Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, ինչպես եւ սպասելի էր, հետեւեց տնտեսականը: Եթե ֆինանսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելի են, ապա տնտեսական ճգնաժամը խորացման միտում ունի: Պատճառը ֆինանսական ճգնաժամի հետեւանքով տուժած բանկային համակարգն է, որը բերել է վերջինիս ակտիվների կրճատմանը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է վարկավորման համակարգի թանկացմանը: Այսինքնՙ բանկային էժան վարկեր այլեւս չկան, հետեւաբար վարկային առեւտրի ծավալների անկում է գրանցվում աշխարհի բոլոր երկրներում, հատկապես զարգացած այն երկրներում, ուր բանկային համակարգը լուրջ դերակատարում ուներ սպառողական ապրանքերի առեւտրի ծավալների ավելացման գործում: Հետեւաբար բանկային վարկերի տոկոսների ավելացումը եւ դրանց տրամադրման պայմանների խստացումը, ինչը զանգվածային բնույթ է կրում, գումարած ամերիկյան եւ եվրոպական խոշոր մի շարք ընկերությունների սնանկացումը, հանգեցրել են զանգվածային գործազրկության, ինչն էլ բերել է մի շարք ապրանքների պահանջարկի կրճատմանը: Ինչպես նշում են եվրոպական եւ ամերիկյան խոշոր ավտոարդյունաբերողները, էականորեն նվազել է ավտոմեքենաների պահանջարկը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նավթամթերքների պահանջարկի նվազմանը: Այսօր արդեն մեկ բարել նավթի գինը հասել է վերջին 2 տարիների իր նվազագույնին` 40 դոլարի, սակայն, կարծում եմ, սա նավթի գնի անկման միայն սկիզբն է, քանի որ եթե Արեւմուտքի տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն արդեն պարզ է, հետեւաբար դրա հետեւանքներըՙ կանխատեսելի, ապա համաշխարհային տնտեսության մյուս հսկաների` Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի տնտեսություններում ֆինանսական ճգնաժամի հետեւանքները դեռ մինչեւ վերջ հայտնի չեն: Այսինքնՙ եթե այստեղ էլ սպառողական ապրանքների վաճառքի լուրջ կրճատում նկատվի, ապա բացառված չէ, որ նավթի գների անկումը կշարունակվի` հասնելով 20-30 դոլարի մեկ բարելի դիմաց: Հիշեցնենք, որ եթե այս տարվա հունիսին նավթի գինը հասել էր իր պատմական առավելագույնին` 147 դոլարի, ապա 2002-ին արժեր ընդամենը 25 դոլար մեկ բարելի դիմաց: Հասկանալի է, որ նավթի գների աննախադեպ անկումից առաջին հերթին տուժում են այն երկրները, որոնց տնտեսությունները լրջորեն կախված են նավթային սեկտորից: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն իր անհանգստությունն է հայտնել նավթի գների անկման կապակցությամբ: Այս պայմաններում ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) ստիպված էր 2 անգամ որոշում ընդունել կրճատելու նավթի արդյունահանման ծավալները, սակայն դրանք միայն ժամանակավոր միջոցառումներ են, որոնք ընդհանուր սպառման ծավալների անկման պայմաններում չեն կարող կասեցնել նավթի գների անկումը:
Գների անկմանը նպաստում են նաեւ Արեւմուտքում եւ զարգացած մի շարք երկրներում մշակված էներգախնայողական համակարգերը, նաեւ անցումը բիովառելիքի օգտագործման, օրինակ, Բրազիլիայում մեքենաների 60%-ը օգտագործում է հենց այդ տիպի վառելիք, եւ այլն: Ինչեւէ, նավթի գների անկումը հատկապես ուժեղ հարված կլինի Ադրբեջանի տնտեսության համար, քանի որ վերջինիս ներքին համախառն արդյունքի մեջ այս սեկտորը հասնում է 65%-ի, իսկ արտահանման ծավալում` 88%-ի: Նշենք, որ այդ երկրի բյուջեն ամբողջովին կախված է համաշխարհային շուկայում նավթի գների ձեւավորումից, հետեւաբար գների բարձրացումը եւ նավթի արդյունահանման ծավալների աճը նպաստում էին, որ այդ երկիրը հայտարարի տնտեսական աննախադեպ աճի մասին: Նշենք, որ այս տարի, ըստ ադրբեաջանական աղբյուրների, նավթի արդյունահանման ծավալներն այդ երկրում կհասնեն տարեկան 50 մլն տոննայի, ինչն աննախադեպ է այդ երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ: Սակայն նավթի բարելի թեկուզեւ 1 դոլարի անկումը լուրջ կերպով հարվածում է այդ երկրի ողջ արդյունաբերությանը, քանի որ վերջինիս, նույնիսկ ոչ նավթային սեկտորում, օրինակ, շինարարության մեջ, առկա տնտեսական աճը նույնպես կապված է նավթադոլարների հետ, հետեւաբար այդ դոլարների հոսքերի նվազումը հարցականի տակ կդնի նաեւ այդ երկրի տնտեսության մյուս ճյուղերում առկա աճը: Ինչեւէ, կարող ենք կանխատեսել, որ նավթի գների հիմնական անկումը կարող է գրանցվել մոտակա օրերինՙ դեկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ հետագա հնարավոր աճը կախված է, թե տարվա վերջին տնտեսական ինչ ցուցանիշներ կգրանցվեն նավթ սպառող հիմնական երկրներում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Հնդկաստանում եւ այլն: Նավթի գների անկումը պետք է ազդի նաեւ Հայաստանում բենզինի եւ մյուս վառելիքների գների վրա, ինչը առայժմ նկատելի չէ, մինչ օրս միայն արձանագրվել է բենզինի գնի 10 %-ի անկում, ինչը բավարար չէ, եւ հասկանալի է, որ գների նման դանդաղ իջեցումը կախված է միայն այդ ոլորտում առկա մենաշնորհներից: Թեեւ «Զվարթնոց» օդանավակայանն արդեն հայտարարել է մոտ 30%-ով ավիավառելիքի գների նվազեցման մասին, սակայն այստեղ եւս նվազեցնելու հնարավորությունները դեռ սպառված չեն:
Ինչեւէ, սկսված տնտեսական նոր զարգացումները կարող են ոչ միայն էականորեն փոխել տարածաշրջանում առկա տնտեսական հավասարակշռությունը, այլեւ քաղաքական իրավիճակը հօգուտ այն երկրների, որոնց տնտեսությունը կախված չէ նավթարդյունաբերությունից կամ դրա արտահանումից, որը կարող է պահպանել տնտեսական զարգացման իր տեմպերը հատկապես նավթի ցածր գների պայմաններում:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ