«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂՆԵՐ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐՈՎ

 Լարիսա Ալավերդյանը, հակադարձելով «Ազգի» այն դիտարկմանը, թե «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություններով ավելի շուտ ոչ թե հասարակությանը բան պարտադրելու շունչն է զգացվում, այլ ինչ-որ վտանգավոր գործընթացի դեմն առնելու, անցյալ ուրբաթ նկատեց, թե գուցեեւ կանխարգելիչ են այդ փոփոխությունները, կանխում են, բոլորս կարծում ենք` Ադրբեջանին, բայց տվյալ դեպքում կարելի է նաեւ այլ բան մտածելՙ գուցե կանխո՞ւմ է նաեւ Ղարաբաղի միջոցով իրենց իրավունքները զինված պաշտպանելուն: Ալավերդյանն ասում էր, որ եթե անգամ հանրաքվեի օրենքի փոփոխությունները դրական են եւ պետք է կանխեն բացասական բան, չի կարելի դա անել հակասահմանադրական ձեւով:

Դե, այս վեճը` սահմանադրական են, թե՞ հակասահմանադրական հանրաքվեի փոփոխությունները, թողնենք մեր օրենսդիրներին, մանավանդ որ դրանց երկրորդ ընթերցումը դեռ արտահերթով է տեղի ունենալու, իսկ մենք դառնանք հելսինկյան հայտարարությանն ու դրանից հետո հնչած տեսակետներին: Դրանց մեջ, այնուամենայնիվ, կան վտանգ պարունակողներ, որոնց մենք ոչ միայն «սահմանադրական կամ ոչ այնքան» դիմադարձումներ պետք է անենք, այլեւ, եթե պահը գա, գուցե խտրություն էլ չդնենք միջոցների մեջ` ամեն կերպ վտանգների դեմն առնելու համար: Այնպես որ` այս վեճը նրբամիտ եւ սովորական ժամանակների հանգով է, բայց գուցե նաեւ այլ ժամանակներ լինեն, երբ....

Ու երբ ադրբեջանցիները հելսինկյան հայտարարության ընդունումից հետո հայտարարում են, թե կարգավորման գործընթացի վերջնական նպատակն է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մոդելի եւ իրավական շրջանակների մշակումն ու որոշումը, հետո էլ նշում, թե հայկական զինուժը պետք է դուրս բերվի ԼՂ-ի հակամարտության կարգավորման համատեքստից, Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ադրբեջանցի տեղահանվածները պետք է վերադառնան: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը երկրորդում է «սխալների ուղղում» կատարած Բրայզային, թե` «տարածքային ամբողջականությունը կարեւոր սկզբունք է, որից մենք սկսում ենք», եւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին առաջարկում է «տեսական հարցերի քննարկման փոխարեն աշխատել կարգավորման հասնելու ուղղությամբ, որը երբեք այսքան մոտ չի եղել»: Իսկ Ալիեւը շարունակում է ճամարտակել ռազմական ճանապարհով լուծման չբացառման մասին, այ այստեղ այնքան մտածելու բան ունենք, այնքան վիճելու, այնքան միմյանց մեղադրելու, որ հանրաքվե անցկացնել-չանցկացնելու խնդիրը կորցնում է իր առաջնահերթությունն ու բանավեճի փրկարար առիթ դառնալու պարագան:

Եվ որքան էլ Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարությունը Էդվարդ Նալբանդյանն անվանի «սադրիչ եւ բանակցային գործընթացի ողջ իմաստը խեղաթյուրող» եւ նույնիսկ չցանկանա մեկնաբանել փաստաթուղթը, աներկբա է, որ հելսինկյան հայտարարության բրայզաֆրիդալիեւյան ինտերպրետացիաները նորից դառնալու են Հայաստանի ներքաղաքական վայրիվերումների ազդակ, միմյանց վրա փայտ թափ տալու գործիք, եւ ով ավելի լավ թափ տա այդ փայտը` նրան թվալու է, որ ավելի շատ է հաճոյանալու հասարակությանը: Այն աստիճան` որ գուցե մոռանան բուն առիթը:

Այս պահին, իրոք, ղարաբաղյան խնդրի տուրեւառումները կարող են հույս առաջացնել քաղաքական մի շարք դերակատարների մոտ` ակտիվացնելու ջանքերը եւ մուր քսելու մյուս կողմերի երեսին: Այ, մի երկու ամիս լռած արմատական ընդդիմությունը, որ շատ լուրջ հույսեր ունի իր մոտակա հանրահավաքում հասարակության սիրտը շարժելու, իր սովորական բառ ու բանով «հայ դիվանագիտության պարտությունն» ու իշխանությունների «ղարաբաղյան ապաշնորհ» քաղաքականությունը փաստելու, էյֆորիայի մեջ է ընկնելու: Նկատելի է այս գործոնի ակտիվությունը նաեւ Սերժ Սարգսյանին մրցակից համարվող իշխանամետ շրջանակներում` մամուլում տեսանելի են քոչարյանամետ ուժերի կսմիթները: Սակայն առավել իրատես ու պրագմատիկ միտքը զգուշացնում է` այս անգամ չկուրանալ ու չտրվել մոսկովյան եւ հելսինկյան փաստաթղթերի թողած տողատակերից, քանզի աղմուկի մեջ կարող է բթանալ վտանգի զգացողությունը: Իսկ այս պահին երեք վտանգ, իրոք, հասարակությանը կարող է մղել չտրամաբանելու եւ տաք գլխով գործելու. ղարաբաղյան խնդրի շուրջը ստեղծված անհասկանալի վիճակը, մոտեցող Նոր տարին, որի գները, բոլոր ցուցիչներից երեւում է, այս տարի ավելի են խորացնելու մեր հասարակության աղքատ մեծ մասի եւ բարգավաճ փոքր մասի միջեւ բեւեռացման անդունդի խորխորատները, եւ ապա հետամանորը, որը կարող է տնտեսական ճգնաժամի հայաստանյան անդրադարձների այնպիսի սառը ցնցուղներ պարունակել, որ մինչեւ հիմա եղած ներքաղաքական ցնցումների նույնիսկ ամենապիկերը կարող են դրանց նկատմամբ խաղալիք թվալ:

Ամեն դեպքում` մեզ բոլորիս փորձություններ են սպասում ե՛ւ ղարաբաղյան խնդրի առումով, ե՛ւ ներընտանեկան ու համահասարակական տնտեսական խնդիրներ լուծելիս: Այնպես որ փոքր բանավեճերը` այս կամ այն փոքր հարցում մեծ միավորներ վաստակելու, հետաձգվում են, մեծ հարցերի դեպքում, օրինակ` ԼՂ հիմնախնդրի, լավ կլինի առավելագույնս գործողությունների ներդաշնակում կատարենք (ընդդիմությունն էլ ներառյալ): Իսկ արմատականների երազած քաղաքական խժդժությունների նոր ալիքն էլ կմնա երազանքների ոլորտում` մեր նշած խնդիրները պետք է որ սառը պահեն ուղեղները` չտրվելու համար տարբեր կրակների վրա ձեռք տաքացնողների կեղծ աղմուկին:

Կապրենք, կտեսնենք, մանավանդ որ հիմա, առավել եւս քան առաջ, պետք է, չէ՞, առաջնորդվել հայի հետին խելքով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4