«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2008-12-06 | #228, 2008-12-09 | #229, 2008-12-10


ԿՅԱՆՔ, ՈՐԸ ՆՎԻՐՎԵՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆԸ

Գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի մոտՊարիս Հերունումեծադիր լուսանկարն էր, շուրջբոլորը ծաղկեփնջեր էին եւ ծաղկեպսակներ: Այստեղ էին հավաքվել նրանք, ովքեր ցանկանում էին վերջին հրաժեշտը տալ մեծանուն գիտնականին:

Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Չիլինգարյանը մտերիմ էր գիտնականի հետ եւ ինչպես ինքն է ասում, լավ հարաբերությունները պահպանվել էին մինչեւ Պարիս Հերունու կյանքի վերջին օրերը:Յուրի Չիլինգարյանիգրասեղանին Պարիս Հերունու գիրքն է: Ակադեմիկոս քարտուղարը հանդես է գալու գործընկերոջը նվիրված վերջին ելույթով: «Պարիս Հերունին ռադիոտեխնիկական համակարգերի խոշոր մասնագետ էր: Մոսկվայում ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան եւ աշխատել Բյուրականի աստղադիտարանում: 1971 թվականին հիմնադրել է ռադիոչափումների ինստիտուտը, որը 2000 թվականից անվանվել է ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ: Խորհրդային Միության տարիներին Հերունու հիմնադրած ինստիտուտը միութենական նշանակություն ուներ: Բնավորությամբ մաքսիմալիստ էր, այդ իսկ պատճառով ձգտում էր եզակի սարքեր ստեղծել, իսկ առաջ քաշած գաղափարները խիզախ էին եւ նորարարական: Նա իսկական մտավորական էր: Իր կարծիքն ուներ ամեն առարկայի մասին: Սասանել այդ կարծիքը դժվար էր, գրեթե անհնար: Նա սիրված էր ժողովրդի կողմից: Ակադեմիկոսներ կան, որոնք աշխատում են աննկատ, Պարիսն այդպիսին չէր: Իսկ ժողովուրդն էլ ընդունել էր նրան», պատմեց Յուրի Չիլինգարյանը:

Մեծ գիտնականի վերջին հրաժեշտը տալու համար ակադեմիա էին շտապել նաեւ Չեխովի անվան դպրոցի աշակերտները: Պարիս Հերունու թոռը սովորում է այս դպրոցում, 9-րդ դասարանի աշակերտ է: Գիտնականին դպրոցականները լավ են ճանաչում, պատմում են, որ թոռնիկն անչափ հպարտ է գիտնական պապով: «Պարիս Հերունու թոռը` Միքայելը մեր համադասարանցին է: Նա եւս փայլուն գիտելիքներ ունի մաթեմատիկայից եւ ֆիզիկայից: Հաճախ էր ասում, եթե չկարողանամ որեւէ խնդիր լուծել, պապիկս կօգնի», ասացին աշակերտները:

Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահՅուրի Շուքուրյանըհիշում է, որ Պարիս Հերունին նաեւ հրաշալի նկարում էր, հատկապես ծաղիկներ: Գիտնականը Նկարիչների միության պատվավոր անդամ էր: «Զբաղվում էր նաեւ պատմությամբ: Հենց նա առաջ քաշեց այն վարկածը, որ Հայաստանում է կառուցված առաջին աստղադիտարանը դեռ 7500 տարի առաջ: Լայն դիապազոնի գիտնական էր: Էմոցիոնալ էր, իր գործն անում էր մեծ նվիրվածությամբ: Նա նախաձեռնեց արեւային էներգետիկայի ստացման գործը, ինչը, անշուշտ, կունենա իր հետեւորդները: Ակադեմիան մեծ կորուստ կրեց», ասաց Յուրի Շուքուրյանը:

Գիտնականի մտքի կենտրոնում տիեզերքն էր` գաղտնիքներով ու պատասխանի սպասող բազում հարցերով: Ժամանակին գիտնականն ասել էր. «Այնուամենայնիվ, ինչո՞ւ է դեռ տիեզերքը լռում: Որտե՞ղ են այլ քաղաքակրթությունների ձայները: Մենք դեռ չգիտենք, թե ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ ժամանակահատվածում են տիեզերքից գալիս այդ ազդանշանները եւ ի՞նչ հաճախականությամբ պետք է փնտրենք դրանք: Առ այսօր մեր բոլոր փորձերն ընդամենը նույնն են, ինչ դեզի մեջ ասեղ փնտրելը: Պետք է նաեւ հաշվի առնել, որ մենք գործ ենք ունենում ռադիո եւ օպտիկական տիրույթների մի մասի հետ միայն: Բայց չէ՞ որ կապի համար կարող են ծառայել բնության այլ ազդակներ, օրինակՙ գրավիտացիոն ալիքները, նեյտրինոն, ռենտգեն եւ գամմա ճառագայթները: Հավանաբար կապի շատ այլ ազդակներ էլ կան, որոնք դեռ մարդկությանը հատնի չեն»:

Ողջ կյանքը նա նվիրեց տիեզերքի լռության պատճառները բացահայտելուն: Նրա թողած ավանդը մարդկության մեկ քայլն է դեպի լռության առեղծվածի բացահայտում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4