«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2008-12-04 | #226, 2008-12-05 | #227, 2008-12-06


«ԱՐԱՐԱՏԸ» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ

«Կազանը», «Պախտակորն» ու «Ակտոբեն» մեր թիմի մրցակիցներն են

Ինչպես տեղեկացրել ենք, հունվարին Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Երեւանի «Արարատը»: Երեկ Մոսկվայում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձան «Արարատի» մրցակիցները: Մեր հանրապետության փոխչեմպիոնն ու գավաթակիրը հանդես կգա «A» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ՌԴ չեմպիոն Ռուբինի «Կազանը», Ղազախստանի ուժեղագույն ակումբ «Ակտոբեն» եւ Ուզբեկստանի փոխչեմպիոն Տաշքենդի «Պախտակորը»: Հարկ է նկատել, որ «Արարատին» բավական ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել:

Մյուս խմբերի կազմն այսպիսին է.

«B» խումբ. «Աշգաբադ» (Թուրքմենստան), ՄՏԶ-ՌԻՊՕ (Բելառուս), «Էկրանաս» (Լիտվա), ՌԴ երիտասարդական հավաքական:

«C» խումբ. «Շախտյոր» (Ուկրաինա), «Շերիֆ» (Մոլդովա), «Լեւադիա» (Էստոնիա), «Ռեգար-Թադազ» (Տաջիկստան):

«D» խումբ. «Ինտեր» (Ադրբեջան), «Վենտսպիլս» (Լիտվա), «Դորդոյ-Դինամո» (Ղրղզստան), «Ինտեր» (Ֆինլանդիա):

Ինչպես նկատեցիք, բացակայում է Վրաստանի ներկայացուցիչը: Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով վրացիները հրաժարվել են մրցաշարի մասնակցությունից: Նրանց փոխարեն հանդես է գալիս ֆիննական «Ինտերը»: «Ֆինանսական ճգնաժամի պատճառով այնքան էլ հեշտ չէ մրցաշարի կազմակերպումը, սակայն կարողացանք հնարավորություններ գտնել մրցանակի խաղարկությունն անցկացնելու: Այժմ բանակցում ենք հեռուստատեսության հետ հանդիպումները ցուցադրելու հարցում: Մրցաշարի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումներն ամենայն հավանականությամբ կցուցադրվեն հեռուստատեսությամբ, իսկ մյուսների հարցը դեռեւս պարզ չէ», նշել է մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Սերգեյ Կուլիկովը:

Եվ այսպես, արդեն հունվարին «Արարատին» հարկ կլինի մրցասպարեզ մտնել: Առայժմ արարատցիներն արձակուրդում են: Թիմի գլխավոր մարզչի եւ խաղացողների հարցում դեռեւս հստակություն չկա: Հայտնի է միայն, որ բրազիլացի Էմիլիոյի պայմանագրի ժամկետը չի երկարաձգվել: Մյուս բրազիլացիները Մոսկվայում կխաղան «Արարատի» կազմում: Իսկ թե ինչպիսին կլինի «Արարատի» կազմը, դժվար է գուշակել: Հայտնի է, որ որոշ ֆուտբոլիստներ (Սարգիս Մովսիսյանը, Էրզրումյան եղբայրները) ցանկանում են այլ թիմեր տեղափոխվել: Բելառուսից վերադարձել է փորձառու Արթուր Ոսկանյանը եւ ամենայն հավանականությամբ կրկին կխաղա «Արարատում»:

«Արարատը» երկրորդ անգամ է հանդես գալու «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Առաջին անգամ «Արարատը» որպես ՀՀ չեմպիոն Մոսկվայում հանդես է եկել 1994-ից: Այդ տարի արարատցիներն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ անհաջող խաղացին մոսկովյան մրցաշարումՙ տանուլ տալով երեք հանդիպումներն էլ: Առաջին խաղում արարատցիները 2-3 հաշվով պարտվեցին Լատվիայի չեմպիոն «Սկոնտոյին», այնուհետեւ զիջեցին Թուրքմենստանի «Կոպետդաղին» (1-4), իսկ ավարտական խաղում 5 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը Մոսկվայի «Դինամոյի» հետ մրցավեճում:

«Համագործակցության գավաթի» խաղարկությանը մասնակցելն արարատցիների համար ոչ միայն ուժերի լավ ստուգատես է, այլեւ պատվի հարց: Միայն արժանապատիվ ելույթներով նրանք կարող են ապացուցել, որ իրոք արժանի էին ՀՀ չեմպիոնի տիտղոսին: Ճիշտ է, մրցակիցներն իրոք ուժեղ են: Առաջին անգամ ՌԴ չեմպիոն հռչակված Կազանի «Ռուբինը» մտադիր է Մոսկվայում իր մարտական կազմով հանդես գալ: Տաշքենդի «Պախտակորը» մրցաշարի հնաբնակներից է: Անցած տարի թիմը հաջող հանդես եկավ «Համագործակցության գավաթի» մրցաշարումՙ հասնելով մինչեւ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 3-4 հաշվով զիջեց Ադրբեջանի «Խազարին»: Ի դեպ, նախնական փուլում «Պախտակորը» «Բանանցի» հետ ընդգրկված էր նույն խմբում եւ ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ հաղթեց 3-0 հաշվով: Ղազախստանի «Ակտոբեի» հետ մեր հանրապետության թիմերը «Համագործակցության գավաթի» մրցաշարերում դեռ չեն հանդիպել: Անցած տարի ղազախներն ընդգրկված էին «B» խմբում: Նրանք հաղթեցին «Խազարին» (1-0) եւ «Ռեգար Թադազին» (5-0), պարտություն կրեցին «Կաունասից» (2-4) ու չկարողացան քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճել:

«Համագործակցության գավաթի» մրցաշարերում Հայաստանից հանդես են եկել 6 թիմերՙ «Փյունիկը», «Արարատը», «Շիրակը», «Երեւանը», «Ցեմենտն» ու «Բանանցը»: Առայժմ բոլորից հաջող է հանդես եկել «Փյունիկը», որը 2006 թ. հասել է մինչեւ կիսաեզրափակիչ: Այդ փուլում «Փյունիկը» հրաժարվեց Բաքվի «Նեւթչիի» հետ խաղալուց, որի համար որակազրկվեց եւ այլեւս չի հրավիրվում Մոսկվա: Ուստի արդեն 3-րդ անգամ Մոսկվայում Հայաստանը ներկայացնում է ոչ թե հանրապետության չեմպիոնը, այլ արծաթե մրցանակակիրը: Նախորդ երկու խաղարկություններին մասնակցել է «Բանանցը», որին չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4