Նարե Արղամանյանի եւ Յուկիկո Շրեյմովայի փայլուն ելույթը զարդարեց երեկոն
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Դեկտեմբերի 8-ի երեկոյան Չեխիայի Սենատի սյունազարդ դահլիճում տեղի ունեցավ հայաստանյան երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված երեկոՙ հովանավորությամբ Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի եւ Չեխիայում ՀՀ դեսպանության: Ինչպես ավելի վաղ մեզ տրված բացառիկ հարցազրույցում ասել էր պարոն Սոբոտկան, երեկոյի գաղափարը բազմիցս քննարկվել էր իր եւ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումների ժամանակ, եւ իրենց ջերմ հարաբերությունների արդյունքը դարձավ նաեւ նման միջոցառման կազմակերպումը: Երեկոն իր ողջույնի խոսքով բացեց Սենատի նախագահը եւ անդրադարձավ 20 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքին, նշելով, որ չեխ ժողովուրդը այն տարիներին ոչ միայն մարդասիրական մղումներից ելնելով իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, այլեւ իբրեւ ազատության մի աննկարագրելի դրսեւորումՙ ընդդեմ նախկին վարչակարգի:
Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն էլ իր ելույթը ներկայացրեց չեխերենով, եւ արժանացավ լեփ-լեցուն դահլիճի ջերմ ընդունելությանը: Դեսպանը ներկայացրեց նախկին Չեխոսլովակիայի ժողովրդի ցույց տված բազմաշերտ օգնությունը երկրաշարժի ծանր օրերին եւ իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն կամավորներին, պաշտոնյաներին ու հասարակական կազմակերպություններին, անհատներին, որոնք իրենց նվիրվածությամբ արեցին ամեն ինչ Հայաստանի աղետի ենթարկված շրջաններին օգնություն ուղարկելու համար: Այնուհետեւ ներկաները դիտեցին երկրաշարժի օրերին նկարահանված չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի «Երկիր Արարատի ներքո» ֆիլմը: Ֆիլմի նկարահանումները կատարվել էին երկրաշարժից անմիջապես հետո: Ցուցադրվեց նաեւ մի տեսաֆիլմ, թե ինչ վիճակում է գտնվում Սպիտակում չեխական օգնությամբ 1991 թվականին կառուցված Շիրակացու անվան դպրոցը, որի տնօրեն Սամվել Մարկոսյանը իր շնորհակալական խոսքն էր ուղղել չեխ ժողովրդին:
Այնուհետեւ համերգային բաժնում ելույթ ունեցավ 2008 թվականի Մոնրեալի ամենահեղինակավոր միջազգային մրցույթի առաջին մրցանակի եւ եւս երկու հատուկ մրցանակների դափնեկիր վանաձորցի Նարե Արղամանյանը: Բախի, Բրամսի, Շոպենի եւ Ռախմանինովի աննկարագրելի վարպետությամբ կատարումները հաճելիորեն զարմացրին ներկաներին: Իսկ ճապոնուհի Յուկիկո Շրեյմովայի Կոմիտասի երգերի կատարումը Նարե Արղամանյանի նվագակցությամբ հիացրեց երեկոյի հանդիսականներին: Վերջում ներկաները հրավիրվեցին պաշտոնական ընդունելության: Ինչպես տեղեկացանք Վիեննայի ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանից Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի անունից նաեւ շնորհակալական պատվոգրեր եւ հուշանվերներ կհանձնվեն երկրաշարժի ժամանակ ակտիվ օգնություն ցուցաբերած անհատներին: Երեկոյից հետո նման պատվոգրերի արժանացան սենատոր, նախկին հեռուստալրագրող Յարոմի Շտետինան, հեռուստալրագրող Դանա Մազալովան, «Արմենիա» ակումբի նախագահ, նկարիչ Տիգրան Աբրահամյանը: