Գերմանիայի հարավում հրատարակվող «Գմյունդեր թագեսփոստը» դեկտեմբերի 5-ի իր համարում անդրադարձել է Գյումրիինՙ գունավոր լուսանկարներով պատմելով դժգույն ճակատագրերի մասին:
Հատկապես տարվա այս եղանակին, երբ Կովկասի հարավում ցրտում է, Հայաստանի հյուսիսային քաղաք Գյումրիում կյանքը դժվարանում է: 1988-ի երկրաշարժից ավերված քաղաքում մինչեւ հիմա 12.000 մարդ ապրում է «կոնտեյներներում»: Նրանց մեջ նաեւՙ 75 երեխա, ովքեր 4 տարի առաջ Գյումրիում գերմանացիների հիմնած «Գթասրտության խոհանոցի» աջակցությունն են ստանում: Քահանա Կարլ-Հայնց Շայդեն Երեւանում գտնվելիս այցելում է նաեւ Գյումրի: Երեխաներին նրա այցը ուրախացնում էՙ գիտենՙ նվեր է բերելու: Այս անգամ էլ Շայդեն փաթեթներ ունիՙ տաք հագուստ, որ համայնքի աշխատասեր կանանց ձեռքի գործն է: Երեխաների խնամատարությունն իրականացնում է Գեղանուշ Գյունաշյանի ղեկավարած սոցիալական կենտրոնը, ուր աշխատում են իր նման 8 կամավորներ: Այստեղ հոգ են տանում, որ երեխաները դպրոց գնան, ուտեն ու մինչեւ երեկո մնան կենտրոնում, հետո վերադառնան իրենց «կոնտեյներ»ՙ ծնողների կամ հարազատների մոտ: Գմյունդերի դպրոցները նստարաններ ու համակարգիչներ են առաքել Գյումրի: Թերթի հոդվածագիրը ներկայացնում է երեխաների տխուր ճակատագրերը. Ղերջյանների (գերմաներենից տառադարձելիս հնարավոր է ազգանուններում անճշտություն լինի) ընտանիքում մայրը մահացել է ուղեղի քաղցկեղից, հայրը հարբեցող է, եւ երեխաների խնամքով զբաղվում է կենտրոնը: Տիկին Զաքարյանը միայնակ է մեծացնում իր 3 երեխաներին, որ 1988-ից «կոնտեյներում» են ապրում: Ծառուկյանների գործազուրկ ընտանիքն ապրում է մի վագոնում: Երեխաների մի մասը հաշմանդամ է: 12-ամյա Գոհարիկը մոր հետ ապրում է թիթեղյա տնակում. մինչ կենտրոնի նրան հայտնաբերելը, դպրոց չի հաճախել: Կենտրոնը մորն էլ է աջակցելՙ սնունդ է տվել եւ հոգ տարել, որ Գոհարիկը շուտափույթ դպրոց հաճախիՙ իր հասակակիցներից 5 տարի հետո: Վերջապես Հախվերդյան ընտանիքը. 5 երեխաներին հոգ է տանում 25-ամյա մայրը, հայրը վերջերս է հեռացել: Ահա այս ճակատագրերն են, որ Շայդերին պարտադրում են նորից Գյումրի գնալՙ այնտեղի ցավը մի փոքր մեղմելու հույսով:
Հոդվածին կցված է մի հաշվեհամար, որին կատարված դրամական փոխանցումն ուղարկվելու է «Գթասրտության խոհանոց»-ին:
Ուզում ես հավատալ, որ հաջորդ տարիՙ երկրաշարժից 20 տարի հետո նման հոդվածներ տեղական ու դրսի մամուլում էլ չես գտնելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա