«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2008-12-04 | #226, 2008-12-05 | #227, 2008-12-06


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՀՆԱՐՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄԻՑ ԵՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան դարձյալ շարունակում է բազմալեզու կայքերում տարփողել հայկական զինուժի կողմից իբր հրադադարի խախտման մասին: Հատկապես մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո, թվում է, ռազմաքարոզչության ոլորտում պետք է որոշակի զսպվածություն լիներ: Կա խաղաղամտական գրավոր համաձայնություն, որի վերաբերյալ ակնկալումները հակամարտ կողմերում թող որ նույնիսկ տարբեր են: Դա այլ խնդիր է, բայց հարեւան երկրում հակված են մոգոնելու հայերի սահմանային խախտումների նորանոր «փաստեր»:

Օգոստոսյան դեպքերից հետո Ադրբեջանում թերեւս մտահոգված էին վրացական սցենարի կրկնության տեսլականից, ուստի Իլհամ Ալիեւը շտապեց հավաստել իր «խաղաղասիրությունը»` ստորագրելով ՌԴ նախագահի առաջարկած հռչակագիրը: Այլապես նա Մայնդորֆից հրաժարվելու պատճառներ կարող էր գտնել:

Փոխզիջումն ըստ Ադրբեջանի` նշանակում է ազատագրված տարածքների լրիվ վերադարձ, դրան ածանցյալ` Լեռնային Ղարաբաղի ինքնավար գոյություն Ադրբեջանի կազմում: Համենայն դեպս, առ այսօր հարեւան երկրում ոչ մի տրամաչափի քաղաքական գործիչ չի արտահայտել որեւէ ձեւով Ղարաբաղին անկախություն տրամադրելու իր պատկերացումները: Ընդհակառակն, նրանք հղումներ են անում իրենց սոսկական ցանկություններից` պահեստում ունենալով այն մտայնությունը, թե բանակցությունների հնարավոր ձախողումից հետո օրակարգային կդառնա ուժային լուծումը: Իսկ եթե ոչ պատերազմ, ուրեմն Ադրբեջանը պետք է վերանայի կանխակալ դիրքորոշումը եւ հրաժարվի Ղարաբաղն իր սեփականությունը տեսնելու գաղափարաբանությունից: Նկատենք, սա արդեն պարտվողականություն կհամարվի կաղապարային դիրքորոշման տեսանկյունից, ինչը Ադրբեջանում ցավագին են ընկալում:

Ինչ սկզբունքով էլ որակենք լուծումների ուղին, մադրիդյան, թե` այլ, հանգելու ենք նույն հանգույցին. Ադրբեջանը համաձայն չէ Ղարաբաղի կորստին, իսկ Հայաստանի համար ընդունելին Լեռնային Ղարաբաղի անջատվածությունն է Ադրբեջանից: Այս գլուխկոտրուկը ոչ մի մաքոքային դիվանագիտություն չի կարող լուծել, եթե հաշվի չառնվի երրորդ, եւ ամենագլխավոր կողմի` ԼՂՀ-ի կարծիքը: Բայց, որպեսզի թերացվի ԼՂՀ-ի դիրքորոշման չափազանց կարեւոր նշանակությունը` Ադրբեջանը փորձում է մշտական լարվածության պատրանք ստեղծել շփման գոտում, անշուշտ, դրանում գտնելով միայն «հայկական հետք»:

Իրականում, եթե խաղաղասիրական կամքը կա, ապա գոնե տվյալ փուլում Ադրբեջանը պետք է զերծ մնա սահմանային միջադեպերի թեմայի ինքնանպատակ արծարծումներից: Ղարաբաղն իր ժողովրդի համար ծանր ազատագրական պատերազմով գծել է անվտանգության գոտին, սահմանադրորեն ամրագրել այն, եւ անտրամաբանական կլիներ իր իսկ անվտանգության շուրջը լարվածություն հրահրելը: Իսկ Հայաստանը, որ ավելի քան 14 տարի հուսալիորեն երաշխավորում է հրադադարի ապահովումը, ըստ էության, մոսկովյան փաստաթղթի ստորագրմամբ վերահաստատել է այդ առաքելությունը: Ստացվում է, որ Ադրբեջանն իր իսկ ամբիցիաների ծուղա՞կն է ընկել:

Ադրբեջանական այսօրինակ քարոզչահնարքները հիշեցնում են հայտնի բանաձեւը` խաղաղությո՞ւն ես ուզում` պատրաստվիր պատերազմի: Եթե սա, իհարկե, ընդամենը Ղարաբաղը վերջնականապես կորցնելու հուսահատ գիտակցում չէ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4