«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2008-12-05 | #227, 2008-12-06 | #228, 2008-12-09


ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՀԻՇԱՏԱԿԵՑԻՆ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Ամստերդամում Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցը հիշատակվեց պատարագով, որ մատուցեց Հոլանդիայի հայ եկեղեցու հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Հակոբյանը: Իր քարոզի ընթացքում հայր սուրբը մի անգամ եւս նշեց, որ թեեւ 20 տարի է անցել ահավոր երկրաշարժից, բայց մեր հազարավոր հայրենակիցների կորստի ցավը դեռեւս հիշեցնում է այդ դաժան արհավիրքը: Պատարագին մասնակցում էր «Սպիտակ» երգչախումը, որի անունը դրվել է հայաստանյան երկրաշարժից անմիջապես հետո: Նույն օրը պատարագ մատուցվեց նաեւ Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պատարագիչն էր տեր Խաչատուր քահանա Ֆռանգյանը: Հայտնի է, որ հոլանդահայությունը ժամանակին մեծ օգնություն է ցույց տվել աղետի գոտուն:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց երկրաշարժից հետո ստեղծված օգնության կոմիտեի ատենապետ Հարություն Սիմոնյանը, այն ժամանակ հանգանակվել է մոտ 170 հազար հոլանդական շիլինգ, որով գնվել եւ Հայաստան են ուղարկվել երիկամների բուժման մեքենա, դեղորայք, 300 տոննա կարտոֆիլի սերմնացու եւ այլ անհրաժեշտ ապրանքներ: Իսկ «Պաքս Քրիստի» կազմակերպությունը աղետի գոտու երեխաներին հրավիրել է Հոլանդիաՙ հոլանդական ընտանիքներում հանգիստը անցկացնելու:

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Ամստերդամ-Ալմելո


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4