«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2008-12-04 | #226, 2008-12-05 | #227, 2008-12-06


ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՆՍԵՄԱՑՐԵ՞Լ Է ԱԹԱԹՈՒՐՔԻՆ

«Համբուրգեր աբենդբլաթը», վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, ծանուցում է, որ Թուրքիայի դատախազությունը գործ է հարուցել Բրեմենը ներկայացնող պրոֆեսոր Ռոնալդ Մյունխի դեմՙ հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար: Մյունխը մեղադրվում է Եվրոխորհրդարանում անցկացված, Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած եղեռնի վերաբերյալ նիստում հնչեցրած ելույթում Աթաթուրքին նսեմացնելու համար:

Եթե Մյունխը Թուրքիա ուղեւորվի եւ նրան դատապարտեն, ապա գերմանացի պրոֆեսորին սպառնում է մինչեւ 3 տարվա բանտարկություն:

Մյունխն ասել է, թե ինքը խոսել է այժմյան Թունչելի գավառի (նախկինումՙ Դերսիմ) դեպքերի մասին, որտեղ գլխավորապես հայեր ու ալեւիներ էին ապրում: Ժամանակի ընթացքում նրանցից հազարավորներն արտաքսվել են: 1937-ին ապստամբություն եղավ, ինչը կառավարությունը արյունոտ ճնշման ենթարկեց: 10 հազարից ավելի մարդ զոհվեց:

Հիշատակված ելույթում Մյունխը դեպքերին արդարացի գնահատական է տվել եւ եզրակացրել, որ կատարվածի համար պատասխանատվություն են կրում նախկին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ նրա վարչակազմը:

Եթե կատարվածն այսօր քննվեր դատարանում, ապա մեղադրանքը կձեւակերպվեր որպես մարդկության դեմ կատարված ոճիր եւ մասնակի ցեղասպանություն, հայտարարել է Մյունխը:

Հետազոտության մեջ բնական է, որ պատմությունը արդի չափորոշիչների համաձայն նոր արժեւորման ենթարկվի: «Թուրքիայում պատմության վերանայում ընդհանրապես գոյություն չունի, ինչը տեսնում ենք Հայոց ցեղասպանության հարցում, ասել է Մյունխը: Բայց երկիրն ինքը պետք է պատասխանատվություն ցույց տա: Սա կարելի էր ակնկալել նաեւ մի երկրից, որը Եվրոմիության անդամ է ուզում դառնալ», ասել է Մյունխը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4