«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2008-12-06 | #228, 2008-12-09 | #229, 2008-12-10


ԵՐԿՈՒ ԵՐԵՎԱՆ

Ազգային ժողովում որոշել են լսումնախեղդ անել հասարակությանը` վերջին շրջանում լսումներ է ,որ կազմակերպվում են: Միայն երեկ երկու խումբ հիմնախնդիրների լսումներ (ինչ էլ անհարմար անվանում է) էին` երեխայի իրավունքներին եւ Երեւան քաղաքի հիմնախնդիրներին նվիրված, այսօր եւ վաղը էլի տարբեր խնդիրների նվիրված լսումներ են, դեկտեմբերի 19-ին լսումներ են, մի խոսքով այսքան էլ ակտիվ աշխատող Ազգային ժողո՞վ: Որ ասում էին Ազգային ժողովի հեղինակությունը պետք է բարձրացնել, երեւում էՙ լսումներով են ուզում անել: Կամ էլ` գոլորշի են բաց թողնում, ընդդիմադիրները կասեին` մարդկանց շեղում են քաղաքական խնդիրներից, իսկ մենք էլ ընդամենը նկատենք. հայտնի չէ, թե ինչպես է լսումների կազմակերպումն օգնում բուն օրենսդրական աշխատանքին:

Հենց երեկ հետկեսօրինՎարդան Այվազյանինախագահությամբ ԱԺ-ում լսում էին Երեւանի քաղաքաշինական եւ տրանսպորտային հիմնախնդիրներ: Բոլ-բոլ զեկուցումներ կարդացին, ՀԿ-ների ներկայացուցիչները ԱԺ խոսափողներից հարցեր ուղղեցին ու մի հինգ րոպեանոց էլ ելույթներ ունեցան` համենայն դեպս արտահայտվելու տեղ էր: Չգիտենք, այս լսումներից հետո ամեն երեկո տուն գնալիս մի կերպ երթուղային տաքսի խցկվելն այլեւս չի՞ լինելու, թե մեր առանց այն էլ նեղ փողոցների երկու կողմերից հիմնավոր կանգնած մեքենաներն այլեւս չեն խանգարելու երթեւեկությանը, թե՞ օղակաձեւ այգու բետոնե եւ քարե կառույցները մի հրաշքով փոխարինվելու են ծառերով, բայց մարդիկ լուրջ-լուրջ քննարկեցին, լուրջ-լուրջ էլ մարդիկ էին զեկուցողները` քաղաքի գլխավոր ճարտարապետՍամվել Դանիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալՆարեկ Սարգսյանը, տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալԴավիթ Երիցյանը: Արածն ու անելիքը ներկայացնող, հաշվետվությունների միտող զեկուցումներ էին, եւ միայն ԱԺ պատգամավորԼիլիթ Գալստյանիքննադատական ելույթն էր բավական խիստ: Այդ զեկուցումներից հետո եւ ՀԿ-ների ներկայացուցիչների` խնդիրներին անդրադարձներից առաջ փոխքաղաքապետԿամո Արեյանըլրագրողներին տված հարցազրույցում բարձրացված հարցադրումների մեջ լուրջ մտահոգություններ, ճիշտ է, տեսավ, բայց նաեւ նկատեց, որ Երեւանի տրանսպորտային եւ քաղաքաշինական հիմնախնդիրները ծրագրված հիմքի վրա են դրված արդեն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով` քաղաքաշինական կարեւորագույն փաստաթղթով, որը ներառում է քաղաքի զարգացման հեռանկարը` բոլոր ուղղություններով առաջիկա 20 տարիների համար:

Լսումներից Կամո Արեյանը եզրակացրել էր, որ նախ օրենսդրական բացերը եւ կրկնությունները պետք է վերացնել, հատկապես քաղաքաշինական հսկողության եւ վերահսկողության բնագավառում, քաղաքաշինական մի շարք փաստաթղթերի ընդունման ընթացակարգի պարզեցման խնդիրը դեռեւս կա, իսկ քաղաքի բնապահպանական խնդիրներն աստիճանաբար լուծում են ստանում:

Կամո Արեյանն ընդունեց, որ տրանսպորտի խնդիրը ծանրագույններից է, բայց եւ` Երեւանի վերջին 5 տարիների ծրագրով իրականացված ինժեներական կառույցների, ճանապարհաշինական օբյեկտների, հաղորդակցության խոշոր հանգույցների ստեղծումը հենց միտված է թեթեւացնելու մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները:

Երեւան քաղաքն ամբողջությամբ չի կարող լինել հատուկ կարգավորման օբյեկտ, այլ կարող են առանձնացվել հատուկ կարգավորման օբյեկտներ` պետք է ճշտել հարցադրումը` ուղղեց փոխքաղաքապետը լսումների օրակարգի հարցադրումներից հենց առաջինը: Կ. Արեյանը նաեւ անուն դրեց բարձրացված հարցադրումներին` կշռադատված-գործնական եւ էմոցիոնալ- մեկ օբյեկտի վերաբերյալ պատկերացմամբ:

Չգիտենք, թե այս երկու բաժանումից ո՞ր մեկում էր տեղավորվում Լիլիթ Գալստյանի ելույթը, որը փաստորեն առաջին ուղղորդող ելույթն էր, մի տեսակ կարծես խորհրդարանական կողմի տեսակետ ներկայացնող: Բոլոր դեպքերում նրա ելույթում հնչեցին համարյա թե բնապահպանԿարինե Դանիելյանիխստության աստիճանի գնահատականներ. մայրաքաղաքում եւ հատկապես կենտրոնում իրականացվող իրավիճակային, կետային բարձր խտության կառուցապատման արդյունքում Երեւանը «էկոլոգիական աղետի գոտու» վերածվելու ճանապարհին էՙ գետնամերձ օզոնը 2,2 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, վերջին տարիներին զրկվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների 2/3-ից, օդային ավազանը կորցրել է ինքնամաքրման հատկանիշը:

Կենտրոնի խիտ կառուցապատումը տրանսպորտային ուղիների գերծանրաբեռնվածություն է առաջացրել, երկրի շինարարական ողջ ծավալի 85-90 տոկոսի իրականացումը Երեւանում խաթարել է ներդաշնակ զարգացման, սոցիալական արդարության եւ համերաշխության սկզբունքը: Կառուցապատումների մեծ մասն իրականացվում է հանրային կարծիքի, մարդու իրավունքների, օրենքների եւ միջազգային կոնվենցիաների խախտմամբ:

Կառույցների սեյսմակայունության եւ հուսալիության անմխիթար վիճակի վերաբերյալ օրինակներ բերեց. «Աստված չանի` երկրաշարժ լինի, Սարյան 23-ի 9 հարկանի շենքը փլվելու է թիվ 29 դպրոցի վրա, Բաղրամյան 53-ի 14 հարկանի շենքը` թիվ 78 դպրոցի վրա, Թումանյանի բակի շենքը` Շահումյան դպրոցի վրա, մի նոր բարձրահարկ էլ խոյանում է Լեւոն Շանթի դպրոցի վրա: Նույնիսկ հակահրդեհային գոտիներ չեն թողնվել, որպեսզի փրկարարները կարողանան մոտենալ շենքերին», ասաց նա` նկատելով, որ տարածքներ գրավելու ճանապարհին չեն խնայվում անգամ դպրոցները, խախտվում են Երեւանի գլխավոր հատակագիծն ու գոտեւորման նախագիծը, արհամարհվում են քաղաքաշինական խորհրդի եւ նույնիսկ քաղաքապետի որոշումները, ինչի դեպքում պարզ քաղաքացիների շահերի մասին խոսելը միամտություն է: Քաղաքաշինական նորմերի խախտման, կետային կառուցապատմամբ Երեւանը խեղդելու, ապօրինի կցակառույցներով Երեւանի դեմքն աղավաղելու այլ օրինակներ եւս բերվեցին:

Բնականաբար` Նարեկ Սարգսյանն ու Սամվել Դանիելյանն իրենց զեկուցումներով նաեւ Լ. Գալստյանի բարձրացրած հարցերին անդրադարձան, սակայն տարողունակ թեման մեկ լրագրային նյութում տեղավորել հնարավոր չէ:

Ասենք, որ հերթական լսումներն ավարտվեցին` դրանցով խնդիրներին բան ավելացնել-պակասեցնելը` չգիտենք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4