Ուրբաթ օրըՙ դեկտեմբերի 5-ին Հալլե-Զաալեի Բրանդբերգե մարզադահլիճում Սյուզի Քենտիկյանը 8-րդ անգամ կպաշտպանի աշխարհի WBA, WIBF չեմպիոնի իր տիտղոսըՙ ռուս Անաստասիա Տոկտաուլովայի դեմ մրցապայքարում: Այն, ինչպես միշտ, ուղիղ կհեռասփռի Pro Sieben-ըՙ տեղական ժամանակով 22.50-ին:
21-ամյա անպարտելի Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում 22 մրցամարտից 16 ավարտել է նոկաուտով: 31-ամյա Անաստասիան նախկինում բազմիցս աշխարհի չեմպիոն է ճանաչվել, փորձառու բռնցքամարտիկ էՙ պրոֆեսիոնալ 22 մրցամարտից 13-ում հաղթող է ճանաչվել, 9 անգամ պարտություն է կրել:
«Այս անգամ տեխնիկապես մաքուր բռնցքամարտ է լինելու, վստահեցնում է Քենտիկյանը երկրպագուներինՙ հիշեցնելով սեպտեմբերի 4-ին Դյուսսելդորֆում կայացած իր վերջին մրցամարտը իսրայելցի բռնցքամարտիկ Հագարի Շմուլեֆելդ Ֆայների դեմ, «ում գործողությունները, ցավոք, կապ չունեին բռնցքամարտի հետ»: Անաստասիան մաքուր է խաղում: Որպես աշխարհի նախկին չեմպիոնուհի նա իսկական բռնցքամարտ է ցույց տալիս»:
Ան. Հ., Գերմանիա