«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2008-12-03 | #225, 2008-12-04 | #226, 2008-12-05


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ

Արդեն ավանդույթ է դարձել միջազգային խոշոր մրցաշարերում մրցանակակիրներ դարձած հայ մարզիկների եւ նրանց մարզիչների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելը: Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Պեկինի օլիմպիական խաղերում, շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում եւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալների արժանացած հայ մարզիկների եւ նրանց մարզիչների պարգեւատրման արարողությունը, որը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ պարգեւատրման արարողությունը, դահլիճում ներկայացվեց մեր մարզիկների նվաճումներին եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը նվիրված տեսաֆիլմը: Այնուհետեւ իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային նվագախումբը, պարի պետական համույթըՙ Վանուշ Խանամիրյանի գլխավորությամբ, ապա բեմ հրավիրվեցին պարգեւատրման ներկայացվածները:

Նախագահ Սերժ Սարգսյանը 10-ական միլիոն դրամով եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներով պարգեւատրեց Պեկինի օլիմպիադայում բրոնզե մեդալների արժանացած ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանին, Գեւորգ Դավթյանին, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին, բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանին եւ Յուրի Պատրիկեեւին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը պարգեւատրվեցին «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով: Չինաստան մրցումների մեկնած Լեւոն Արոնյանին ավտոմեքենան կհանձնվի ավելի ուշ:

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ Էդուարդ Համբարձումյանին եւ Հովհաննես Դանիելյանին, ինչպես նաեւ արծաթե մրցանակակիր Ցոլակ Անանիկյանին հանձնվեցին «Ժիգուլի-07» մակնիշի ավտոմեքենայի բանալիներ: 20 մլն դրամ եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա ստացավ ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, նրա օգնական Պողոս Պողոսյանը պարգեւտրվեց 6 մլն դրամով եւ «Ժիգուլի-07» մակնիշի ավտոմեքենայով:

10-ական միլիոն դրամ եւ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա ստացան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ ծանրամարտի մարզիչ Վահան Բիչախչյանը: Տարբեր չափի դրամական պարգեւներ եւ «Ժիգուլի-07» մակնիշի մեքենաներ հանձնվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչներ Էդուարդ Սահակյանին, Համլետ Հովհաննիսյանին, բռնցքամարտի մարզիչներ Կարեն Աղամալյանին եւ Գեւորգ Միսակյանին: Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պարգեւատրվեց 5 մլն դրամով եւ «Նիվա» մակնիշի մեքենայով: 5 մլն դրամ ստացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4