«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՆ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ

ԼՂՀ խորհրդարանում կազմվել ու հաստատվել է ժամանակացույց, համաձայն որի մինչեւ դեկտեմբերի 17-ը, կառավարության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովներում ու խմբակցություններումՙ կանցկացվեն 2009 թվականի պետբյուջեի նախագծի եւ ուղեկից օրինագծերի նախնական քննարկումներ:

Կառավարության ներկայացրած նախագծով, 2009-ին նախատեսվում է եկամուտների գծովՙ 54 մլրդ 52 մլն 14.4 հազար դրամ, ծախսերի գծովՙ 58 մլրդ 542 մլն 100 հազար դրամ: Բյուջեի պակասուրդը նախատեսվում է 4 մլրդ 490 մլն 85.6 հազար դրամ:

Խորհրդարան-կառավարություն համատեղ նիստում վարչապետԱրա Հարությունյանըպատգամավորներին հավաստիացրել է, որ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջին տարեկան 14 տոկոս իրական աճը կպահպանվի նաեւ տնտեսական այս ծանր իրավիճակում: Աճի տեմպերը կպահպանվեն նախՙ գյուղատնտեսության, շինարարական ծառայությունների եւ այլ ուղղությունների շնորհիվ: Պետական բյուջեի սեփական եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 20.9 մլրդ դրամ` նախորդ տարվանից զգալիորեն ավելի: Հարկային եկամուտները միջնաժամկետ ծախսային ծրագրի համեմատ պակաս են պլանավորված 1.8 մլրդ դրամով, իսկ ծախսերըՙ 2.3 մլրդ դրամի չափով, որը պայմանավորված է ամենախոշոր հարկատու «Բեյզ Մեթըլս» ընկերության հարկային վճարների պակասեցմամբ:

Ծախսերի առնչությամբ վարչապետը նշել է, որ 2009-ի բյուջեի նախագծով փաստացի ծախսերը 2008-ի համեմատ կավելանան 6.5 մլրդ դրամովՙ հաշվի առնելով նաեւ կապիտալ ծառայություններից մուտքերի մոտ 600 մլն դրամի պակասուրդը:

Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ ծրագրվում է ստեղծել հիպոթեկային հիմնադրամ, որը արժեթղթավորելով այդ գործընթացըՙ կիրականացնի 3 մլրդ դրամից ավելի ֆինանսավորում ծրագրերի իրականացման համար: Բացի դրանից, պետական բյուջեով նախատեսվում է կապիտալ շինարարության ծրագրերի համար ներգրավել բանկային ռեսուրսներ մինչեւ 3 մլրդ դրամՙ պետական երաշխիքներով: Միաժամանակ նախատեսվում է 300 մլն դրամՙ ներգրաված միջոցների սպասարկման համար: Առաջին անգամ թողարկվելու են պետական պարտատոմսեր մինչեւ մեկ միլիարդ դրամի չափով, որն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի կրճատմանը: Նա 2009-ի պետական բյուջեն որակել է սոցիալական եւ հակաճգնաժամային:

«Պետական բյուջեով նախատեսվող եւ բյուջետային երաշխիքների, ներգրաված գումարների, հիպոթեկային շուկայի, ՓՄՁ-ի զարգացման համար նախատեսվող աջակցության, գյուղատնտեսությանն ուղղված աննախադեպ միջոցների, կապիտալ ներդրումների աճիՙ պետական բյուջեով նախատեսվող, ներգրաված եւ արտաբյուջետային միջոցների ընդհանուր ծավալը եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելովՙ մենք 2009-ի վերջին կարձանագրենք մեզ բավարարող տնտեսական աճի տեմպերՙ այս ծանր տնտեսական իրավիճակում», հայտարարել է կառավարության ղեկավարը:

Համատեղ նիստում Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կառավարությանն առաջարկել է զուգահեռաբար մտածել նաեւ 2009 թվականի հակաճգնաժամային առանձին ծրագիր ունենալու գաղափարի մասին, հաջորդ տնտեսական տարում հնարավոր ֆինանսական մարտահրավերներին հակազդելու համար:

Հաջորդ տարվա պետբյուջեի օրենքը նախատեսվում է ընդունել դեկտեմբերի վերջին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4