«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2008-12-04 | #226, 2008-12-05 | #227, 2008-12-06


ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ Վ. ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԲՀԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՅՑԵԼԵՑ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Սպիտակի աղետալի երկրաշարժի 20-ամյա տարելիցի առթիվ Հայաստան են հրավիրել այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ունեցել երկրաշարժից հետո Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում տարվող վերականգնողական աշխատանքներին: 88-ի արհավիրքից անցել է 20 տարի, սակայն նախկին Խորհրդային Միության երկրների ժողովուրդների սրտերում դեռեւս մնացել է Սպիտակի երկրաշարժի օրերի, դրա հետեւանքների դառը հիշողությունը: Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին 6 ամիս շարունակ իր մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել նաեւ հայ ազգի բարեկամ, Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայումս` «Ռեգիոնների» կուսակցության ղեկավար Վիկտոր Ֆեոդորի Յանուկովիչը:

Երեկ Վիկտոր Յանուկովիչը այցելեց Գյումրի, որտեղ վերջինիս դիմավորեցին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը եւ պաշտոնատար այլ անձինք:

Գյումրիում Վ. Յանուկովիչը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծաղկեպսակներ դրեցին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու հարեւանությամբ տեղակայված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այնուհետեւ ուղեւորվեցին Լոռու մարզ` Սպիտակ քաղաք:

Սպիտակի հրապարակը, որն անվանակոչված է Վիկտոր Յանուկովիչի անունով` մարդաշատ էր: Հրապարակում ներկա գտնվողները Ուկրաինայի նախկին վարչապետին գովասանքի պաստառներով ու ծափողջույններով դիմավորեցին: Վ. Յանուկովիչն ու ԲՀԿ անդամները այստեղ նույնպես հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Սրտի կսկիծով եմ հիշում այն ամենը, ինչ տեղի էր ունենում մեր աչքի առջեւ: Չկար որեւէ մի տուն, որտեղ կարող էիր ապրել. ամեն ինչ փլատակի էր վերածվել; Մի քանի վարկյանների ընթացքում զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, 100 հազարները մնացին անօթեւան: Այսօր տեսնում եմ բոլորովին ուրիշ դեմքեր, բայց այդ ցավալի հիշողությունները դեռեւս մնացել են. մնացել են օդում կախված», նշեց Վ. Յանուկովիչը` հավելելով, որ աղետը հայ ժողովրդի ողբերգությունն էր, եւ հայերին ցավակցում էին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Գրեթե բոլոր հանրապետություններն էլ մասնակցեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքներին: Վ. Յանուկովիչին շնորհվեց նաեւ Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղետալի երկրաշարժը մինչեւ այսօր խոր սպի է թողել տեղի բնակչության սրտերում: Իսկ երկրաշարժից տուժածները, ովքեր բնակարաններ չունեն, մինչեւ 2013-ը կառավարության որոշման համաձայն պետք է ապահովված լինեն բնակարաններով: Առաջնայինը, որն ընդունվել է աղետի գոտու վերականգնման հայեցակարգով 6985 ընտանիքներին մինչեւ 2013-ը բնակարաններով ապահովելն է, ընդ որում միայն Գյումրիումՙ 3500 բնակարան: Դա իրականացվելու է ՀՀ քաղաքաշինության ուժերով, ԲԳՎ ծրագրի ու նոր բնակարանների կառուցման ճանապարհով:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-Շիրակ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4