Երեկ Ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին ճեպազրույցներն էին, որոնցում հնչած տեսակետներից առանձնացրել ենք միայն Հելսինկիում ՌԴ եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի ստորագրած եւ ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված հայտարարությանը մեր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների անդրադարձները:
«Ժառանգությունը» ներկայացնողՍտյոպա Սաֆարյանինախնական գնահատականով` եվրոպական հանրության համար ղարաբաղյան խնդիրն այլեւս օրակարգային հարց է, այնպես որ իմիտացիաների ժամանակն անցել է, եւ արդեն իսկ եկել է կոնկրետ որոշումներ ընդունելու ժամանակը: Ըստ նրա` կողմերի հանդեպ կիրառվում է փոքր պարտավորություններ կորզելու տեխնոլոգիա, այսինքն` յուրաքանչյուր մայրաքաղաքում ստորագրվում է հնարավորության սահմանում փոքր-ինչ այլ փաստաթուղթ, որն առաջ է տանում բանակցային գործընթացը, եւ ինչի արդյունքում շուտով մեզ պարտադրվելու են փաստաթղթեր, որոնց վերաբերյալ տարաձայնություններ չկան: Այսինքն` տարբեր պատառիկներով պարտավորություններ կորզելով կողմերից` վերջում գործընթացն առաջ է գնալու, եւ մենք կարող ենք կանգնել բավականին տհաճ վերջնահանգրվանի առաջ: Հելսինկյան հայտարարությունն ու դրա ընդունումից առաջ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, թե հելսինկյան այս հավաքի ընթացքում կընդունվի հռչակագիր կամ հայտարարություն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ցույց տվեց, որ մոսկովյան հռչակագիրը, որ այդպես բուռն քննադատությունների եւ գովասանքների արժանացավ Հայաստանում` միակը չի լինելու եւ դրան հաջորդելու են այլ փաստաթղթեր: Հելսինկյան հայտարարության հետ կապված` Ս. Սաֆարյանը մտահոգիչ է գտնում այն հանգամանքը, որ ԼՂ-ն այդպես էլ չի հիշատակվում որպես հակամարտության անմիջական կողմ, եւ մոսկովյան հռչակագրից մեզ մնացած ծանր բեռը եւ մեր ռազմավարական դաշնակցից մեզ թողնված ժառանգությունը մնաց այն, որ հակամարտությունը տեղափոխվեց Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, բանակցությունների ուղղակի երկկողմ ձեւաչափ հիշատակվեց` նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Իսկ ողջունելին, ի տարբերություն մոսկովյան հռչակագրի, որտեղ ընդամենը խոսք էր գնում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու մասին, հելսինկյան հայտարարության մեջ տեղ գտավ նաեւ ռազմական ճանապարհի դատապարտման եւ անհնարինության հանգամանքը, սա հայտարարության միակ լուսավոր կետն է, ըստ Սաֆարյանի:
Մեթյու Բրայզայի լավատեսությունը, թե Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Ս. Սաֆարյանը չի կիսում:
Այս պահին դրանք տակավին ձեւային հարթության վրա են եւ ոչ բովանդակային. շատ խնդիրներ ղարաբաղյան կարգավորման հետ կապված` կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ:
«Բարգավաճ Հայաստանից»Ավետ Ադոնցըդրական համարեց հելսինկյան հանդիպումն ու հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առումով: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` ապա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միանշանակ դրական կազդի կարգավորման գործընթացի վրա: «Ես Բրայզային ուշադիր լսեցի, ներկայացված երեք սկզբունքները հավասարաչափ պետք է ներկայացված լինեն հակամարտության կարգավորման վերջնական համաձայնագրում` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառում. թե իրենց մոտ ո՞նց կստացվի, էդ արդեն խնդիր է: Եթե վտանգ կա, ապա կար նույն վտանգը մեկ տարի, երեք տարի առաջ, այսօր վտանգների առումով մեկ տարի առաջվա իրավիճակի հետ կապված ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում: Նրանք գիտեն մեր կոմպրոմիսների նշաձողըՙ համանախագահողները գիտեն, միջազգային հանրությունը գիտի, ադրբեջանական կողմը գիտի, որ մենք դրանցից ներքեւ չենք իջնի երբեք»:
ՀՅԴ-ից ներկայացած ԱԺ փոխխոսնակՀրայր Կարապետյանըչի կարծում, որ հելսինկյան հայտարարությունն արտառոց դրույթներ է պարունակում, որոնց նախկինում ծանոթ չենք եղել` դրանք հաստատում են վերջին Մոսկովյան հռչակագրի դրույթները: Նրան զարմացրել էին Հելսինկիում Մեթյու Բրայզայի իրարամերժ ելույթները, որովհետեւ դա առաջին դեպքը չէր եւ կարելի էր բոլոր գործիչների մեջ իրարամերժ հայտարարություններ անելու տեսակետից ռեկորդային համարել Բրայզային: ԱՄՆ-ի պես գերտերություն ներկայացնող պատասխանատու գործիչը պետք է ավելի լուրջ վերաբերվի իր պարտականություններին, մինչդեռ նրա լրջության բացակայության մեջ համոզվել ենք արդեն բազմիցս:
Իսկ որ Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ըստ Հ. Կարապետյանի, ցանկությունը ներկայացվում է իրականության փոխարեն, քանի որ այդ հարաբերությունների հաստատումը Թուրքիան պայմանավորում է ԼՂ խնդրի ադրբեջանամետ լուծումով, ցեղասպանությունը մերժում է եւ շարունակում է Հայաստանի տնտեսական շրջափակումը:
ՀՀԿ-իցԷդվարդ Շարմազանովիկարծիքովՙ հայտարարության հիմնական կետն այն է, որ մոսկովյան հռչակագրի սկզբունքները պետք է պահպանվեն եւ ռազմական լուծումը պետք է բացառվի: Այնտեղ առաջարկություն կա, որ դիպուկահարներին հանեն կրակակետերից, բայց հիմնականում մոսկովյան հռչակագրի սկզբունքները պահպանվում են, նշվում է, որ բազային սկզբունքների վերաբերյալ համաձայնության չեն եկել, սակայն մեզ համար կարեւոր է, որ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանվում է, եւ ավելի կարեւոր` որ ռազմական լուծումը բացառվում է: Այսինքն, ըստ Շարմազանովի, ամեն ինչ գնում է հայկական դիվանագիտության տրամաբանության ներքո:
Իսկ Բրայզան իր ոճի մեջ է, եւ երբ գա Հայաստան, կասի, որ կա՛մ լրագրողները լավ չեն հասկացել, կա՛մ սխալ են թարգմանել, բայց դա այնքան էլ կարեւոր չէ` ըստ Շարմազանովի: Կարեւորն այն է, որ Բրայզան եւ մյուս համանախագահները պետք է գիտակցեն, որ ԼՂԻՄ-ն ինքնավար մարզի կարգավիճակով եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, եւ այդ ինքնորոշման աստիճանը չի բավարարել ԼՂ բնակչությանը: Իսկ ԼՂ-ն երբեք եւ ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի սուբյեկտ:
ՕԵԿ-իցՀովհաննես Մարգարյաննէլ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված եւ նախաձեռնողական է համարում, անառարկելի` երկրի նախագահի «ԼՂ ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ» ձեւակերպումը, իսկ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ պե՛տք է դառնա:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ