Մեր վաղվա համարը կարելի է Սարոյանական համարելՙ շարունակում ենք արվեստի մասին Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի զրույցների հրապարակումը: Մեծ գրողի հայաստանյան այցելությունների լուսանկարչական վավերագրության հրաշալի ալբոմ է հրատարակել արվեստագետ լուսանկարիչ Պողոս Պողոսյանը: Ալբոմի մասին անդրադարձըՙ Յուրի Խաչատրյանի «Վիլյամ Սարոյանի լուսանկարչական սագան» հոդվածում:
Վ. Սարոյանի ինքնատիպ կերպար է ստեղծել Ամստերդամում ապրող մեր հայրենակից Համբարձում Սահակյանըՙ գրողի, իր հերոսների, սեփական կենսագրության համաձույլ հուշի գեղարվեստական արտահայտությամբ:
Ճամփորդական տպավորություններ-լոնդոնյան թանգարանային մշակույթ: Հակոբ Ավետիքյանըՙ Լոնդոնի Tate ժամանակակից արվեստի պատկերասրահի պատմության, միջավայրի, արվեստը ներկայացնելու եւ նկարչության շուրջը հետաքրքրություն առաջացնելու եւ այլ տպավորությունների մասին:
Արհեստների ու արվեստների, արեւելյան ու արեւմտյան մշակույթների ինքնահատուկ մեկտեղումների քաղաք հին Գյումրինՙ նոր հայացքովՙ Լեւոն Լաճիկյանի «Իմ Գյումրին» գծանկարչական շարքի առիթով:
Գերմանական «Դեր Շպիգել» շաբաթաթերթի հարցազրույցը (Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ)ՙ թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի հետ:
Մ. Բ.