Կազան-Երեւան թռիչքը վաղ առավոտյան էր: Ուղեւորների գերակշիռ մեծամասնությունը տարվա ինն ամիսն աշխատել էին եւ այժմ տուն էին վերադառնում: Անձնագրային ստուգման կետն անցնելիս շատերն ակնհայտորեն լարված էին: Խոսակցություններից պարզ էր, որ նրանցից շատերի` երկրում օրինական մնալու ժամկետը վաղուց սպառվել էր: Աշխատակիցներն էլ անձնագրերն ստուգում էին երկար եւ մանրակրկիտ: Անձնագրերի ստուգման կետում 30-ից էլ քիչ մարդ էր հավաքվել, սակայն ողջ գործընթացը մեկ ժամից ավելի տեւեց:
Կազանի օդանավակայանի անհրապույր միջավայրին գումարվել էին աշխատակիցների մռայլ դեմքերն ու անգամ կոպտության հասնող վարվելակերպը: Առիթ եւ անառիթ յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում թռիչքի սպասող ուղեւորներին կարգի հրավիրել, իսկ սպասասրահում այդ պահին միայն հայ ուղեւորներ էին: Տոմսերն ստուգվեցին արդեն օդանավակայանի շենքից դուրս` անմիջապես դռների մոտ: Դրսում բավականին ցուրտ էր: Տոմսերի ստուգումից հետո ուղեւորները շտապում էին ավտոբուս, որը նրանց պետք է մոտեցներ օդանավին: Մեկ ավտոբուսն ակնհայտորեն բավարար չէր, այդ իսկ պատճառով աշխատակցուհին անընդհատ պահանջում էր այնպես կանգնել, որ բոլորը կարողանային տեղավորվել:
Օդանավ բարձրացանք, երբ արդեն լուսանում էր: Օդանավը ոչ միայն հին էր, այլեւ մաշված: Սարսափի զգացումը վերածվեց տագնապի, պարզվեց, որ նստատեղերի մեծ մասը պարզապես անսարք է, իսկ ներսում բավականին ցուրտ է: Առաջին իսկ պահից պարզ դարձավ, որ կարգ ու կանոն սպասելն այստեղ իզուր է: Մարդկանց չէր հետաքրքրում, թե որ համարի նստարանն է իրենց համար նախատեսված: Նստում էին այնտեղ, որն իրենց ավելի հարմար էր: Իսկ երբ ուղեկցորդուհին պահանջում էր զբաղեցնել միայն այն տեղերը, որոնք նշված են տոմսում, ուղեւորներից մեկը պարզապես նկատեց. «Էս էլ հո ավտոբուս չէ»: Թռիչքից րոպեներ առաջ արդեն ուղեկցորդուհին էր խնդրում նրանց նստել ուր կամենան, միայն թե նստեն:
Թռիչքի հենց սկզբից ինքնաթիռի միակ զուգարանի մոտ հերթեր գոյացան: Ուղեկցորդուհին ուղեւորներից մեկին զայրացած բացատրում էր օդանավում չծխելու կանոնը, մեկին էլ անգամ սպառնաց տույժի ենթարկել: Անտեսելով կանոններն ու անգամ տուգանքի ենթարկվելու հավանականությունը` ուղեւորները հերթով զուգարան էին մտնում եւ ծխում: Իսկ հետո երջանիկ եւ գոհ հայացքով զբաղեցնում էին իրենց տեղերը: Երջանիկ, որ կարողացան խախտել կանոնը եւ ծխել, գոհ, որովհետեւ կարծում էին, թե խաբել են ուղեկցորդուհուն: Իրականում, սակայն, ռուս ուղեկցորդուհին վաղուց էր հասկացելՙ որեւէ բան նրանց հասկացնելն անիմաստ է:
Զուգարանի մոտ հերթը վերացավ միայն ճաշի ժամին: Երբ ուղեկցորդները հասան ինքնաթիռի հետնամաս, պարզվեց, որ սնունդը վերջացել է: Իսկ երբ ուղեւորներից մեկը հանդգնեց իր բաժին սնունդը պահանջել, ուղեկցորդը նախ զարմացավ, հետո վերադարձավ անհրաժեշտ չափաբաժիններով` նախապես նշելով. «Վերջինն է, էլ չուզեք»:
Թռիչքը երեք ժամ էր: Երբ արդեն վայրէջքի պահն էր, ուղեկցորդուհին շատերին սկսեց համոզել, որ ամրացնեն ամրագոտիները: Ինքնաթիռը դեռ ամբողջովին կանգ չէր առել, երբ ուղեւորներն արդեն սկսեցին իրերը վերցնել եւ պատրաստվել դուրս գալու: Այս անգամ հերթը ինքնաթիռի դռան մոտ էր: Յուրաքանչյուրը փորձում էր վայրկյան առաջ դուրս գալ ինքնաթիռից: «Ինն ամիս տանը չենք եղել», ասում էին նրանք անձնակազմին: Իսկ ուղեկցորդները ստիպված ժպտում էին, աշխատանքային կանոնակարգ է, հաջողություն մաղթում ուղեւորներին:
Երեւան-Կազան եւ Կազան-Երեւան երթուղով թռիչքներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ: Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարական Հանրապետություն մեկնողների թիվը մեծ չէ: Ուղեւորները հիմնականում աշխատանքային միգրանտներն են:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ