«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2008-12-06 | #228, 2008-12-09 | #229, 2008-12-10


ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ-125

Սփյուռքահայ մտավորական մի քանի սերունդների վրա նշանակալի ազդեցություն թողած արձակագիր, գրաքննադատ, մանկավարժ Հակոբ Օշականը արեւելահայ հատվածի համար այնքան էլ ճանաչված հեղինակ չէ: Նրա գրական ստվար ժառանգությունը մեզանում, չնչին բացառությամբ, հրատարակված չէ: Վերջին տասնամյակներում միայն որոշակի քայլեր արվեցին Օշականի լեզվամտածողական բարդ շերտեր թափանցելու, դրանք ուսումնասիրելու նրա գրական ժառանգությանը ծանոթացնելու ուղղությամբ, եղան հրատարակություններ, Օշականն ընդգրկվեց բուհական մասնագիտական ծրագրերում, պաշտպանվում են դիսերտացիաներ, անցկացվում քննարկումներ:

Այս տարի Հակոբ Օշականի ծննդյան 125-ամյակն է (նաեւ մահվան 60-րդ տարելիցը): Գրողների միության կլոր սրահում Հակոբ Օշականին նվիրված երեկվա հանդիպումըՙ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության ամբիոնի, ԳԱԱ գրականության ինստիտուտի եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի կազմակերպությամբ, վարում էր Սուրեն Դանիելյանը:

Հակոբ Օշականը մեր արեւմտահայ հատվածի գրականության, թերեւս, ամենաշատ բանավեճերի առիթ տվող գրողներից մեկն է, նրա գրականությունըՙ հատկապես գրադատական միտքն ընկալվում է ոչ միարժեքորեն: Այս վերաբերմունքի պատճառը արեւելահայ գրական երեւույթների հանդեպ գրողի ունեցած տեսակետներն են, նրա գեղագիտական հայացքները, նաեւ ինքնատիպ լեզվամտածողությունըՙ շարահյուսական բազմաբարդ բառակառույցներով: Սակայն, ինչպես բանախոսները երեկ ասացին, նրա որոշ մոտեցումների ծայրահեղություններ չեն կարող ստվերել կամ նսեմացնել Օշականի գրական վաստակի արժեքը, նրա բերած նորամուծությունները, առհասարակ օշականյան մտածողական մշակույթը:

ԱկադեմիկոսՍերգեյ Սարինյանիանդրադարձում Օշականի գրականությունը քննվեց ստեղծագործական մանրամասն տարաշերտերով, առանձնացվեց նրա «ֆենոմենալ մոտեցումը կյանքին», երբ գրականություն մտնում է ոչ թե կյանքային իրական շարժումը, այլ կենսաբանական տարրը, էթնո-հոգեբանությունը. այդպես նա փորձել է բացատրել «թուրքի ֆենոմենոլոգիան» իր մի շարք պատմվածքներում:

ԳրականագետներՍամվել Մուրադյանը,Կիմ Աղաբեկյանը,Սուրեն Դանիելյաննանդրադարձան գրողի կյանքի, ստեղծագործական դրվագներին, ներկայացրին գրական, մանկավարժական գործունեությունը: Ժամանակները փոխվել են, եւ Օշականին տրված անցյալի գնահատականների (անգամ հայրենիքի թշնամի) կարծրատիպային մտածողության քանդման շրջանում չընդունելով հանդերձ արեւելահայ գրականության նրա դիրքորոշումները, որոշ կարծիքների ծայրահեղությունը (այս մասին նա արտահայտվել է 1942-ին Երուսաղեմում հրատարակված հայ գրականության դասագրքում), նաեւ արեւմտահայ գրողների, օրինակՙ Հ. Պարոնյանին եւ Ե. Օտյանին տված հակասական գնահատությունները, գրականագետները համոզված են, որ հարկ է արժանին մատուցել նրա մտավորական գործունեությանը, շուրջ 30 հատորի հասնող գրական-գիտական ժառանգությանը, որտեղ ուսանելի շատ արժեքներ կան: Նա նաեւ մեծ ուսուցիչ է եղել, այդպիսիներին ասում են երանելի, եւ իր սաները մեծ դեր են հետագայում ունեցել Մերձավոր Արեւելքի եւ հայաշատ այլ համայնքներում:

Հակոբ Օշականի գրական ժառանգության հրատարակությունը պատվախնդրորեն իրականացվել է սփյուռքումՙ իր աշակերտներից բեյրութահայ գրող Պողոս Սնապյանի մեծ ջանքերի շնորհիվ, որն, ինչպես նկատեցին բանախոսները, սփյուռքի պայմաններում մեծ իրագործում է. այդպիսի հրատարակություններ կարելի է ունենալ պետականության պայմաններում: Եվ, ահավասիկ, «օշականաճանաչումից օշականագիտության» անցման հայաստանյան անկախ պետականության այս շրջանում Հակոբ Օշականի ակադեմիական հրատարակության խնդիր է դրվում:

Հանդիպման հյուրերից հետաքրքրական էր Հ. Օշականիՙ Երուսաղեմի Ժառանգավորացի աշակերտ, ծագումով մուսալեռցիՊողոս Վրթանեսյանիպատմածը գրողի մասին, որին նա ներկայացրեց «որպես ուսուցիչ հոյակապ, աստվածային էության տեր»:

Պոլսի մերձակա Բուրսա քաղաքում ծնված Հակոբ Օշականը (Հակոբ Քյուֆեճյան) դժվար մանկություն է ապրել, վաղ հասակում զրկվել է հորից: Մետաքսաթելի մանարանում աշխատող մայրը ծանր աշխատանքով է մեծացրել որդուն, կրթության տվել: Սովորել է Բուրսայի ազգային վարժարանում, առաջին պատմվածքը («Առաջին արցունքը») գրել է 1902 -ին: 1921-ին «Խոնարհներ» ժողովածուով լուրջ հայտ է ներկայացրել արեւմտահայ գրական միջավայրում: Կյանքի հետագա շրջանն արտակարգ բեղուն է եղել: Մանկավարժությամբ է զբաղվել Երուսաղեմի Ժառանգավորաց եւ Կիպրոսի Մելգոնյան վարժարաններում: Երուսաղեմի մենախցում ճգնավորական կյանքի անցած գրողը ստեղծել է իր հիմնական աշխատանքները, բազմաթիվ պատմվածքներ, «Ծակ պտուկը» վիպակը, «Մնացորդաց» եռահատոր վեպը, արեւմտահայ գրականության վերջին հարյուրամյակի գրականագիտական համակարգված «Համապատկեր արեւմտահայ գրականության» 10-հատորյա ուսումնասիրությունը, «Հայ մատենագիրներ» դասագիրքը եւ այլն: Օշականը կատարել է նաեւ թարգմանություններ, տիրապետել է մի շարք օտար լեզուների: Բացառիկ ինքնատիպ անհատականություն է եղելՙ մտածողությամբ, նաեւ գրական սովորույթներով: Դժվարահաճ է եղել իր գրական համակրանքներում, Վահան Թեքեյանի հանդեպ ունեցել է առանձնակի վերաբերմունք, ընդունել է մասնավորապես Դոստոեւսկուն:

Հետաքրքրական է հատկապես 1915-ին Պոլսում գտնվող գրողի ճակատագիրը: Մեր երեք մեծերիՙ Վահան Թեքեյանի, Երվանդ Օտյանի եւ Կոստան Զարյանի պես նա էլ հրաշքով փրկվեց թուրքական արնածոր յաթաղանից: Պատսպարվել է պոլսահայ մի ընտանիքում, բազմիցս փախուստ է տվել թուրք ոստիկաններից, ութ անգամ ձերբակալվել է, բայց միշտ կարողացել է փախուստի դիմել: Վերջապես գերմանական սպայի համազգեստով նրան հաջողվել էՙ որպես գերմանացի ենթասպա, անցնել Բուլղարիա:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4