոր հայերը չհարգեին սրբազանին եւ չգնահատեին նրա արածը, ապա պարզապես մի կողմ կքաշվեին:
Իր հոգեւոր-ազգային առաքելության իրագործման իրական հինգ տարվա ընթացքում թեմի առաջնորդի ջանքերով կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, նորացվել են հները, բացվել են հայկական դպրոցներ, մշակութային օջախներ եւ այլն: Բուն Մոսկվայում նա հիմնանորոգել է քառահարկ մի շենք եւ այն դարձրել բարձրակարգ կրթական կենտրոն: Հրատարակում է գրքեր, ամսագիր, ամսաթերթ, օրացույցներ: Նրա ծառայությունն է, որ նշանավոր Պոկլոննայա Գորայի Հաղթանակի զբոսայգում շուտով կկառուցվի հայկական եկեղեցիՙ ռուս ուղղափառ եկեղեցու, մզկիթի ու սինագոգի հարեւանությամբ: Ո՜րը թվարկես:
Ի վերջո ինչի՜ մասին ենք խոսում: Մարդուն պետք է մեղադրել փաստերով, եւ ոչ թե գուշակություններով: Ըստ էության ողորմելի է ոչ թե Ասատրյանը, այլ նրա պատվիրատուն, գուցեեւՙ պատվիրատուները: Ինչի՞ են ձգտումՙ Աստված գիտի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա