«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2008-12-04 | #226, 2008-12-05 | #227, 2008-12-06


ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴԸ ԿՐԿՆՈՒՄ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆ Է

Էդվարդ Նալբանդյանը ընդգծում է երկու այլ սկզբունքներ` ինքնորոշման իրավունք եւ ուժի գործադրումից հրաժարում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Արմենիան ռիփորթերի» մեկնաբան, «Ազգի» համար, Հելսինկի

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը երեկ Հելսինկիում հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը կարգավորման հիմնական սկզբունքն է: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը մամուլի ասուլիսում մեր հարցին ի պատասխան բառ առ բառ կրկնեց այն, ինչ նախօրեին ասել էր Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

Պարոն Բրայզայի հայտարարությունից հետո, ինչպես տեղեկացրել էինք «Ազգի» երեկվա համարում, հայ լրագրողներին մոտեցավ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ կասկածի տակ դրեց, թե ամերիկացի համանախագահը կարող է նման բան ասած լինել:

«Ես կցանկանայի հավատալ, որ Մեթյու Բրայզան այդպիսի հայտարարություն չի արել, որովհետեւ դա համանախագահի մակարդակի հայտարարություն չէ, այլ այնպիսի մի մարդու, որը չի ցանկանում, որ ճիշտ եւ բնական հունով ընթանան, շարունակվեն բանակցությունները: Հուսով եմ, որ նման հայտարարություն նա չի արել, բայց պետք է նորից նրան հարցնել, երեւի ուրիշ բան է ցանկացել ասել, այդպես է ստացվել: Կամ` կցանկանայի նորից հավատալ, որ ինքը նման հայտարարություն չի արել», ասել էր Նալբանդյանը եւ հեռացել:

Մեթյու Բրայզան, հավանաբար հայկական կողմի հորդորների արդյունքում, մոտեցավ հայ եւ ադրբեջանցի լրագրողներին ասաց, որ կարգավորման հարցում կարեւոր են Հելսինկյան ակտի բոլոր երեք սկզբունքները` ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի գործադրումից հրաժարում:

Երեկ սակայն Ֆրիդը Հայաստանին նյարդայնանալու նոր առիթ տվեց: Շահարկումներից խուսափելու նպատակով ներկայացնենք մեր հարցը Ֆրիդին եւ նրա պատասխանը:

Մեր հարցը Ֆրիդին. «Երեկ Ադրբեջանի պատվիրակությունը տարածել է գրավոր փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ «հակամարտությունը կարող է լուծվել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ տարածքային ամբողջականության հարգման հենքով»: Պարոն փոխպետքարտուղար, որպես ամերիկյան բարձրաստիճան դիվանագետ, ով մոտիկից հետեւում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, համաձա՞յն եք, որ մադրիդյան փաստաթղթում Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքն է: Այդ փաստաթղթում այլ սկզբունքներ չկա՞ն»:

Ֆրիդի պատասխանը. «Տարածքային ամբողջականությունը գլխավոր սկզբունքն է եւ փաստորեն դա այն սկզբունքն է, որից մենք սկսել ենք: Կան այլ սկզբունքներ, եւ Մինսկի խմբի աշխատանքն է համատեղել այդ սկզբունքները, այնպես որ խուսափենք բանավեճերից, այլ իրականում հասնենք այն բանին, որին ձգտում ենք` կարգավորմանը: Մինսկի խումբը առաջարկել է սպեցիֆիկ գաղափարներ... Մենք պետք է խուսափենք բոլոր տեսակի սպառնալիքների հռետորությունից, եւ փոխարենը ես հորդորում եմ եւ Մինսկի խումբն է հորդորում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին` աշխատել հասնելու կարգավորմանը, որը երբեք մոտ չի եղել»:

Երեկ Հայաստանի արտգործնախարարը ճեպազրույց տվեց Հելսինկիում աշխատող հայ լրագորղներին: Երբ մեջբերեցինք Ֆրիդի մեկնաբանությունները, նախարար Նալբանդյանը այսպիսի պատասխան տվեց. «Ես հասկանում եմ, որ կարելի է տարբեր ըմբռնումներ ունենալ հայտարարություններից եւ կարելի է ենթատեքստից հանել հայտարարությունները, բայց մեկ բան դուք պետք է իմանաք. եթե մինչ հիմա չէր խոսվում ընդհանրապես մյուս սկզբունքների մասին եւ չէր խոսվում ինքնորոշման իրավունքի մասին, այսօր բացահայտ խոսվում է: Երբ ես զարմանք հայտնեցի եւ ասացի, թե չեմ հավատում, որ Բրայզան կարող է նման բան ասած լինի, հետո ես իմացա, որ Բրայզան ինքը ժխտել է, ասել է, որ ինքը նման բան չէր կարող ասել... Հստակ է, որ այդ (ղարաբաղյան) բանակցությունները միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա են (ընթանում): Եթե ադրբեջանցիներն ասում են, որ դա ճիշտ է, եւ պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա, ուրեմն դա նշանակում է, որ սկզբունքները եւ նորմերը պետք է կենտրոնանան մե՞կ սկզբունքի վրա: Ներողություն, այդ ամենը ոտքերից գլխի վրա դնել է նշանակում: Կան սկզբունքներ, կան միջազգային օրենքի նորմեր եւ այդ սկզբունքների եւ նորմերի մեջ կա նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Եվ դրա վրա ենք մենք աշխատում, եւ աշխատում ենք նրա վրա, որ ուժ չգործադրվի, ուժի գործադրման սպառնալիք չլինի: Սա է մեր բանակցությունների հիմքում»:

Մեր կողմից նկատենք, որ 1998-ից ի վեր, երբ միջնորդները հակամարտության կողմերին ներկայացրին «Ընդհանուր պետություն» առաջարկը, այդ եւ դրանից հետո արված ղարաբաղյան կարգավորման բոլոր ոչ պաշտոնական առաջարկները եւ նախագծերն այս կամ այն կերպ ներառել են նաեւ ինքնորոշման սկզբունքը: Եվ ընդհանրապես, վերջին տասը տարիներին անդադար խոսք է գնացել միջազգային իրավունքի երկու սկզբունքները` տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշումը «հաշտեցնելու» մասին, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, ասաց. «Երբ խոսում ենք Մադրիդի սկզբունքների մասին, դա չի նշանակում, թե Հայաստանը ընդունել է, այդպես չէ: Ադրբեջանը ամիսներ շարունակ ձեւացնում էր, որ այդպիսի առաջարկներ գոյություն չունեն: Այսօր նշվում է, որ այդպիսի առաջարկներ կան»:

Նալբանդյանը Ադրբեջանին մեղադրում է գերզինվելու եւ Մոսկվայի հռչակագիրը կամայական մեկնաբանելու մեջ

ԵԱՀԿ նախարարական հանդիպման երկու օրերի ընթացքում կազմակերպության անդամ բոլոր 56 երկրների ներկայացուցիչներին ելույթի հնարավորություն է տրվում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթը համեմատած նախորդ տարիների ելույթների հետ, պակաս ագրեսիվ էր: Փոխարենը, այս անգամ Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման իր պատկերացումներն էր տարածել գրավոր փաստաթղթի տեսքով:

Այդ փաստաթղթում Ադրբեջանը ներկայացրել է կարգավորման իր պատկերացումները. Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինուժը Ադրբեջանի «գրավյալ բոլոր շրջաններից», տեղահանվածները պետք է «անվտանգ եւ արժանապատվորեն» վերադառնան իրենց բնակավայրերը` «Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ», անհրաժեշտ է հաշտության եւ հանդուրժողականության հատուկ ծրագիր` «Լեռնային Ղարաբաղի շրջանի երկու համայնքների միջեւ համագործակցություն» հաստատելու նպատակով, տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն երկկողմանի օգտագործման համար:

Երեկ նախարար Նալբանդյանը իր ելույթում քննադատեց Ադրբեջանին, ասելով, որ այդ երկիրը կամայականորեն է մեկնաբանում Մոսկվայի հռչակագիրը եւ բանակցությունների ողջ գործընթացը: Նախարարը հիշատակեց ԵԱՀԿ-ում Ադրբեջանի տարածած գրավոր տեքստը, ասելով, թե չի ցանկանում անգամ մեկնաբանել:

Նալբանդյանը ափսոսանքով նշեց, որ Ադրբեջանի գերռազմականացումը, որը հակասում է նրա ստանձնած միջազգային պարտավորություններին, համարժեք պատասխան չի ստանում Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի անդամ պետությունների մեծ մասի կողմից:

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Ինչպես նախորդ` Մադրիդի 15-րդ նախարարական հանդիպմանը, Հելսինկիում եւս ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը ողջունել է ղարաբաղյան կարգավորման «կառուցողական եւ դրական» ընթացքը, ինչը հաջորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` 2008-ի հունիսի 6-ի Սանկտ Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպումներին:

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած Մոսկվայի հռչակագիրը համարել է «խոստումնալից փուլ» կարգավորման բանակցություններում: Նախարարների խորհուրդը հակամարտության կողմերին հորդորել է լրամշակել Մադրիդում առաջարկված հիմնարար սկզբունքները եւ սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4