«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Նոր տարվանից մեկ կիլովատ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց, ներկայումս գործող 20 դրամի փոխարեն, արցախցիները կվճարեն 25 դրամ: Նման որոշում է ընդունել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն իր վերջին բաց նիստում: Ընդ որում, ըստ հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի, «Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտ ներկայացրել էր ցերեկային ժամերի համար մեկ կիլովատը 28 դրամի հաշվարկով, սակայն հանձնաժողովը հարցի ուսումնասիրությունից հետո նպատակահարմար է գտել 3 դրամով իջեցնել: Գիշերային ժամերի համար սահմանվել է 15 դրամ` առաջարկված 18-ի փոխարեն:

Հատկանշական է, որ «Արցախէներգո»-ի ներկայացուցիչները չէին ներկայացել նիստին: Հավանական է` պարզաբանումներ տալուց խուսափելու նպատակով: Իսկ «Արցախէներգո»-ին ուղղված հարցադրումներ կային, ինչը չթաքցրեց նաեւ հանձնաժողովի նախագահը: Փոխարենը առճակատ հարցեր ներկայացրեց նիստին ներկա ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը: Վերջինիս կարծիքով, 25 դրամ սակագինը բարձր թիվ է, հատկապես սոցիալապես խոցելի խավերի համար: Ա. Ղահրամանյանը հիմք ընդունելով վիճակագրական տվյալները, նշեց, որ ՀՀ-ում բնակչության 29 տոկոսն աղքատ է, 11 տոկոսը` ծայրահեղ աղքատ, եւ քանի որ ԼՂՀ-ում նման վիճակագրություն չկա` կարելի է ենթադրել, որ առնվազն նույն պատկերն է նաեւ Ղարաբաղում: Բացի այդ, բնակչության մեկ երրորդը բյուջետային աշխատողներ են, որոնց աշխատավարձի նշանակալից բարձրացում Նոր տարվանից չի նախատեսվում. ուստի էլեկտրաէներգիայի թանկացումը բացասաբար կազդի նրանց սոցիալական վիճակի վրա: Արհֆեդերացիայի նախագահը նաեւ տարակուսանք հայտնեց, թե ինչու է նման բարձր սակագին որոշվում, երբ ԼՂՀ-ին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 60 տոկոսն է ներմուծվում Հայաստանից, մյուս 40 տոկոսն արտադրվում է Ղարաբաղում:

ՀԾՏՄԿՊՀ նախագահն ի պարզաբանում վկայակոչեց «Արցախէներգո»-ի հիմնավորումները, որոնք ներկայացրել էր հայտի մեջ: Ըստ Վաչե Ադամյանի, սակագնի բարձրացմամբ ընկերության համար շահույթ չի ակնկալվում, իսկ մեծ հաշվով` այդ փոփոխություններով էլեկտրաէներգիայի սակագները համահունչ են դառնում հայաստանյան սակագներին:

Ի դեպ, Ստեփանակերտում գնային այս բարձրացումը բացատրում են «Արցախէներգո»-ի հավանական վաճառքի հետ: ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանն օրերս բացառիկ հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին, որում հաստատում է, որ, իրոք, նման առաջարկ գոյություն ունի: «Արցախէներգո»-ի զարգացման ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է ներդնել շուրջ 15 մլն դոլար, ինչը պետությունը չունի: Վ. Բալայանը հերքել է այն տեսակետը, թե «Արցախէներգոն» եկամտաբեր կազմակերպություն է: Այս առնչությամբ նա մասնավորապես ասել է. «2006 թվականը «Արցախէներգոն» եզրափակել է վնասով: 2007-ին ապահովել է ընդամենը 50 մլն դրամի եկամուտ: Այս տարի երեւի այդ թիվը կհասցվի 100 միլիոնի: Այս գումարները չնչին են նման հսկայածավալ ծրագրի իրականացման համար, ինչպիսին «Արցախէներգո»-ի զարգացման ծրագիրն է»: Վարչության պետը նաեւ հավելել է, որ 2009-ի ապրիլի 1-ից Հայաստանում սպասվում է սակագնի նոր բարձրացում, որի դեպքում համապատասխան փոփոխություն կկատարվի նաեւ Արցախում:

Այնպես որ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին հարկ կլինի մոտ ապագայում կրկին անդրադառնալ այս հարցին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4